Հայաստանում սկսվում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը

Առցանց խմբային վարժանքին կմասնակցի 50 երիտասարդ՝ մրցելու սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում

18 Մայիս 2020
Զումով զանգի էկրանի նկարն է, որտեղ մասնակիցների պատուհանիկներն են։
GenU

Երևան, 18-ը մայիսի, 2020թ․ – Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը, որին նաև միացել են Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) ու «Այբ» կրթական հիմնադրամը: Առցանց ձևաչափով ընթացող մրցույթին մասնակցում են 12 թիմ՝ 50 երիտասարդ Շիրակից, Վայոց ձորից, Կոտայքից, Տավուշից, Գեղարքունիքից և Երևանից։

GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որի նպատակը 10-ից 24 տարեկան երեխաների և երիտասարդների համար կրթության, վերապատրաստման և զբաղվածության՝ ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է։ Մրցույթը նպաստում է պետությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության ստեղծմանը, երիտասարդների ներգրավմանը համայնքային խնդիրների լուծման և նորարարության խթանման ուղղությամբ, ներդրման հնարավորությունների և նորարար ծրագրերի առավել լայնածավալ համահեղինակմանը։ Այն նաև կոչված է աջակցելու և խրախուսելու երիտասարդներին կյանքում առավել հանրօգուտ գործունեություն ծավալել:

«Մենք նախատեսում ենք երիտասարդների հետ նախագծեր մշակել և ստեղծագործել: Երիտասարդները ուրույն աշխարհայացք ունեն և կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք կօգնեն վերադարձնել աշխարհը ճիշտ ուղու վրա։ Պարզապես մենք պետք է համագործակցության և ստեղծարար մտածելու հնարավորություն ընձեռենք նրանց»,- իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Առցանց խմբային վարժանքի 50 մասնակիցներն ընտրվել են այն 60 թիմերից, որոնք փետրվարի կեսին դիմել էին սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային նախագծերի իրենց նախնական գաղափարներով։ Գաղափարները շատ են՝ սկսած խելացի գյուղատնտեսությունից մինչև հանրօգուտ նորարարական կամավորություն, ստեղծարար արդյունաբերությունից մինչև արվեստ, նորաձևություն, վիդեոարտադրություն և շատ ավելին։ Մայիսի 18-ից 24-ը կայանալիք առցանց վարժանքի շրջանակում երիտասարդները կմասնակցեն առցանց հանդիպումների՝ սոցիալական ձեռնարկատիրության, ձեռներեցության և ստարտափների հմուտ մասնագետների մենթորությամբ, ովքեր կօգնեն նրանց գաղափարները նախագծերի վերածելու գործընթացում:

«GenU-ի միջոցով հույս ունենք ոգեշնչելու հայ երիտասարդներին նոր գաղափարներ ստեղծել, դրանք կյանքի կոչել և նպաստել իրենց համայնքներում նոր հնարավորությունների, ձեռներեցության նախաձեռնությունների և աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

Մայիսի 24-ին մասնակից թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիի դատին։ Հինգ լավագույն թիմերը կստանան 1000-ական ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ 2020թ.-ի երկրորդ կեսին իրենց ծրագրերն իրականացնելու համար: Մրցույթի երկրորդ փուլում առավել հեռանկարային երկու լուծումները կներկայացվեն համաշխարհային մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում: Հայաստանի մասնակիցները կմրցեն այլ երկրների թիմերի հետ՝ մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստանալու և գաղափարների ինկուբատոր ծրագրին մասնակցելու հնարավորության համար։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: