ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությանն է տրամադրել կորոնավիրուսից պաշտպանիչ իրերի հերթական խմբաքանակը

07 Օգոստոս 2020
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը և ՀՀ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Մարդասիրական օգնության կենտրոնում։
UNICEF Armenia/2020/Galstyan

Երևան, 7-ը օգոստոսի, 2020թ – Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը և ՀՀ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վերահաստատել են COVID-19-ի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունն ու քննարկել հետագա համատեղ ծրագրերը։

Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ Առողջապահության նախարարությանն է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրերի հերթական խմբաքանակը՝ 24 թթվածնի խտացուցիչ սարք և 2000 քթային խողովակ, որոնք կհատկացվեն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններին։

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարությանն է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ։ ՀՀ առողջապահական համակարգին օժանդակությունը լինելու է շարունակական: Այն իրականացվում է ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և պարագաների տրամադրմամբ, այլ նաև բուժաշխատողների վերապատրաստումների, հանրային իրազեկման աշխատանքների միջոցով:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: