ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աղքատ երեխաների օգտին ներդրումներ կատարելը, ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց, ավելի շատ կյանքեր է փրկում

Եթե ավելի արագ կերպով չկրճատենք մանկական մահացությունը, ապա մինչև 2030թ.-ը գրեթե 70 միլիոն երեխա կմահանա նախքան հինգ տարեկան դառնալը

28 Հունիս 2017
Մայրը գրկել է փոքրիկ աղջնակին Մալավիի կլինիկաներից մեկում
UNICEF/UN066838/Hubbard
2 տարեկան Շակաիրան (Shakaira) մոր գրկում մալարիայի դեմ պայքարի համար նախատեսված դեղամիջոց է ստանում Մալավիի կլինիկաներից մեկում:

Հունիսի 28, 2017թ., Նյու Յորք – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության՝ ամենախոցելի երեխաների և համայնքների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ կատարելը ծախսված գումարի դիմաց ավելի մեծ օգուտ է բերում: Ամենախոցելի երեխաների կարիքների համար ծախսված ամեն 1 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց երկու անգամ ավելի կյանքեր է հնարավոր փրկել, քան եթե այդ գումարը ծախսվեր ավելի քիչ խոցելի կամ այլ խմբերի շրջանում:

 «Ապացույցն ուժեղ է. ամենաաղքատ երեխաների օգտին ներդրում կատարելը ճիշտ է ոչ միայն սկզբունքորեն, այլև գործնականորեն՝ ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց ավելի շատ կյանքեր են փրկվում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Սա էական նորություն է այն կառավարությունների համար, որոնք աշխատում են վերջ դնել մանկական կանխելի մահերին, այն էլ այս ժամանակահատվածում, երբ ծախսված յուրաքանչյուր դոլար կարևոր է: Խոցելի երեխաների առողջապահության ծրագրերում ներդնելը փրկում է նրանց ապագան և օգնում է դադարեցնել աղքատության միջսերնդային շղթան: Առողջ երեխան դպրոցում ավելի շատ բան սովորելու և որպես չափահաս, ավելի շատ գումար վաստակելու ավելի լավ հնարավորություն ունի»:

 Եթե մանկական մահացությունը ավելի արագ կերպով չկրճատվի, ապա մինչև 2030թ.-ը գրեթե 70 միլիոն երեխա կմահանա նախքան հինգ տարեկան դառնալը:

 Ուսումնասիրությունը հիմնված է 51 երկրներից հավաքագրված տվյալների վրա, որտեղ գրանցվում են աշխարհում նորածինների և մինչև հինգ տարեկան երեխաների մահերի գրեթե 80 տոկոսը: Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ մանկական մահացությունը երեք անգամ ավելի արագ կերպով կարելի է կրճատել, եթե ներդրում է արվում աղքատ խմբերի շրջանում առողջապահական ծրագրերի հասանելիությունը բարելավելու ուղղությամբ, ի տարբերություն ոչ աղքատ խմբերի:

 Նոր տվյալներ և մոդելավորման գործիքներ օգտագործելով, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աղքատ երեխաների ուղղությամբ ներդրում կատարելը 1.8 անգամ ավելի ծախսարդյունավետ է կյանքեր փրկելու տեսանկյունից:

 Ուսումնասիրությունն ընտրել է առողջապահական 6 գլխավոր միջամտություններ, որտեղ հաշվի են առնվել ծառայությունների հասանելիությունը. միջատասպան մահճակալային ցանցերի կիրառությունը, կրծքով կերակրման վաղ նախաձեռնումը (ծնվելուց հետո 30-60 րոպեների ընթացքում), հետծննդյան խնամքը, պատվաստումներ տրամադրումը, ծննդաբերության ընթացքում հմուտ մանկաբարձի ներկայությունը, ինչպես նաև փորլուծություն, տենդ կամ թոքաբորբ ունեցող երեխաների համար համապատասխան խնամքի տրամադրումը:

 Ուսումնասիրությունը մասնավորապես բացահայտել է, որ՝

- Վերջին տարիների ընթացքում բարձր արդյունավետություն ունեցող առողջապահական և սնուցման ծառայությունների հասանելիությունն ամենաարագ կերպով բարելավվել է աղքատ խմբերի շրջանում, ինչի արդյունքում կրճատվել է անհավասարությունը:

- Քանի որ աղքատ խմբերում ծնունդների թիվն ավելի բարձր է, քան ոչ աղքատ խմբերում, աղքատ համայնքներում հինգ տարեկանից ցածր մահացության կրճատումը նշանակում է յուրաքանչյուր միլիոն մարդու հաշվով 4.2 անգամ ավելի փրկված կյանք:

- Ուսումնասիրության 51 երկրներում 1.1 միլիոն փրկված կյանքերի գրեթե 85 տոկոսը աղքատ երեխաների շրջանում էր:

- Չնայած որ աղքատների շրջանում ծառայությունների հասանելիությունը բարելավելու համար մեկ շնչի հաշվով ավելի շատ գումար է պահանջվում, քան ոչ աղքատների դեպքում, յուրաքանչյուր ներդրված 1 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե երկու անգամ ավել կյանքեր են փրկվում, քան ոչ աղքատ խմբերի շրջանում:

 Ուսումնասիրության արդյունքները երևան են գալիս խիստ էական ժամանակահատվածում, երբ կառավարությունները շարունակում են աշխատանքը Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնցից մեկը ենթադրում է մինչև 2030 թվականը վերջ դնել նորածինների և հինգ տարեկանից ցածր երեխաների շրջանում կանխելի մահերին: Երեխաների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ կատարելը կարող է նաև նպաստել Կայուն զարգացման այլ նպատակների իրականացմանը, ինչպիսին է, օրինակ, աղքատության վերացումը (ԿԶՆ 1):

 Զեկույցի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում երկրներին գործնական քայլեր ձեռնարկել ՝ նվազեցնելու անհավասարությունները, այդ թվում՝

  • Ավելի շատ ներդրում կատարել երեխաների մահացության ամենագլխավոր պատճառների կանխման և վերացման օգտին,
  • Բարելավել որակյալ առողջապահական խնամքի հասանելիությունը,
  • Նորարարության միջոցով անհասանելի մարդկանց հասնելու միջոցներ գտնել և
  • Տարանջատել առկա վիճակագրությունը առավել աղքատ երեխաներին գտնելու նպատակով,
  • Ընտանեկան հարցումների ու ազգային տեղեկատվական համակարգերի միջոցով մշտադիտարկել անհավասարությունները:

«Լրացնելով բացերը. ամենաաղքատ երեխաների օգտին ներդրում կատարելու զորությունը» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում