ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիամ Նիսոնը գլխավորում է կազմակերպության ջանքերն ուղղված համաշխարհային իմունականխարգելման շաբաթվան
Մինչև մայիսի 10-ը #LongLifeForAll հեշթեգի կիրառմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ին նշող գրառումների յուրաքանչյուր «like»-ի, «share»-ի կամ մեկնաբանության դիմաց 1 ԱՄՆ դոլար կհատկացվի կազմակերպությանը:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 27 ապրիլի, 2022թ. - ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիամ Նիսոնը տեսանյութ է հրապարակել, որով միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ իմունականխարգելմանն ուղղված նախաձեռնությունը. Տեսանյութում դերասանը շնորհակալություն է հայտնում գիտնականներին, ծնողներին, բուժաշխատողներին և այլոց, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել վերջին երկու տասնամյակում երեխաների իմունացման գործում:
Իմունականխարգելման համաշխարհային շաբաթվան ընդառաջ թողարկված տեսանյութում Նիսոնը խոսում է այն մասին, թե ինչպես են Յոնաս Սալկի նման գիտնականների (վերջինս ստեղծել է առաջին պատվաստանյութը պոլիոմիելիտի դեմ), դեղագործների և բուժաշխատողների ջանքերը հնարավոր դարձրել, որ յուրաքանչյուր տարի երկուսից երեք միլիոն երեխայի կյանք փրկվի:
«Պատվաստանյութերը մարդկային հաջողության ուշագրավ օրինակ են: Վերջին 75 տարիներին միլիարդավոր երեխաներ են պատվաստվել: Եթե դուք ևս պատվաստվել եք կամ պատվաստել ձեր երեխային, ապա այս հաջողությունը ամրապնդելու մաս եք կազմել հանուն ամբողջ մարդկության անվտանգության,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Նիսոնը: - Մենք ապրում ենք՝ չմտահոգվելով ջրծաղիկով վարակվելու մասին: Նախկինում սոսկալի ախտորոշում համարվող պոլիոմիելիտն այլևս չի սպառնում աշխարհի մեծ մասին: Վերջին տարիներին պատվաստանյութերի մասին խոսակցություններում անտեսվում է յուրաքանչյուրիս համար դրանց կարևոր նշանակությունը: Մենք պետք է նշանավորենք այս իրողությունը: Սա, թերևս, մարդկության պատմության ամենախոշոր հավաքական նվաճումներից է»:
Մինչև մայիսի 10-ը սոցիալական մեդիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ին նշող #longlifeforall հեշթեգի կիրառմամբ կատարված գրառումների յուրաքանչյուր «like»-ի, «share»-ի կամ մեկնաբանության դիմաց Միավորված ազգերի հիմնադրամի Shot@Life campaign արշավի և Bill & Melinda Gates հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին կհատկացվի 1 ԱՄՆ դոլար՝ մինչև 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ օգնելու, որ բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ կենսական նշանակության պատվաստանյութերը:
Չնայած տասնամյակների հաջողություններին՝ դեռևս մտահոգիչ է այն, որ 2020 թվականին 23 միլիոն երեխա բաց է թողել իր պլանային պատվաստումները: Այս թիվը կարելի է նվազեցնել միայն իմունականխարգելման գործում ավելի վճռական հանձնառության և իմունացման ծառայություններում ավելի խոշոր ներդրումներ կատարելու միջոցով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի առաջատար մատակարարն է աշխարհում՝ դրանք հասցնելով ավելի քան 100 երկրի երեխաներին: Gavi ալյանսի և գործընկերների հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատակարարում է պատվաստանյութեր, որոնք հասնում են աշխարհի՝ 5 տարեկանից ցածր երեխաների 45 տոկոսին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է ավելի քան 130 երկրների կառավարությունների հետ՝ ազգային առողջապահական և իմունացման ծրագրերն ամրապնդելու համար:
«Վերջին երկու տարիները մեզ սովորեցրել են, որ եթե առողջապահական համակարգը որոշ երեխաների թողնում է առանց պաշտպանության, ապա այն կարելի է համարել առողջապահական այնպիսի համակարգ, որը բոլոր երեխաներին է թողնում առանց պաշտպանության,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասսելը: - Աշխարհում այս համավարակից վերականգնվելու, ինչպես նաև առողջապահական ապագա արտակարգ իրավիճակներին պատրաստվելու լավագույն միջոցն ավելի ուժեղ առողջապահական համակարգեր ունենալու համար ներդրում կատարելն է, յուրաքանչյուր երեխայի՝ իմունականխարգելման և առողջապահական կարևորագույն ծառայություններով ապահովելը»:
Իմունականխարգելման համաշխարհային շաբաթը, որ նշվում է ամեն տարի՝ ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այն միավորում է համաշխարհային գործընկերներին՝ խթանելու պատվաստանյութերի կիրառումը՝ բոլոր տարիքի մարդկանց հիվանդություններից պաշտպանելու համար: Այս տարվա թեման է՝ #LongLifeForAll (թարգ.՝ երկար տարիների կյանք):
Մամուլի հարցերով պատասխանատու
Մուլտիմեդիա բովանդակություն
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: