Հայաստանում թե՛ դեռահասները, թե՛ մեծահասակները պատրաստ են կլիմայի փոփոխությունը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու, սակայն հիմնարար գիտելիքների անհրաժեշտություն կա

Երկրի օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ նոր հետազոտություն

22 Ապրիլ 2022
Adolescent speaking during a Earth day event
UNICEF Armenia/2022/Ghazaryan

Երևան, 22 ապրիլի, 2022 թվական - Երկրի օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ՀՀ շրջակա միջավայրի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակությամբ հրապարակել են առաջին անգամ իրականացված կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի հետազոտություն Հայաստանի 52 խոշորացված համայնքներում: Թիրախավորելով թե՛ դեռահասներին, թե՛ մեծահասակներին՝ հետազոտությունը նպատակաուղղված է պարզելու նրանց ընկալումներն այն մասին, թե ինչ է կլիմայի փոփոխությունը, և ինչպես է այն ազդում իրենց համայնքների վրա, նրանց վերաբերմունքը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու բնապահպանական ակտիվության բարձրացմանն ուղղված գործողություններում ներգրավվելու նրանց պատրաստակամությունը:

«Հետազոտությունը հստակ մատնանշում է կլիմայական փոփոխությունը և բնապահպանական խնդիրները լուծելու գործում կրթության՝ թե ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ, կենսական նշանակությունը: Կլիմայական պատշաճ կրթությունը կարող է խրախուսել երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին փոխել իրենց վերաբերմունքն ու վարքագիծը և դրդել քայլեր ձեռնարկելու,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: - Այս հետազոտությունը գալիս է համալրելու այն տեսակետը, որ կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն հօգուտ կլիմայական կրթության և ներառեն կլիմայի փոփոխության ուսուցումը ուսումնական ծրագրերում՝ զուգակցելով այն բնապահպանական միջոցառումների և նախագծերի մասնակցելու համար երեխաներին տրվող հնարավորություններով»:

Հետազոտությունն իրականացվել է 483 դպրոցների 6-12-րդ դասարանների 1,517 դպրոցականների, այդ թվում՝ հատուկ կրթության կարիք ունեցող 45 աշակերտների շրջանում ինքնալրաց վեբ հարցազրույցների միջոցով, ինչպես նաև 52 խոշոր համայնքներում 710 մեծահասակների շրջանում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:  Մեթոդոլոգիան և գործիքակազմը հարմարեցվել են տարիքին համապատասխան դարձնելու նպատակով՝ հաշվի առնելով նաև մեծահասակների կարիքներն ու յուրահատկությունները: Դեռահասների շրջանում տվյալների հավաքումն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ:

«Այս հետազոտությունը բազմաթիվ տվյալներ է վերհանել, որոնք կարող են օգտագործվել շրջակա միջավայրի և կրթության վերաբերյալ ազգային և տեղական քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև հիմք դառնալ կլիմայական գործողություններն ուժեղացնելու նպատակով տեղեկացվածության բարձրացման և վարքագծի փոփոխության մասին հաղորդակցության մշակման համար,- նշել է Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը:- Ավստրիական զարգացման գործակալությունում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ոք իր դերն ունի կլիմայի փոփոխության ազդեցության դեմ պայքարում, և մենք հուսով ենք, որ այս հետազոտության արդյունքները հիմք կդնեն այս առնչությամբ տեղեկացված որոշումների կայացման համար, որպեսզի ամեն օր Երկրի օր դառնա»:

52 խոշորացված համայնքներում իրականացված հետազոտության հիմնական արդյունքները նաև փաստում են՝

  • Երկրի կլիմայի կամ եղանակային պայմանների փոփոխության մասին դեռահասներն (96,2%) ավելի շատ են լսել, քան մեծահասակները (79,8%): Նրանց ճնշող մեծամասնությունը հայտնել է, որ հասկանում է, թե ինչ է նշանակում կլիմայի փոփոխություն, թեև հետազոտությունը բացահայտել է այդ ոլորտում գիտելիքի բացերը՝ հստակ ցույց տալով հօգուտ կլիմայական կրթության ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը:
  • Դեռահասները լսել են Երկրի կլիմայի կամ եղանակային պայմանների փոփոխության մասին դպրոցում (68,4%), հեռուստացույցից (43,7%) կամ համացանցից (35,5%), մինչդեռ մեծահասակներն այդ մասին տեղեկացել են հեռուստացույցից (81,9%), համացանցից (44,8%) կամ սոցիալական ցանցերից (34,7%):
  • Դեռահասների շուրջ 67.9%-ը, իսկ մեծահասակների 66.0%-ը շատ մտահոգված են իրենց համայնքում կլիմայի փոփոխությամբ, մինչդեռ դեռահասների 58.4%-ը, իսկ մեծահասակների 70.3%-ը շատ մտահոգված են Հայաստանում կլիմայի փոփոխությամբ:
  • Դեռահասների 90%-ը պատրաստ է ավելին սովորելու կլիմայի փոփոխության մասին, և նրանց համար նախընտրելի աղբյուրը դպրոցի ուսուցիչներն են և դպրոցի տնօրենությունը:
  • Դեռահասների միայն գրեթե կեսն է երբևէ լսել իրենց ուսուցիչներից այն մասին, թե ինչ կարելի է անել կլիմայի փոփոխությունը մեղմելու համար, և ինչ կարելի է անել իրենց և իրենց ընտանիքները կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դեռահասները ոչ միայն կլիմայի փոփոխության մասին լսածների մեջ ամենափոքր մասնաբաժին ունեցող, այլև տվյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվության ամենաքիչ աղբյուրներին հասանելիություն ունեցող խումբն են:

Դեռահասներն ու երիտասարդները կարող են մեծ փոփոխություններ բերել զգալի ներդրում ունենալ կլիմայի փոփոխության համար լուծումներ առաջարկելու, ինչպես նաև էկոլոգիապես կայուն ապրելակերպի խթանման և իրենց համայնքների համար օրինակ ծառայելու գործում: Դեռահասների գրեթե 76%-ը, իսկ մեծահասակների 77%-ը պատրաստ են միջոցներ ձեռնարկելու՝ կանխելու կամ նվազեցնելու կլիմայի փոփոխության ազդեցությունն իրենց համայնքներում, այդ թվում դադարեցնելով իրենց որոշ սովորություններ:

Դեռահասների 85.0%-ը, իսկ մեծահասակների 90.2%-ը պատրաստ են բարձրացնելու իրենց ընտանիքների և ընկերների իրազեկվածությունն այն մասին, որ չպետք է այրել դաշտերը, ռետինե անիվները կամ պլաստմասե իրերը: Բացի այդ՝ դեռահասների 83.4%-ը, իսկ մեծահասակների 93.0%-ը պատրաստ են բարձրացնելու իրենց ընտանիքների իրազեկվածությունը ջրի խնայողության անհրաժեշտության վերաբերյալ, մինչդեռ դեռահասների 83.0%-ը, իսկ մեծահասակների 82.3%-ը պատրաստ են կամավոր մասնակցելու ծառատունկի և բնապահպանական այլ միջոցառումների:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ շարունակելու է աջակցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին և այլ գործընկերներին՝ կլիմայի փոփոխության մասին կրթությունն ազգային ուսումնական ծրագրում ներառելու, ուսուցիչների համար վերապատրաստման մոդուլներ մշակելու և նրանց կարողությունների զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաև դեռահասների համար հնարավորություններ և հարթակներ ստեղծելու, որպեսզի նրանց ձայնը լսելի դառնա, և նրանք հնարավորություն ունենան մասնակցելու համայնքային ծրագրերի իրականացմանը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: