ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկեր կառույցները ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելմանն ուղղված ուղեցույց են հրապարակել կրթական հաստատությունների համար

Ուղեցույցը ներառում է գործնական քայլեր, ինչպես նաև՝ դպրոցների վարչական անձնակազմի, ուսուցիչների, ծնողների և երեխաների համար նախատեսված ստուգաթերթեր

27 Ապրիլ 2020
Շիրակի մարզի դպրոցներից մեկի 5-րդ դասարանում մաթեմատիկայի դաս է։
UNICEF/Anush Babajanyan VII

Ժնև/Նյու Յորք, 8-ը մայիսի, 2020թ.։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջագային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուղեցույց են հրապարակել, որի նպատակն է՝ օգնել երեխաներին և դպրոցներին պաշպանվել ՔՈՎԻԴ-19-ը վարակից։ Ուղեցույցը կարևոր նկատառումներ և գործնականում կիրառվող ստուգաթերթեր է ներառում դպրոցներն անվտանգ պահելու համար։ Այն նաև խորհուրդներ է տրամադրում ազգային և տեղական իշխանություններին առ այն, թե ինչպես կրթական հաստատություններում հարմարեցնել և իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր։ 
 
Դպրոցների փակ լինելու պարագայում ուղեցույցը առաջարկություններ է տալիս այն մասին, թե ինչպես մեղմել հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների կրթության և բարեկեցության վրա։ Սա նշանակում է կայուն ծրագրերի առկայություն, որոնք կապահովեն ուսուցման շարունակականությունը, այդ թվում` հեռավար ուսուցման տարբերակներով, օրինակ՝ առցանց կամ հեռուստա և ռադիոհեռարձակումների տեսքով։ Սա նաև նշանակում է հիմնական ծառայությունների հասանելիություն բոլոր երեխաների համար։ Այս ծրագրերը պետք է ներառեն նաև անհրաժեշտ քայլեր դպրոցների անվտանգ վերաբացման համար։
 
Այն դեպքերում, երբ դպրոցները շարունակում են գործել, և որպեսզի երեխաները և իրենց ընտանիքները պաշտպանված և տեղեկացված լինեն, ուղեցույցը կոչ է անում՝

  • երեխաներին տեղեկատվություն տրամադրել վարակից պաշտպանվելու միջոցների մասին,
  • խրախուսել լվանալ ձեռքերը և պահպանել անձնական հիգիենան, ինչպես նաև՝ ապահովել կրթական հաստատությունները հիգիենայի պարագաներով,
  • մաքրել և ախտահանել դպրոցները, հատկապես՝ սանհանգույցները, ինչպես նաև՝
  • բարելավել օդափոխությունը:

Անկախ այն հանգամանքից գործում են, թե հեռավար ուսուցում իրականացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է դպրոցներին՝ աշակերտներին տրամադրել ամբողջական աջակցություն, որը ներառում է հոգեբանական աջակցություն ևս։ Ուղեցույցը տրամադրում է նաև օգտակար խորհուրդներ և ստուգաթերթեր ծնողների, խնամակալների, ինչպես նաև՝ հենց իրենց՝ աշակերտների համար։
 
Հայաստանում դպրոցների վերաբացումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ աջակցելու է կրթական այս հաստատությունների ախտահանման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև՝ տրամադրելու է հիգիենայի անհրաժեշտ պարագաներ ու տեղեկատվական պաստառներ:
 
Հայաստանում հեռավար ուսուցման առկա իրավիճակի և կրթության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի արձագանքի մասին ավելին՝ այստեղ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: