ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի և ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսի համատեղ հայտարարությունը «Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման մասին» միջազգային օրենսգրքի ընդունման 40-ամյակի կապակցությամբ

22 Մայիս 2021
Թոարիկը կուրծք է ուտում՝ ուշադիր նայելով մայրիկին:
©UNICEF Armenia/2015/Kirakosyan

ՆՅՈՒ ՅՈՐՔ /ԺՆԵՎ, 22-ը մայիսի, 2021 թ.: «Աշխարհի տարբեր երկրներից ժամանած առողջապահության ոլորտի պաշտոնատար անձինք 1981 թ.-ին հավաքվել էին Առողջապահության համաշխարհային ասամբլեայում՝ լուծելու մանկական և մանկահասակ երեխաների սնունդ արտադրող ընկերությունների ագրեսիվ շուկայավարման մարտավարությունը, որը խթանում էր կրծքի կաթի փոխարինիչները կրծքով կերակրման փոխարեն՝ կտրուկ ավելացնելով նորածինների հիվանդացության և մահացության մակարդակը: Արդյունքում ընդունվեց «Կրծքի կաթի փոխարինիչների մասին» շուկայավարման միջազգային օրենսգիրքը (այսուհետ՝օրենսգիրք), որը նախատեսված էր կարգավորելու ոլորտի քաղաքականությունն ու կանխելու կոմերցիոն շահերը, որոնք կարող էին վնասել կրծքով կերակրմանը՝ վտանգելով աշխարհի ամենափոքրիկ բնակիչների առողջությունն ու սնուցումը:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում գրանցվել է բացառապես կրծքով կերակրման 50 տոկոս աճ: Արդյունքում, ըստ գնահատականների, շուրջ 900 միլիոն նորածին ամբողջ աշխարհում օգտվել է կյանքի պահպանման, աճի և զարգացման՝ բացառապես կրծքով կերակրման արդյունքում ի հայտ եկող օգուտներից:

Կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի կյանքի ողջ ընթացքում՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով: Դա նաև նվազեցնում է ընտանիքների, առողջապահական հաստատությունների և կառավարությունների ծախսերը: Կրծքով կերակրումը երեխաներին պաշտպանում է վարակներից և կյանքեր փրկում: Այն նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ:

Այսուհանդերձ, կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ շուկայավարումը շարունակում է հետ պահել կանանց կրծքով կերակրումից` վտանգելով ինչպես երեխաների, այնպես էլ մայրերի առողջությունը:

«Կրծքի կաթի փոխարինիչների մասին» շուկայավարման միջազգային օրենսգիրքը ընդունելու 40-ամյակն առիթ է ընդգծելու այն նշանակալի առաջընթացը, որ գրանցվել է կրծքով կերակրման հսկայական օգուտները հասկանալու, կրծքով կերակրումը պաշտպանելու և խթանելու գործում, բայց նաև հիշեցնում՝ դեռ կատարվելիք աշխատանքի մասին:

Պետությունների հիմնական մասը, ներպետական ակտերով կյանքի է կոչել օրենսգրքի առնվազն որոշ դրույթներ: Սակայն, ցավոք, միայն 25 պետություն է միջոցառումներ իրականացրել, որոնք լիարժեք համահունչ են օրենսգրքին:

Օրենսգիրքն այսօր նույնքան արդիական է, որքան 40 տարի առաջ: Անցյալ տարի մանկական սննդի որոշ արտադրողներ, ՔՈՎԻԴ-19 համավարակն օգտագործել են իրենց արտադրանքը խթանելու համար՝ տեղեկատվություն տարածելով, թե կրծքով կերակրումը կարող է կորոնավիրուսի փոխանցման պատճառ հանդիսանալ: ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհուրդը պարզ է՝ մայրերը, որոնք կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու կամ ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, պետք է շարունակեն կրծքով կերակրել:

Օրենսգրքի ընդունման 40-ամյակի առթիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն պետություններին, բուժաշխատողներին և մանկական սնունդ արտադրող ընկերություններին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել և պահպանել օրենսգրքի պահանջները՝

  • Կառավարությունները պետք է ընդունեն և կիրառեն համապատասխան օրենքներ՝ թույլ չտալու, որ կրծքով կերակրումը, նորածինների և մանկահասակ երեխաների օպտիմալ սնուցումը, ինչպես նաև երեխաների և կանանց առողջությունը, այդ թվում՝ հղիության և կրծքով կերակրման ժամանակ, երկրորդ պլան մղվեն:
  • Բուժաշխատողները պետք է պաշտպանեն, խթանեն և աջակցեն կրծքով կերակրմանը: Նրանք չպետք է ընդունեն այն ընկերությունների հովանավորությունը, որոնք նորածինների և մանկահասակ երեխաների համար սնունդ են վաճառում կրթաթոշակների, մրցանակների, դրամաշնորհների, հանդիպումների կամ միջոցառումների դիմաց:

Նորածինների և մանկահասակ երեխաների սնունդ արտադրող ընկերություններն ամբողջ աշխարհում պետք է հրապարակայնորեն հանձն առնեն և ամբողջությամբ իրականացնեն «Կրծքի կաթի փոխարինիչների մասին» շուկայավարման միջազգային օրենսգրքի դրույթներն ու հետևեն Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընդունած համապատասխան բանաձևերին

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: