ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը՝ հանուն Հայաստանի երեխաների կրթության շարունակականության ապահովման

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երևան, 29-ը ապրիլի, 2020թ․ - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։
«Ուրախ ենք, որ կարողացել ենք նախարարությանը տրամադրել հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաների համար նախատեսված 112 պլանշետ։ Գիտենք, որ կարիքը դեռ շատ ավելի մեծ է, և մենք շարունակում ենք ու շարունակելու ենք աշխատել, որպեսզի պաշտպանենք, աջակցենք ու վստահելի տեղեկատվությամբ զինենք երեխաներին»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ «Մենք շնորհակալ ենք Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին ուղղված դրամահավաքի մեր կոչին անմիջապես արձագանքելու համար»։
«Կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է ու նրա շարժիչ ուժը։ Ամերիաբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության և երկրի տնտեսության զարգացման գործում, սիրով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությանը,-նշել է Ամերիաբանկի տնօրենության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի գիտելիքը մեր ապագան է»։
ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են դպրոցները. երեխաները շարունակում են կրթություն ստանալ այլ միջոցներով, ինչպիսիք են՝ հեռուստատեսությամբ դասերի հեռարձակումը, YouTube-ում դասերի տեղադրումը և/կամ առցանց հեռավար կրթությունը։ Այս օրերին ուսումը հեռավար կազմակերպելը շատ երեխաների և նրանց ընտանիքների համար իսկապես մարտահրավեր է դարձել, քանի որ նրանք ունեն հեռահաղորդակցության միջոցների և/կամ ինտերնետային հասանելիության անհրաժեշտություն։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը» միավորվել են հանուն մեկ նպատակի` ապահովել երեխաների կրթության անընդհատությունը։
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram ևYouTube-ում: