ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» վերագործարկում են դեռահասների և երիտասարդների համար նախատեսված, Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը

29 Սեպտեմբեր 2021
UNICEF Deputy Representative playing with adolescent girl at Gyumri Safe Spaces Centre
UNICEF Armenia/2021/Khachatryan

Գյումրի, 29-ը սեպտեմբերի, 2021 թվական:  ՅՈՒՆԻՍԵՖ-ին են միացել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը՝ վերագործարկելու Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը Գյումրիում: Հիմնադրվելով 2018 թվականին՝ կենտրոնը չուներ ռեսուրսներ և համապատասխան հարմարություններ Գյումրի քաղաքում և հարակից շրջաններում բնակվող ավելի մեծ թվով դեռահասների և երիտասարդների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ծառայություններ մատուցելու համար:

2021 թվականի մարտին ԼՂ հակամարտությանը դրա մարդասիրական արձագանքի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ եղավ կենտրոնը վերանորոգելու, վերակառուցելու և մատչելի դարձնելու գործին, որպեսզի համայնքը կարողանա  ծառայություններ մատուցել ավելի մեծ թվով շահառուների: Կենտրոնի նպատակն է՝ բարելավել դեռահասների և երիտասարդների բարեկեցությունը,  հնարավորություն տալ նրանց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, ինչպես նաև ուսման, հմտությունների և կարողությունների զարգացման, այդ թվում շրջապատ ստեղծելու հնարավորություններ ընձեռել՝ դրանով իսկ բարելավելով ապագայում աշխատանք ունենալու հավանականությունը:

«Իր ծրագրերի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ -ը պարտավորություն է ստանձնել ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաների և դեռահասների համար: Առաջիկա 12 ամիսների ընթացքում մենք կօգնենք վերանորոգել, վերակառուցել և հիմնել ևս 10 կենտրոն ամբողջ Հայաստանում: Այդ կենտրոնները մենք անվանում ենք «ապահով վայրեր», քանի որ դրանք տարբեր ծառայություններ են մատուցում երեխաներին և դեռահասներին, այդ թվում պաշտպանություն չարաշահումներից, անտեսումից, շահագործումից կամ բռնությունից, ինչպես նաև հոգատար խնամք, ինչն օգնում է նրանց հաղթահարել տարատեսակ դժվար իրավիճակները կյանքում և վերականգնվել», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

ՄԱԿ -ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ -ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ն բարելավել են կենտրոնի կանաչապատ տարածքը,  այն մատչելի դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել են ցուցանակներ, երեկոյան լուսատուներ, թեքահարթակ, հեծանիվների կայանատեղի: Կենտրոնում տեղադրվել են նաև արևային վահանակներ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ ներսում այն վերանորոգվել է՝ մատչելի դառնալով հաշմանդամություն ունեցող անձնանց համար:

«Նման կենտրոնները չպետք է շքեղություն լինեն: Դրանք անհրաժեշտություն են Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար: Ապահով վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասները կարող են զբաղվել տարատեսակ գործունեությամբ, կյանքի հմտություններ ձեռք բերել և ստանալ միջին մասնագիտական ​​կրթություն, ինչպես նաև աջակցություն աշխատանք ձեռք բերելու հարցում, մասնակցել առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումներին, որոնք բարելավում են տարատեսակ խնդիրների լուծման կարողությունն ու ինքնազգացողությունը»,-նշել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի նախագահ Արթուր Նաջարյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին մասնակիցները ողջունել են հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասներին և երիտասարդներին այս կենտրոնում, որտեղ քննարկում է ծավալվել Գյումրի քաղաքի և հարակից տարածքների երիտասարդական համայնքի կարիքների, ինչպես նաև հաջորդ քայլերի վերաբերյալ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: