ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է կազմակերպության նոր գործադիր տնօրենին

01 Փետրվար 2022
Քեթրին Ռասել_ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն
UNICEF/UN0584692/McIlwaine

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 1 փետրվարի, 2022 թ. – Այսօր իր աշխատանքային պարտականություններն է ստանձնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: Նա չորրորդ կինն է, որը ղեկավարելու է կազմակերպությունն իր 75-ամյա պատմության ընթացքում:

«Ինձ համար մեծ պատիվ և արտոնություն է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին և օգնել ղեկավարելու հանուն երեխաների նրա ուշագրավ գործունեությունը նման վճռորոշ պահի,- նշել է Ռասելը:- Այն օրերին, երբ աշխարհում միլիոնավոր երեխաներ դեռևս տուժում են կորոնավիրուսային համավարակի և այլ ճգնաժամների ազդեցությունից, ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդում է նրանց կոչը պաշտպանելու իրենց իրավունքներն ու ապագան: Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկա աշխատանքին»:

Քեթրին Ռասելն իր հետ բերում է տասնամյակների փորձ նորարարական քաղաքականության մշակման գործում, որի առանցքում են եղել անապահով համայնքների հզորացումն ամբողջ աշխարհում, կանանց և աղջիկների պաշտպանության արդյունավետ ծրագրերի իրականացումը, այդ թվում մարդասիրական ճգնաժամերի ժամանակ, տարբեր ոլորտների աշխատակազմների զարգացման և կառավարման, ինչպես նաև նախաձեռնությունների լայն շրջանակի համար ռեսուրսների և քաղաքական աջակցության մոբիլիզացումը:
 
Մինչ այս պաշտոնը ստանձնելը՝ 2020-2022 թվականներին, տիկին Ռասելը ԱՄՆ նախագահի օգնականն էր և գլխավորում էր Սպիտակ տան նախագահական աշխատակազմի գրասենյակը: 2013-2017 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կանանց հիմնախնդիրների գծով գլխավոր դեսպանի պաշտոնը: Այդ պաշտոնում նա ինտեգրել է կանանց խնդիրները ԱՄՆ արտաքին քաղաքականության բոլոր օղակներում, ներկայացրել Միացյալ Նահանգները ավելի քան 45 երկրներում և աշխատել օտարերկրյա կառավարությունների, բազմակողմ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: Նա հեղինակել է «Դեռահաս աղջիկներին հզորացնելու ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարությունը:
 
Մինչ այդ՝ նախագահ Բարաք Օբամայի օրոք, տիկին Ռասելը Սպիտակ տանը նախագահի օգնականի տեղակալն էր, եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կանանց միջազգային հարցերով ավագ խորհրդական, գլխավոր դատախազի տեղակալի օգնական Արդարադատության դեպարտամենտում և Սենատի դատական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։ Մինչև 2020 թվականին պետական ծառայության պաշտոններ վերստին ստանձնելը նա դասավանդել է Հարվարդի Քենեդու դպրոցում որպես Քաղաքական ինստիտուտի գիտաշխատող: Նա նաև եղել է Կանանց արտաքին քաղաքականության խմբի խորհրդի համանախագահ, Կանայք կանանց համար կազմակերպության (Women for Women International) խորհրդի անդամ, Sesame Street խորհրդատվական խորհրդի անդամ, KIVA ոչ առևտրային կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ, ինչպես նաև Thomson Reuters հիմնադրամի Trust Women նախաձեռնության անդամ:
 
Տիկին Ռասելն ունի փիլիսոփայության բակալավրի կոչում, գերազանցությամբ ավարտել է Բոստոնի քոլեջը: Նա նաև ավարտել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական դպրոցը, ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:
 
Տիկին Ռասելը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ութերորդ գործադիր տնօրենն է, որը ղեկավարելու է 20 000 նվիրված աշխատակից ունեցող կազմակերպությունը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: