ՄԱԿ-ը 15 միլիոն դոլար է հատկացրել խոցելի երկրներում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար

04 Մարտ 2020
Չինաստանի Յուհան քաղաքում հիվանդանոցում կարանտինով մեկուսացված աղջնակը նկարել է կորոնավիրուսին․ «Ահա կորոնավիրուսը, որին բազմաթիվ մուրճերը հարվածում են, որպեսզի հաղթեն»։
UNICEF/UNI304659
Չինաստանի Յուհան քաղաքի հիվանդանոցում կարանտինով մեկուսացված աղջնակը նկարել է կորոնավիրուսին․ «Ահա կորոնավիրուսը, որին բազմաթիվ մուրճեր հարվածում են, որպեսզի հաղթեն»,-բացատրել է նա նկարը։

Նյու Յորք, Ժնև 1-ը մարտի 2020թ։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով պատասխանատու Մարկ Լոուքոքը (Mark Lowcock) Արտակարգ իրավիճակների կենտրոնական արձագանքման ֆոնդից 15 միլիոն դոլար է տրամադրել ԿՈՎԻԴ 19-ի դեմ համաշխարհային ջանքերին աջակցելու նպատակով։

Սրա մասին հայտարարությունը տարածվեց այն ժամանակ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի բռնկման համաշխարհային ռիսկը գնահատեց որպես «շատ բարձր», որը ռիսկերի գնահատման բարձրագույն աստիճանն է։ Ըստ ԱՀԿ-ի, դեռ հավանական է կանխել վիրուսի հետագա տարածումը, եթե հաջողվի դրա փոխանցման շղթան կանգնեցնել ։

Իտալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Կորեայի Հանրապետությունում վիրուսի հանկարծակի աճը խորապես մտահոգիչ է։ Հիմա արդեն Իրանի հետ կապված դեպքեր կան Բահրեյնում, Իրաքում, Քուվեյթում և Օմանում, իսկ Իտալիայի հետ կապված՝ Ալժիրում, Ավստրալիայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Շվեցարիայում։

ՄԱԿ-ի ֆինանսավորումը տրամադրվել է ԱՀԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին։ Այն ուղղված է լինելու վիրուսի տարածման մշտադիտարկմանը, դեպքերի հետաքննությանը և ազգային լաբորատորիաների գործունեությանը։

ԱՀԿ-ն 675 միլիոն դոլարի անհրաժեշտության կոչ է արել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ֆինանսավորելու համար։ Վարակի տարածումը զսպելու հնարավորություն կա, եթե երկրները ուժեղ միջոցներ ձեռնարկեն այն վաղաժամ հայտնաբերելու, հիվանդներին մեկուսացնելու և խնամելու, ինչպես նաև՝ կապերը հայտնաբերելու համար։

«Վիրուսի ազատորեն տարածվելու վերաբերյալ ապացույցներ դեռ չունենք։ Այդ պարագայում մենք դեռ հնարավորություն ունենք զսպելու այն։ Սակայն արագ և խիստ գործողություններ պետք է ձեռնարկվեն դեպքերը վաղ հայտնաբերելու, հիվանդներին մեկուսացնելու, նրանց խնամելու և կապերը հայտնաբերելու համար։ Վիրուսի դեմն առնելու համար մենք պետք է հիմա գործենք, որպեսզի ավելի շատ կյանքեր վտանգի չենթարկվեն»,-նշել է Արտակարգ իրավիճակների համակարգող և Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորում է կանխարգելիչ միջոցառումները կորոնավիրուսից տուժած երկրների այն համայնքներում, որտեղ մեծ է ներթափանցման ռիսկը՝ տրամադրելով հիգիենայի և բժշկական պարագաներ դպրոցներին և առողջապահական կլինիկաներին, ինչպես նաև մշտադիտարկելով բռնկման ազդեցությունը՝ խնամքի, կրթության և սոցիալական ծառայությունների շարունակականությունը ապահովելու նպատակով։

«Այս առանցքային պահին, բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բռնկման դեմ պայքարելու համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Այս խիստ կարևոր ֆինանսավորումը կծառայի մեր համաշխարհային ջանքերին՝ աջակցելու առավել թույլ առողջապահական համակարգերին, ինչպես նաև երեխաներին, հղի կանանց և ընտանիքներին իրազեկելու պաշտպանական միջոցների մասին։

Ստեղծման պահից ի վեր՝ 2006 թվականին, Արտակարգ իրավիճակների կենտրոնական արձագանքման ֆոնդը 6 միլարդ դոլար է տրամադրել ավելի քան 100 երկրների և աջակցել հարյուր միլիոնավոր մարդկանց։

անց։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: