ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել
Անտառամուտի և Գեղասարի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ԵՐԵՒԱՆ, 8 հուլիսի, 2022 թվական - Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ և Սպիտակ խոշորացված համայնքի Գեղասար բնակավայրերում: Այս գյուղերում բնակվող երեքից հինգ տարեկան երեխաները, Հայաստանի մի շարք այլ գյուղական հեռավոր համայնքներում բնակղվող երեխաների նման, վաղ մանկական ուսումնառություն ստանալու հնարավորություն երբեք չեն ունեցել բնակավայրերում մանկապարտեզ չլինելու պատճառով:
«Եվրոպական միությունը համագործակցում է ՀՀ Կառավարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ գործընկերների հետ՝ ներդրումներ կատարելու հօգուտ այնպիսի քաղաքականության և ծրագրերի, որոնք հնարավորություն կտան ծնողներին լավագույնս ապահովելու իրենց երեխաների կյանքի սկիզբը,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։- Մինչև 2023 թվականի ավարտը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին կհիմնենք 25 նոր կենտրոն այլ գյուղական համայնքներում՝ նպաստելով ազգային նպատակին հասնելու առաջընթացին, այն է՝ ապահովել նախակրթարաններում 70 տոկոս ընդգրկվածություն: Ուրախ ենք երեխաներին տրամադրել վաղ մանկական ուսումնառություն և խնամք, ինչը կօգնի նրանց կրթության առաջին իսկ փուլից ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ»:
«Գիտությունը փաստում է, որ կենսաբանությունը ճակատագիր չէ, և որ երեխաների փորձառությունը վաղ մանկության տարիներին ձևավորում և կանխորոշում է նրանց ապագան՝ սահմանելով նրանց ճանաչողական, զգայական և սոցիալական զարգացումը, ապագայում սովորելու կարողությունը և հաջողությունները: Գիտահեն փաստարկները սթափեցնող կոչ պիտի դառնան մեզ համար, քանի որ գյուղաբնակ երեքից վեց տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է նախակրթարան հաճախում, - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Հօգուտ վաղ մանկության արված ինտերվենցիաները ազդեցիկ և ծախսարդյունավետ միջոց են անհավասարության միջսերնդային շրջանից դուրս գալու և յուրաքանչյուր երեխայի համար կյանքի արդար սկիզբ ապահովելու համար:
Այս երկու համայնքներում մինչև վեց տարեկան ավելի քան 40 երեխա հիմա հնարավորություն կունենա օգտվելու այս կարևորագույն նշանակության ծառայությունից մինչև դպրոց հաճախելը: Այս կենտրոնները հիմնված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մանկապարտեզի մոդելի վրա, որ փորձարկվել է 2015 թվականին և դարձել ՀՀ կրթության զարգացման ռազմավարության անբաժանելի մաս: Դրանք ծախսարդյունավետ են, քանի որ հնարավորություն են տալիս համայնքներին հոգալ պահպանման հետ կապված ծախսերը՝ այդպիսով գործունեության շարունակականություն ապահովելով:
«Այլընտրանքային մանկապարտեզների հիմնումը այնպիսի փոքր համայնքներում, ինչպիսիք Անտառամուտը և Գեղասարն են, շատ ողջունելի է, քանի որ փոքր համայնքները, բյուջեի սղության պատճառով, հիմնականում չեն կարողանում իրենց թույլ տալ ունենալ նախակրթարաններ: Իսկ նախադպրոցական կրթությունը, ինչպես գիտենք, չափազանց կարևոր կրթական օղակ է. այն երեխաներին հնարավորություն է տալիս լիարժեքորեն պատրաստվելու դպրոցին, ինչպես նաև՝ կոլեկտիվում լավագույն կերպով դրսևորվելու հնարավորություն, - նշել է Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, - Մարզպետ Արամ Խաչատրյանի և իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին ծրագիրը նախաձեռնելու և բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ուզում եմ վստահեցնել, որ Լոռու մարզպետարանն անում է ամեն հնարավորը կրթական ողջունելի նախաձեռնություններին աջակցելու համար: Օգտվելով առիթից՝ նորամուտի կապակցությամբ շնորհավորում եմ նաև նախակրթարանի դաստիարակներին, փոքրիկներին և բոլոր բնակիչներին: Բարի երթ»:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել է դաստիարակներին, կենտրոնները հագեցրել կրթական նյութերով, խաղալիքներով, խաղերով: Տեղադրվել են նաև արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը: Ծրագրի շրջանակում իրականացվել է դաստիարակների վերապատրաստում հատկապես տարբեր տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանության թեմայով: Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորություն են ստանձնել պահպանելու հիմնված կենտրոնները՝ ընթացիկ ծախսերի համար, ինչպիսիք են, օրինակ, դաստիարակերի աշխատավարձերը և կոմունալ ծախսերը, համապատասխան ֆինանսավորում տրամադրելով:
2022 թվականի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրել է 3 նոր նախակրթարան Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար համայնքներում: Հուլիսին ևս երկու նախակրթարան է իր դռները բացելու Շնող համայնքի Քարկոփ և Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրերում: Ի լրումն, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է իրականացնում Գորիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու ուղղությամբ, ինչի արդյունքում ավելի շատ երեխաներ կարող են վաղ մանկական ուսումնառություն ստանալ անվտանգ և ապահով միջավայրում:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: