Նոր տարի, նոր փոքրիկներ. Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը

2020թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում երկրների ղեկավարներին ավելի շատ ներդրումներ ուղղել բուժաշխատողների վերապատրաստմանն ու համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի հնարավոր լինի փրկել յուրաքանչյուր նորածնի կյանքը

01 Հունվար 2020
Չորս նորածին պառկած են ծննդատան իրենց սենյակում։
UNICEF/UN091054

Երևան, 1-ը հունվարի, 2020թ։ ՅՈՒՆԻՍԵֆ-ն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը։ Աշխարհում այս խորհրդանշական օրը ծնվող 10,000 երեխայից երեքը լույս աշխարհ կգան Հայաստանում։

«Նոր տարվա ու նոր դարաշրջանի սկիզբը հնարավորություն են տալիս մեզ վերագնահատելու մեր հույսերն ու սպասելիքները ոչ միայն մեր ապագայի, այլև մեր ապագա սերունդների հանդեպ»- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը։ «Յուրաքանչյուր հունվար մենք կրկին վերարժևորում ենք այն պոտենցիալը, որին յուրաքանչյուր երեխա կարող է հասնել, եթե միայն ունենա դրա հնարավորությունը»։

Հավանաբար խաղաղօվկիանոսյան Ֆիջիում կծնվի 2020թ-ի առաջին փոքրիկը, իսկ ԱՄՆ-ում՝ այդ օրվա վերջին փոքրիկը։ Ընդհանուր առմամբ, ստորև նշված ութ երկրներում են ծնվելու տարվա առաջին օրվա նորածինների կեսը․

  1. Հնդկաստան- 67,385
  2. Չինաստան- 46,299
  3. Նիգերիա-26,039
  4. Պակիստան-16,787
  5. Ինդոնեզիա- 13,020
  6. ԱՄՆ-10,452
  7. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-10,247
  8. Եթովպիա-8,493

Յուրաքանչյուր հունվար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է երեխաների ծնունդը, քանի որ նոր տարվա սկիզբը իսկապես տոն է, սակայն ցավոք, շատ երեխաների համար իրենց ծննդյան օրը այդպես էլ տոն չի դառնում։

2018թ-ին 2,5 մլն երեխա չի ապրել մինչ իր մեկ ամսական լրանալը, իսկ նրանցից 1/3-ը մահացել է իր ծննդյան հենց առաջին օրը։ Այս երեխաների կյանքը մեծամասամբ կարելի էր փրկել, քանի որ պատճառները կանխարգելելի էին․ վաղաժամ ծնունդ, ծննդաբերական բարդություններ, սեպսիսի նման ինֆեկցիաներ և այլն։ Ավելին, ամեն տարի ավելի քան 2,5 մլն երեխա մահացած է ծնվում։

Վերջին երեք տասնամյակներում, աշխարհը մեծ առաջընթաց է գրանցել՝ ավելի քան կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը։ Սակայն արդյունքները նույնքան տպավորիչ չեն նորածինների համար։ 2018թ-ին մանկական մահերի 47 տոկոսը պատահել են մինչև երեխայի մեկ ամսական լրանալը, ինչը բարձր է 40 տոկոսով նույնիսկ 1990թ-ի ցուցանիշից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կյանք յուրաքանչյուր երեխայի համար արշավը կոչ է անում հրատապ ներդրումներ ուղղել բուժաշխատողների վերապատրաստմանը, նրանց զինել համապատասխան սարքավորումներով և դեղորայքով՝ այդպիսով ապահովելով, որ յուրաքանչյուր մայրիկ և յուրաքանչյուր նորածին հմուտ ձեռքերում լինեն, քանի որ հմուտ մասնագետները կարող են կանխարգելել և հաղթահարել հղիության, ծննդաբերության և կյանքի ընթացքում ի հայտ եկած բոլոր բարդությունները։

«Շատ մայրիկների և նորածինների համար, սակայն, վերապատրաստված բուժաշխատողները և համապատասխան սարքավորումները հասանելի չեն, ուստի կորուստներն էլ վիթխարի են,- ասաց տիկին Ֆորը։ «Մենք կարող ենք ապահովել, որ միլիոնավոր երեխաներ ծնվեն առողջ և ապրեն առողջ, եթե նրանց համար ապահովենք համապատասխան միջավայր ու հմուտ բուժաշխատողներ»։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի՝ Վրաստանում Ամանորի առաջին օրը կծնվեն 145, իսկ Ադրբեջանում՝ 433 փոքրիկներ։

190 երկրների ամբողջական գնահատականին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: