Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար

21 Նոյեմբեր 2018
Երեխաները ՀՀ նախագահի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ՀՀ կրթության և գիտության նախարարի ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ մեկ շրջանով նստած քննարկում են իրենց հուզող հարցերը:
UNICEF Armenia/2018/Neo

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:
 
Հանդիպման սկզբում 7-րդ դասարանի աշակերտ Գոռ Համբարձումյանը խոսեց ներառման մասին, ինչպես նաև հատուկ և այսօր արդեն հանրակրթական դպրոցներում ուսանելու իր փորձի, ընկերներ գտնելու և ապագայում հայտնի երգիչ դառնալու ծրագրերի մասին:
 
Վալերիյ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Նարեն խոսեց երեխաների լսված լինելու և իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացին մասնակից լինելու իրավունքների մասին:
12-րդ դասարանի աշակերտ Հայկը կոչ արեց ուշադրություն դարձնել սոցիալական, այն է՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում արվող պետական և մասնավոր ներդրումներին, որոնք լավագույնս կապահովեն յուրաքանչյուր երեխայի զարգացումը:
 
Աշտարակից աշակերտուհի Աննան շարունակեց երեխաների օպտիմալ զարգացման թեման՝ կարևորելով անհրաժեշտ ծառայությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ բնակության վայրից:
 
16-ամյա Դիանան խոսեց երեխաների կյանքում հոր դերի կարևորության մասին, իսկ 17.am-ի երիտասարդ թղթակցուհի Մարիամը ներկայացրեց կյանքում և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների պակասի խնդիրը, որին բախվում են բազմաթիվ աշակերտներ կրթական համակարգում դրանք ձեռք չբերելով:
 
Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
 
Գլոբալ նախաձեռնության շրջանակում այս շաբաթ աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն իրենց ձեռքն են վերցնում զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Հայաստանում նոյեմբերի 20-ին երեխաները մասնակցեցին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական և «Բարի լույս» ծրագրերի եթերին, որի շրջանակում զրուցեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ, իսկ երեկոյան մեկնաբանեցին մարզական լուրերն և ներկայացրեցին եղանակի տեսությունը:
 
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի հնարավորը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան 1992 թվականին, իսկ 2019 թվականին ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեին կներկայացնի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իր պարբերական զեկույցը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

Մուլտիմեդիա բովանդակություն

ՀՀ Նախագահը և Երեխաների համաշխարհային օրվան նվիրված քննարկմանը ելույթ ունեցող երիտասարդները:

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները հնչեցրեցին իրենց հուզող խնդիրները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում