Հայաստանում դպրոցների անվտանգությունը բարելավվել է ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ

Տեղական համայնքներն առավել դիմակայուն դարձնելու համար գործընկերները կոչ են անում ընդլայնել աղետների ռիսկով տեղեկացված պլանավորումը և քաղաքականությունների մշակումը

01 Օգոստոս 2017
ԴԻՊԵԿՈ IV ծրագրի գործընկերների հանդիպում
UNICEF Armenia/2017/AT
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչան և մի շարք գործընկերներ ամփոփեցին ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները:

Երևան, օգոստոսի 1, 2017թ. -  ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր նշել են աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի ավարտը՝ ներկայացնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի հիմնական արդյունքները:

Քաղաքականություն մշակողները, դպրոցները և ծնողները այսուհետ կարող են հետևել իրենց դպրոցի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակին և առավել լավ հասկանալ յուրաքանչյուր դպրոցի խոցելի կողմերը դպրոցների անվտանգության մոդուլի շնորհիվ (safe.schoolnet.am): Մոդուլը մշակվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ և Դպրոցների տեղեկատվության կառավարման համակարգի մաս է կազմում: Այն ներառում է երկրի հանրակրթական դպրոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որը համայնքներին հնարավորություն է տալիս բացահայտել առաջնահերթ գործողությունները, որոնց միջոցով կբարելավվի երեխաների անվտանգությունը:

Դպրոցների անվտանգության մոդուլի միջոցով գործընկերները՝ ՀՀ կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ միասին վերանայել են Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների վարկանիշները ՝ ըստ սեյսմիկ և այլ վտանգների նկատմամբ խոցելիության մակարդակների: Հանրակրթական դպրոցների շենքերի գրեթե 80 տոկոսը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն, և երեխաների ուսուցման անվտանգ պայմաններ ապահովելու համար դպրոցների անվտանգությունը համարվում է առաջնահերթ խնդիր:  

Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված ուսուցումը բարելավելու նպատակով` ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ մշակել է մի շարք ինտերակտիվ ուսուցման նյութեր, որոնք օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ (GIS, էլեկտրոնային ճանապարհային քարտեզ, GPS): Նյութերը կիրառվել են Աշտարակի և Ստեփանավանի դպրոցներում, որի արդյունքում ներառվել են դպրոցների ուսումնական ծրագրերում:

Դպրոցների խոցելիությունն ավելի ճիշտ գնահատելու և համապատասխան լուծումներ գտնելու համար Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Վայոց Ձորի շուրջ 200 դպրոցների տնօրեններ անցել են վերապատրաստում «Հանրակրթական ուսումնական հաստատության աղետի ռիսկի կառավարում» թեմայով: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև մշակել և փորձարկել է համայնքների աղետների ռիսկի կառավարման և աղետներին արձագանքման մեխանիզմների պլանավորման միասնական մոտեցում, որը հաշվի է առնում երեխաների խոցելի կողմերը, ինչպես նաև ներառում է համայնքների այլ խոցելի խմբերի կարիքները: Այն հիմնված է գործող Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանության վրա, որը արդյունքում բարելավվել է՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների խնդիրների ու կարիքների վրա: Մեթոդաբանությունը փորձարկվել է Տավուշի մարզի Խաշթառակ, Գետահովիտ և Ենոքավան համայնքներում, որտեղ համայնքների և մարզային պատկան մարմինների ներկայացուցիչները սովորել են, թե ինչպես կիրառել այն՝ տեղական մակարդակում երեխաների կարիքները հասցեագրելու համար:  

Մեթոդաբանությունը իրենից ներկայացնում է մասնակցային գնահատման գործընթաց, որը ներառում է համայնքին սպառնացող վտանգների մասին գիտական տեղեկության և խոցելիության վերլուծությունը, և նպաստում է աղետի ռիսկով տեղեկացված համայնքային սոցիալ տնտեսական զարգացման պլանավորմանը:

Ծրագրի շրջանակում 2016-2017թթ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է ՀՀ կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, ինչպես նաև` այլ տեղական շահառուների հետ: 

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում կուտակված փորձը, մշակված մեխանիզմները և ռիսկի բացահայտման մեթոդաբանությունը թույլ են տալիս հուսալ, որ ազգային մակարդակում քաղաքականություն մշակողներն առաջնահերթություն կտան դպրոցների անվտանգությանը, բազմաթիվ համայնքներ հնարավորություն կունենան կազմել աղետի ռիսկով տեղեկացված սոցիալ տնտեսական պլաններ, ինչպես նաև ավելի շատ դպրոցներում կկիրառվի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների պատրաստվածության մասին ուսուցումը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում