Նոր տարի, նոր կյանք։ Հունվարի 1-ին Հայաստանում ավելի քան 111 երեխա կծնվի. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործունեության արդեն 75 -րդ տարին է նվիրում երեխաների համար ավելի բարեկեցիկ աշխարհ կերտելուն. 2021 թվականը մեզ համար հոբելյանական է:

01 Հունվար 2021
Նոր ծնված աղջնակ։
UNICEF Armenia/2018/Osipova

Նյու Յորք, 1-ը հունվարի 2021 թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, նոր տարվա առաջին իսկ օրը Հայաստանում լույս աշխարհ կգա գրեթե 111 երեխա: 2021 թ-ի տարեմուտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին տոնում է նոր կյանքը՝ մանկան ծնունդը։ 2021թ-ի առաջին փոքրիկը, հավանաբար, կծնվի խաղաղօվկիանոսյան Ֆիջիում, օրվա վերջին ծնունդը բաժին կընկնի ԱՄՆ-ին: Ընդհանուր առմամբ, Ամանորի նորածինների կեսից ավելին ծնվելու են հետևյալ տասը երկրներում. Հնդկաստան (59,995), Չինաստան (35,615), Նիգերիա (21,439), Պակիստան (14,161), Ինդոնեզիա (12,336), Եթովպիա (12,006), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (10,312), Եգիպտոս (9,455), Բանգլադեշ (9,236) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (8,640)։

Հունվարի 1-ին աշխարհում ծնված 371,504 փոքրիկների 0,03 տոկոսը լույս աշխարհ կգա Հայաստանում։ Նրանց կյանքի ակնկալվող միջին տևողությունը կկազմի 86 տարի։

«Բոլորիս համար շատ բարդ տարի էր, և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդները, վերականգնել դրական էներգիան և վերահաստատել Հայաստանի և աշխարհի բոլոր փոքրիկների համար ավելի լավ աշխարհ կերտելու մեր հանձնառությունը», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։ «Անցյալում թողնելով 2020 թվականի դժվարությունները, ժամանակն է 2021-ին առաջնահերթություն դարձնել նոր հնարավորություններն ու լուսավոր ապագայի հույսը՝ յուրաքանչյուր երեխայի համար։

Հայաստանում ամենատարածված երեխայի անունները՝ ըստ Ազգային վիճակագրության ծառայության 2019 թ-ի տվյալների

Արական Իգական
Դավիթ Նարե
Նարեկ Մարիա
Հայկ Արփի
Մարկ Եվա
Տիգրան Անգելինա

 

2021-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է հիմնադրման 75-ամյակը։ Տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հրապարակային տարբեր միջոցառումներով կվերհիշեն ու հանրությանը կներկայացնեն, 75 տարիների աշխատանքը՝ հանուն երեխաների, որոնք հայտնվել են տարբեր իրավիճակներում՝ հիվանդություններ, հակամարտություն, մեկուսացում, նաև պայքարը՝ նրանց ապրելու, առողջության և կրթության իրավունքի համար։

Այսօր, երբ աշխարհը բախվել է համաճարակի, տնտեսական անկման, աղքատության աճի, անհավասարության հետևանքով առաջացած բազում դժվարությունների, մենք, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքն առավել քան կարևոր է։

«2021 թվականը կարևորագույն տարի է լինելու երեխաների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար։ Այս տարի մենք տոնում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի 75-ամյակը և Հայաստանում մեր նոր՝ 2021-2025թթ․ ծրագրի մեկնարկը։ Մեր գործընկերների հետ համատեղ աշխատելու ենք, որպեսզի այսօր ծնված երեխաները վաղը հնարավորություն ունենան բացահայտելու իրենց ողջ ներուժը, որպեսզի, ըստ արժանվույն, նպաստեն երկրի զարգացմանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների բարեկեցությանն ուղղված արդեն ¾ դար տևողությամբ աշխատանքը և դրա արդյունքները, վկայությունն են նրա, թե ինչ հաջողությունների կարող ենք հասնել՝ միասնականության շնորհիվ։ Այս Նոր տարուն մենք վերահաստատում ենք երեխաներին պաշտպանելու, նրանց իրավունքների մասին խոսելու և նրանց ձայնը լսելի դարձնելու մեր խոստումը»․ եզրափակեց տիկին Քլարկ-Հաթինգը։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: