ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության աջակցություն է տրամադրում Բեյրութի պայթյունների հետևանքով տուժած երեխաներին և ընտանիքներին

31 Օգոստոս 2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը Լիբանանում հաշվարկում է Կոպենհագենից ստացած աջակցության արկղերը։
UNICEF/UNI356604

ԲԵՅՐՈՒԹ31-ը օգոստոսի, 2020թ. - Բեյրութի պայթյուններից տուժած երեխաներին և ընտանիքներին աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լիբանան է առաքել կենսական նշանակության մարդասիրական օգնության 18 խմբաքանակ՝ 67 տոննա ընդհանուր կշռով։ Երկու ավիաթռիչքների և բեռնափոխադրումների (կարգո) միջոցով Լիբանան են հասցվել նաև անհատական պաշտպանիչ պարագաներ, բժշկական, հիգիենիկ պարագաներ և սնունդ:

Մինչ այդ` պայթյունին հետևած առաջին օրերին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրել է նախապես պահեստավորված պարագաների խմբաքանակ, ինչպես նաև ձեռնարկել է հավելյալ գնումներ տեղական շուկայում։ Դրան զուգահեռ, լրացուցիչ աջակցություն է ուղարկվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կոպենհագենում գտնվող մատակարարման գլոբալ կենտրոնից։ Առաջիկա օրերին սպասվում է օգնության հերթական խմբաքանակը։

«Մինչև փոշին գետնին կնստեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամեն ինչ արել է, որպեսզի անհրաժեշտ հումանիտար աջակցությունը հնարավորինս արագ հասնի տուժած երեխաներին և ընտանիքներին», - նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն (Yukie Mokuo): «Երեխաների կյանքը տակնուվրա է եղել: Բավարարելով իրենց հիմնական կարիքները, տուժած ընտանիքները հնարավորություն կունենան վերսկսելու իրենց կյանքն ու ապագա կառուցել», - ավելացրել է նա:

Եվս 3,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ խիստ անհրաժեշտ պարագաներ էլ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատակարարել է կորոնավիրուսի տարածումը վերահսկելու նպատակով, քանի որ պայթյունների հետևանքով ոչնչացել էին անհատական պաշտպանիչ պարագաներ պարունակող 10 կոնտեյներ։

Մարդասիրական օգնությունը տրամադրվել է Եվրոպական Միության քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության, Բելգիայի կառավարության և Սանոֆի հիմնադրամի (Sanofi Foundation) ֆինանսական աջակցությամբ։

Առաջիկա երեք ամիսներին երեխաների և նրանց ընտանիքների անհապաղ կարիքները բավարարելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է ավելի քան 46,7 մլն ԱՄՆ դոլար: Պետք է վերականգնել առաջնային ծառայությունները, դեռահասներին և երիտասարդներին զինել անհրաժեշտ հմտություններով իրենց երկիրը վերակառուցելու համար, և այս ամենն անել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին զուգահեռ։

Միացե՛ք մեզ, օժանդակեք Լիբանանում տուժած երեխաներին և ընտանիքներին, հանգանակեք՝ https://help.unicef.org/beirut-explosions:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: