ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում ևս երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել
Կաթնառատ և Ծաթեր բնակավայրերի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երևան, 11-ը նոյեմբերի, 2022 թ. – Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Օձուն խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում Կաթնառատ և Ծաթեր բնակավայրում արդեն իսկ 75 մինչև հինգ տարեկան երեխա կկարողանա մանկապարտեզ հաճախել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել դաստիարակներին` զինելով նրանց տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելու հմտություններով: Նաև, կենտրոններին մատակարարվել են կրթական նյութեր, խաղալիքներ, խաղեր: Երկու կենտրոններում էլ տեղադրվել են արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը, որոնք արդեն սկսելու է հոգալ համայնքը:
«Հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Մեր համայնքների ֆինանսական հնարավորությունները չափազանց սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես, անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնել և դրանք համայնքներում կիրառելի դարձնել՝ պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները: Ուրախ ենք, որ գործընկերների հետ համատեղ այսօր ևս երկու համայնքում այս կարևոր խնդիրը լուծվեց»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերում 2015 թ.-ից ի վեր արդեն ստեղծել է 16 այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ և համագործակցելով ԵՄ-ի և կառավարության հետ՝ մինչև 2023 թվականի վերջ հիմնելու է ևս 25-ը:
«Ուրախ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորություն է ունեցել նպաստելու այս այլընտրանքային մոդելի ստեղծմանը, որը դարձել է Հայաստանում նախադպրոցական կրթության ազգային քաղաքականության մաս և արտացոլվել «Նախադպրոցական կրթության մասին» 2021 թ.-ի օրենքում: Մենք գիտենք, որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների դեռևես միայն 64%-ն է ստանում նախադպրոցական կրթություն: Շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ և փորձելու ենք ներգրավել նոր գործընկերների, որպեսզի ավելի շատ երեխաներ ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում», - ամփոփեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալը՝ Սիլվիա Մեստրոնին:
2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է երեք նոր նախադպրոցական կենտրոն բացել Գեղարքունիքի մարզում։ Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները ապահով միջավայր ունենան սովորելու համար: Վերանորոգման արդյունքում համայնքը հնարավորություն կունենա ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: