Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արձագանքելու փախստականների կարիքներին

12 000 ԱՄՆ դոլար նվիրատվության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կընդլայնի հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին ուղղված դրամական աջակցության ծրագիրը:

23 Փետրվար 2024
Foundation for the Support of the Armenian State Symphony Orchestra donates to UNICEF for Armenia refugee response
ArmSymphony

Երևան, 26-ը փետրվարի, 2024թ. - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին 12 000 ԱՄՆ դոլարի հանգանակություն տրամադրելու մասին՝ աջակցելու փախստական ​​երեխաներին ուղղված հումանիտար աշխատանքին: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին կազմակերպված յոթ համերգների շնորհիվ միջոցներ է հավաքագրել հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։

Այս նվիրատվության միջոցով հաշմանդամություն ունեցող փախստական երեխաները կօգտվեն բազմաֆունկցիոնալ դեղատնային վաուչերներից: 25000 դրամ արժողությամբ վաուչերը ընտանիքներին հնարավորություն կտա ընտրել և գնել դեղագործական առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է ճկունություն, այլև հարգում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները՝ թույլ տալով ընտանիքներին որոշումներ կայացնել՝ հիմնվելով երեխայի առողջապահական և վերականգնողական առաջնահերթությունների վրա:

Մաեստրո Սմբատյանը, փաստելով փախստական երեխաների առաջնային կարիքներին արձագանքելու հրատապությունը, նշեց.

«Թեև մենք հետևողականորեն բարձրաձայնում ենք երեխաների համար ավելի լուսավոր ապագայի կերտման կարևորությունը, իրականությունը պահանջում է մեր անմիջական ուշադրությունը նրանց նկատմամբ։ Մեր աջակցությունը հատկապես կենսական նշանակություն ունի առավել խոցելի փախստական երեխաների համար, ովքեր, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, այժմ մեզանից յուրաքանչյուրի հոգատարության ու ջերմության կարիքն ունեն»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին իսկ օրվանից աջակցում է Հայաստան ժամանող փախստականներին՝ տրամադրելով հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական խիստ անհրաժեշտ աջակցություն, առողջապահական ծառայություններ և բժշկական պարագաներ, սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության ծառայություններ և շատ ավելին: Ձմռան սկզբում ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսել է 25 հազար դրամի հագուստի վաուչերներ տրամադրել Հայաստան ժամանած 0 – 9 տարեկան (ներառյալ) բոլոր փախստական երեխաներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներին: Հագուստի վաուչերներից բացի, հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներն այսուհետ կօգտվեն նաև դեղատների վաուչերից, ինչի շնորհիվ նրանք կարող են ձեռք բերել ոչ միայն իրենց անհրաժեշտ հագուստը, այլ նաև անհրաժեշտ դեղամիջոցներն ու առողջապահական պարագաները:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը երախտագիտություն է հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանին, ինչպես նաև կազմակերպված համերգներին ներկա բոլոր երաժշտասերներին, երաժիշտներին և հրավիրյալ արտիստներին, նաև մասնավոր ընկերություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս արշավում։ Այսպիսի համագործակցությունները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնելու մեր հումանիտար աջակցությունը՝ հասնելով ավելի մեծ թվով փախստական երեխաների՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավել խոցելի երեխաների վրա:

Հայաստանում մեր գործունեության 30 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակել է իր աշխատանքը արտակարգ իրավիճակներից առաջ, ընթացքում և հետո՝ համատեղելով ուժերը բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու բոլոր երեխաներին, և մենք կշարունակենք դա անել», -

ընդգծեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: