ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գավառի քաղաքապետարանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գավառում երիտասարդների տուն հիմնելու մասին:
Գավառի երիտասարդական կենտրոնը կաջակցի երիտասարդներին՝ զարգացնելու կյանքի հմտություններն ու ներուժը քաղաքացիական մասնակցության և ձեռներեցության ոլորտներում:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, 1-ը դեկտեմբերի, 2021 թվական – ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ 2022 թվականին Գավառում երիտասարդների տուն հիմնելու մասին: Կենտրոնը համայնքահեն ծառայություններ է տրամադրելու դեռահասներին և երիտասարդներին:
«Գավառում հարյուրավոր դեռահասներ և երիտասարդներ են ապրում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից, ում համար համայնքի զարգացմանը մասնակցելու և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություններ պետք է լինեն: Նրանք բոլորն ունեն անհրաժեշտ ստեղծարար միտք, ներուժ և խնդիրների լուծման հմտություններ և կարող են նպաստել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս երիտասարդների տան միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի նրանց, հատկապես ամենախոցելիներին և հաշմանդամություն ունեցողներին, օգտվելու համայնքային ծառայություններից և աջակցությունից, զարգացնելու կյանքի հմտություններ և ներուժ քաղաքացիական մասնակցության, նորարարության և ձեռներեցության ոլորտներում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Առաջիկա վեց ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատելու է Գավառի քաղաքապետարանի, համայնքի երիտասարդների և գործընկերների հետ՝ վերանորոգելու և կահավորելու, ինչպես նաև կենտրոնը երեխաների, դեռահասների և երիտասարդների համար նախատեսված պարագաներով, զարգացնող խաղերով, ուսումնական և տեղեկատվական նյութերով համալրելու նպատակով: Էներգիայի խնայողություն ապահովելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտեղադրի արևային մարտկոցներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ՝ երիտասարդներին և երիտասարդների տան ապագա աշխատակիցներին դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու և համայնքահեն երեխայակենտրոն ծառայություններ տրամադրելու գործում վերապատրաստելու նպատակով:
«Հուսով ենք, որ այս երիտասարդների տունը կընդլայնի Գավառի դեռահասների հնարավորությունները՝ իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցություն ունենալու, ինչպես նաև իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ գործընկերների հետ միասին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը հարթակներ կստեղծի դեռահասների համար, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկեն և համատեղ գտնեն այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն նրանց սահուն անցում կատարել դեպի չափահասություն ու աշխատաշուկա»,- նշել է Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը:
Գավառի քաղաքապետարանն արդեն ընտրել է երիտասարդների տան մասնաշենքը՝ կից մանկապարտեզին, աջակցելու է վերանորոգման աշխատանքներին և կանաչապատելու է կենտրոնի շրջակայքը։ Հետագայում քաղաքապետարանը բյուջե կտրամադրի կենտրոնի ընթացիկ ծախսերը որպես համայնքահեն ծառայություն հոգալու համար, ներառյալ՝ աձնակազմի աշխատավարձերն ու կոմունալ ծառայությունները:
Արտակարգ իրավիճակների դեպքում երիտասարդների տունը պատրաստ կլինի նաև ծառայելու որպես անվտանգ, երեխաներին հարմարեցված անկյուն, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կկարողանան հոգեսոցիալական աջակցություն ստանալ:
###
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: