Հրատարակիչների միջազգային ասոցիացիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն մեկնարկում են «Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությունը, որպեսզի աջակցեն ինքնամեկուսացման մեջ գտնվող երեխաներին

Նախաձեռնությունը նվիրված է Մանկական գրքի միջազգային օրվան և կմեկնարկի իտալացի մանկագիր Էլիզաբետա Դամիի կողմից

02 Ապրիլ 2020
Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած այլընտրանքային մանկապարտեզում վեցամյա Խաչիկը գիրք է նայում։
UNICEF Armenia/2020/Margaryan

Նյու Յորք/Ժնև, 2-ը ապրիլի, 2020թ. - Միանալով այս բացառիկ նախաձեռնությանը՝ սիրված մանկագիրներն իրենց հեղինակած գրքերից մի հատված կկարդան ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով տանը ինքնամեկուսացված միլիոնավոր երեխաների և երիտասարդների համար։

«Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությունը ստեղծվել է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Այն մեկնարկում է այսօր՝ Մանկական գրքի միջազգային օրը, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Իտալացի մանկագիր Էլիզաբետա Դամիի (Elisabetta Dami) հետ, ով հայտնի Ջերոնիմո Ստիլտոնի կերպարի հեղինակն է։

«Այս իրավիճակը բոլորիս համար նոր է և անհասկանալի: Երկարաժամկետ ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ նոր պետք է բացահայտենք և հասկանանք», - ասում է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Հյուգո Սետցերը (Hugo Setzer)։ «Այս պահին բոլորս էլ պետք է հոգ տանենք մեր և հատկապես երեխաների հոգեկան առողջության մասին։ Ցանկանում էինք մի լավ բան անել և երեխաներին ու նրանց սիրելի հեղինակներին միավորել, որպեսզի խթանենք ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը և թեթևացնենք ընտանիքների հոգսը այս՝ բոլորիս համար դժվար տրվող սահմանափակումների ժամանակ»։

«Երեխաների կյանքը և ռեժիմը տակնուվրա է եղել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Երբ դրսի աշխարհը անհասանելի է, երեխաներն ու երիտասարդները կարող են բազում աշխարհներ ճամփորդել գրքեր կարդալով»։

Էլիզաբետա Դամին ինստագրամի իր անձնական էջով այսօր ժամը 19:00-19:30 կկարդա անգլերենով։ Այս հեղինակը, ով վաճառել է ավելի քան 180 միլիոն օրինակ գիրք, ով տպագրվել է հիսուն տարբեր լեզուներով, այսօր նաև կարձագանքի հարթակում նշված մեկնաբանություններին և կպատասխանի հարցերին։

Մի շարք հայտնի հեղինակներ ևս համաձայնել են միանալ «Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությանը։ Հետագա մանրամասները շուտով հասանելի կլինեն կայքում։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: