Միացյալ Թագավորության՝ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարը ողջունում է Covid-19-ից և հակամարտությունից տուժած սահմանամերձ համայնքներին աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը

ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում են՝ թիրախային համայնքներում կայունության, լավ կառավարման և սոցիալ-տնտեսական անվտանգության ամրապնդման նախագիծ:

17 Փետրվար 2021
– Wendy Morton MP, Parliamentary Under-Secretary of State, Minister for European Neighbourhood and the Americas at the Foreign, Commonwealth & Development Office visited UN Armenia today where Dmitry Mariyasin, UNDP Resident Representative in Armenia, and Marianne Clark-Hattingh, UNICEF Representative in Armenia together with government officials, heads of communities and beneficiaries presented the main results of a joint project.
UNICEF Armenia/2021/Galstyan

Երևան, 17 փետրվարի, 2021 թ. – Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին այցելել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը՝ կառավարության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների և շահառուների հետ միասին ներկայացրեցին համատեղ նախագիծը: Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) կողմից ֆինանսավորվող՝ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում (2020-2021) գործընկերները նպատակ ունեն COVID-19-ի և հակամարտությունից տուժած ՀՀ սահմանամերձ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բարձրացնել կայունությունն ու բարելավել լավ կառավարումը և սոցիալ-տնտեսական անվտանգությունը:

ՄԱԶԾ-ն ներկայացրեց COVID-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման արդյունքները, որն իրականացվել է ինը խոշորացված համայնքներում` երեք թիրախային մարզերի 21 բնակավայրերում դիտարկելով տեղական մակարդակում ռիսկի կառավարումը (LLRM) և խոցելի կողմերը։ Գնահատման ընթացքում դիտարկվել է նաև Գեղարքունիքի մարզում համայնքային ծառայությունների որակը:

Ծրագրի փորձնական փուլի շրջանակներում՝ 2020 թ. գործընկերները ստեղծել են համայնքային դիմակայունության երեք թիմ և սոցիալական ծառայության աշխատողների համար գործող մասնագիտական ցանցեր, ուժեղացրել 15 դպրոցների, 11 մանկապարտեզների և 10 առողջապահական հաստատությունների աղետների կառավարման պլանները, ինչպես նաև կառավարության ուղեցույցների համաձայն 30 դպրոց ապահովել COVID-19–ի կանխարգելիչ միջոցներով։

Կարողությունների զարգացման և իրազեկության մակարդակի բարձրացման գործողությունների նախատեսված արդյունքները գերազանցվել են տարածման, ընդգրկվածության և վերապատրաստվողների բավարարվածության տեսանկյունից: 22 համայնքների 415 ծնողներ և խնամատարներ տեղեկատվություն են ստացել արտակարգ իրավիճակներում խնամատարության վերաբերյալ, ավելի քան 200 ծնողներ հայտնել են խնամատար ծնող դառնալու իրենց հետաքրքրվածությունը: 70 տեղահանված կանայք և երիտասարդներ որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ են անցել՝ հետագա աշխատանքի տեղավորմամբ:

Երեք մարզերում սոցիալական ծառայության աշխատողները հոգեկան և հոգեբանական աջակցության ցուցաբերման (MHPSS) դասընթացներ են անցել, ինչը կենսական կարևորություն է ստացել, քանի որ սահմանամերձ համայնքները տուժել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Դասընթացին մասնակցում էին սոցիալական աշխատողներ, պետական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների սոցիալական ծառայություններ մատուցողներ, երիտասարդության հետ աշխատողներ և հատուկ մանկավարժներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև սոցիալական ծառայություններում աշխատող մասնագետների օգնության թեժ գիծ է ստեղծել (+37455086111), որը սպասարկում է Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան։ Թեժ գիծը 2020 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսների ընթացքում ստացել է ավելի քան 650 զանգ:

Համագործակցելով Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի և «Ծնողների դաստիարակության դպրոց» ՀԿ-ի հետ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը մասնագետների համար մշակել է COVID-19 համատեքստում MHPSS իրականացնելու վրա կենտրոնացած սեռատարիքային համապատասխանություն ունեցող նյութեր և կարողությունների զարգացման գործողություններ իրականացրել (ուսուցում, մարզում, խորհրդատվություն, անհատական և խմբային վերահսկողություն և խորհրդատվություն, գերհոգնածության կանխարգելման աջակցություն) սոցիալական ծառայություններում աշխատող առաջին հոգեբանական օգնություն ապահովող 175 մասնագետների համար:

2021 թ.-ին ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակեն էլեկտրոնային կրթական հարթակներ և ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելու ուղղությամբ վերապատրաստել 15 մասնագիտական կրթության և ուսուցման տարածաշրջանային հաստատությունների (ՄԿՈՒ) 250 դասախոսների` այս մարզերում ՄԿՈՒ ծառայությունների որակը ընդլայնելու համար: Տեղական մակարդակում համայնքի դիմակայունությունն ամրապնդելու համար գործընկերները ձեռնամուխ են եղել աղետների ռիսկերի կառավարման սկզբունքների և տեղական մակարդակում ռիսկի կառավարման վերաբերյալ համայնքի դիմակայունության թիմերի և քաղաքացիական հասարակության 90 ներկայացուցիչների վերապատրաստմանը։ Միևնույն ժամանակ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի Գորիս և Վարդենիս քաղաքների համար մշակվում են աղետների ռիսկերի կառավարման պլաններ:

 

###

Ծրագրի մասին.

«Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) կողմից և իրականացվում է ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ: Ծրագիրը նպաստում է Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում կայունության, լավ կառավարման և սոցիալ-տնտեսական անվտանգության զարգացմանը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org
Հովհաննես Սառաջյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
Հեռ: +37491420122

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: