Ճգնաժամերից տուժած երկրներում մայրերի թերսնուցումն աճել է 25 տոկոսով՝ վտանգի տակ դնելով կանանց և նորածիններին. ՅՈՒՆԻՍԵՖ

Նոր զեկույցը ահազանգում է դեռահաս աղջիկների և կանանց համար նախատեսված պարենային ծրագրերում ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին

03 Մարտ 2023
Կրծքով կերակրվող փոքրիկ
UNICEF/UN0343198/Pazos

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 մարտի, 2023 թվական  – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր զեկույցի, 2020 թվականից ի վեր համաշխարհային պարենի և սնուցման ճգնաժամից ամենաշատը տուժած 12 երկրներում սուր թերսնուցում ունեցող հղի և կրծքով կերակրող դեռահաս աղջիկների և կանանց թիվն աճել է 25 տոկոսով՝ 5,5 միլիոնից մինչև 6,9 միլիոն:
 
12 երկիր, այդ թվում՝ Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Չադը, Եթովպիան, Քենիան, Մալին, Նիգերը, Նիգերիան, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը և Եմենը, պարենի համաշխարհային ճգնաժամի էպիկենտրոնն են համարվում: Այս երկրներում իրավիճակը սրվել է նաև ուկրաինական պատերազմի և այլ երկրներում շարունակվող երաշտի, հակամարտությունների և անկայունության արդյունքում:
 
Թերսնված և անտեսված. դեռահաս աղջիկների և կանանց սնուցման գլոբալ ճգնաժամ զեկույցը, որը հրապարակվել է Կանանց միջազգային օրվան ընդառաջ, զգուշացնում է, որ շարունակվող ճգնաժամերը և գենդերային անհավասարությունը խորացնում են դեռահաս աղջիկների և կանանց պարենային ճգնաժամը: Իսկ հարցի լուծումը վերջին երկու տասնամյակներում արդեն իսկ փոքր առաջընթաց էր գրանցել:
 
Համաձայն զեկույցի, որն աննախադեպ և համապարփակ դիտարկում է անչափահաս աղջիկների և կանանց սնուցման վիճակի մասին աշխարհում, ավելի քան մեկ միլիարդ դեռահաս աղջիկներ և կանայք թերսնված են (այդ թվում՝ թերքաշ և ցածրահասակ), հիմնական միկրոէլեմենտների պակաս և անեմիա ունեն, որը կործանարար հետևանքներ ունի նրանց կյանքի և բարեկեցության համար:
 
Աղջիկների և կանանց կյանքի ընթացքում անբավարար սնուցումը կարող է թուլացած իմունիտետի և ոչ բավարար կոգնիտիվ զարգացման պատճառ դառնալ, ինչպես նաև՝ կյանքին սպառնացող բարդությունների ավելացման, այդ թվում՝ հղիության և ծննդաբերության ժամանակ, ինչը վտանգավոր և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նրանց երեխաների կյանքի, աճի, ուսման և ապագայում վաստակելու կարողության վրա:
 
Զեկույցում ասվում է, որ աշխարհում մինչև 2 տարեկան 51 միլիոն երեխա թերաճ է, ինչը նշանակում է, որ նրանք չափազանց ցածրահասակ են իրենց տարիքի համար: Դա տեղի է ունենում առաջին հերթին ապագա մայրերի թերսնման պատճառով: Այդ երեխաների մոտ կեսը թերաճ է դառնում հղիության և կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում՝ 500-օրյա ժամանակահատվածում, երբ երեխան լիովին կախված է մոր սնուցումից:
 
Համաշխարհային ճգնաժամերը շարունակում են անհամաչափորեն ազդել կանանց անհրաժեշտ սննդարար պարենի հասանելիության վրա: 2021 թվականին պարենային առումով անապահով կանայք 126 միլիոնով ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, իսկ 2019 թվականին՝ 49 միլիոնով ավելի, ինչը կրկնապատկում է գենդերային տարբերությունը պարենային անապահովության հարցում:
 
Զեկույցը կոչ է արվում կառավարություններին, դոնորներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փոխակերպել դեռահաս աղջիկներին և կանանց հասանելի պարենային, առողջապահության և սոցիալական պաշտպանության ծառայությունները՝ կատարելով հետևյալ քայլերը.

  • Առաջնահերթորեն հասանելի դարձնել սննդարար, անվտանգ և մատչելի սննդամթերքը, ինչպես նաև կանխարգելել խիստ վերամշակված սննդի օգտագործումը՝ շուկայավարման սահմանափակումների, փաթեթավորման վրա պարտադիր պիտակավորման և հարկման միջոցով:
  • Հարստացնել կանոնավոր սպառվող որոշ սննդամթերք, օրինակ՝ աղը՝ այդպիսով նվազեցնելով աղջիկների և կանանց օրգանիզմում միկրոտարրերի պակասը և անեմիան:
  • Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հիմնական պարենային ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ նախածննդյան տարատեսակ միկրոէլեմենտների հավելումներ տրամադրել ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ կրծքով կերակրման ընթացքում:
  • Ընդլայնել սոցիալական պաշտպանության ծրագրերը, այդ թվում տրամադրել հատուկ նպաստ և վաուչերներ՝ բարելավելու անհրաժեշտ սննդարար և տարատեսակ սննդամթերքի հասանելիությունն առավել խոցելի աղջիկների և կանանց համար:

Արագորեն վերացնել խտրական գենդերային և սոցիալական նորմերը, ինչպիսիք են երեխաների ամուսնությունները և սննդի, կենցաղային ռեսուրսների, եկամուտների և կենցաղային աշխատանքի անհավասար բաշխումը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: