Համացանցն ու երեխաները ՔՈՎԻԴ-19 համաճարակի օրերին։ Մեծացող սպառնալիքներ

Նոր հրապարակված ուղեցույցի նպատակն է` օգնել կառավարություններին, ՏՀՏ ընկերություններին, մանկավարժներին և ծնողներին` պաշտպանել երեխաներին ինքնամեկուսացման օրերին

27 Ապրիլ 2020
Աղջնակը նստած է համակարգչի առջև և ձեռքերով ծածկել է իր դեմքը։
UNICEF/UNI040655

Նյու Յորք, 27-ը ապրիլի, 2020թ. - Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իր գործընկերների հայտարարության, ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված ինքնամեկուսացման օրերին, միլիոնավոր երեխաներ ավելի մեծ ռիսկի են ենթարկում, քանի որ նրանք ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում առցանց։
 
«Կորոնավիրուսի համաճարակը հանգեցրել է համակարգիչների կամ այլ սարքերի էկրանների առջև անցկացրած ժամանակի աննախադեպ աճի», - նշել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության գործադիր տնօրեն Հովարդ Թեյլորը (Howard Taylor):  Դպրոցների փակումը և վիրուսի տարածումը զսպելու խիստ միջոցառումները նշանակում են, որ ավելի ու ավելի շատ ընտանիքներ ապավինում են տեխնոլոգիային և թվային լուծումներին, որպեսզի երեխաները կարողանան սովորել, զվարճանալ կամ ինչ որ բանով զբաղվել և շփվել արտաքին աշխարհի հետ։ Սակայն ոչ բոլոր երեխաներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և միջոցներ համացանցում իրենց անվտանգությունն ապահովելու համար»:
 
Աշխարհի դպրոցների փակումից տուժել է ավելի քան 1,5 միլիարդ երեխա և երիտասարդ: Նրանցից շատերն այժմ ավելի շատ կրթվում են առցանց հարթակների միջոցով և շփվում համացանցում: Վիրտուալ հարթակների վրա ծախսված ժամանակի ավելացումը կարող է երեխաներին ավելի խոցելի դարձնել սեռական շահագործման նկատմամբ, մեծացնել անչափահասներին սիրահետելու հավանականությունը, քանի որ համացանցային «գիշատիչները» օգտագործում են ՔՈՎԻԴ-19 համաճարակը իրենց սեփական նկատառումներով:
 
Ընկերների և գործընկերների հետ անձնական կապի բացակայությունը կարող է ռիսկեր մեծացնել, ինչպես օրինակ՝ սեքսուալ լուսանկարներ ուղարկելն է, իսկ համացանցում անցկացվող անվերահսկելի ժամանակի ավելացումը կարող է ձեր երեխաներին վտանգի տակ դնել՝ մեծացնելով պոտենցիալ վնասակար նյութերի հասանելիությունն ու կիբերբուլիինգի ենթարկվելու ռիսկերը։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ), ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) և WePROTECT գլոբալ դաշինքի , Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մանկության հիմնադրամի (ԱՄՆ) հետ միասին նոր ուղեցույց է հրապարակել, որը կոչված է խրախուսելու կառավարություններին, ՏՀՏ ձեռնարկություններին, մանկավարժներին և ծնողներին զգոն լինել, հրատապ քայլեր ձեռնարկել հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի երեխաների առցանց կյանքն ու փորձառությունն անվտանգ ու դրական լինի ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում:
 
«ՔՈՎԻԴ-19-ի պատճառով միլիոնավոր երեխաների կյանքեր ժամանակավորապես սահմանափակվել են իրենց տներում և իրենց էլեկտրոնային սարքերի էկրաններով: Մենք պետք է օգնենք նրանց՝ նավարկել այս նոր իրականության հորձանուտում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Մենք կոչ ենք անում կառավարություններին և ՏՏ ոլորտի ձեռնարկություններին՝ միավորել ուժերը` անվտանգության ուժեղացված լուծումներով ու նոր գործիքներով երեխաների և երիտասարդության անվտանգությունն առցանց ապահովելու համար, որպեսզի ծնողներն ու մանկավարժներն իրենց երեխաներին սովորեցնեն, թե ինչպես անվտանգ օգտվել համացանցից»:
 
ՔՈՎԻԴ 19-ի ընթացքում երեխաների առցանց ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվող նախնական քայլերն են՝
 
Կառավարություններին ուղղված: Հզորացնել երեխայի պաշտպանության հիմնական ծառայությունները՝ ապահովելով նրանց աշխատանքն ու գործունեությունը համաճարակի օրերին։ Վերապատրաստել առողջապահական, կրթական և սոցիալական ծառայությունների մասնագետներին ՔՈՎԻԴ-19-ի՝ երեխաների բարօրության վրա ազդող հետևանքների, այդ թվում՝ ավելացող առցանց ռիսկերի ուղղությամբ։ Ընդլայնել համացանցում երեխաների անվտանգության ապահովմանը վերաբերող իրազեկման և կրթական նախաձեռնությունների շրջանակը և ապահովել, որպեսզի սոցիալական ծառայության աշխատողները, դպրոցները, ծնողներն ու երեխաները տեղեկացված լինեն ահազանգման տեղական մեխանիզմների, տեղական աջակցության և թեժ գծերի ծառայությունների մասին:
 
ՏՏ ձեռնարկություններին և առցանց սոցիալական ցանցերի հարթակներին ուղղված: Ապահովել, որ առցանց հարթակներն ունենան անվտանգության և պաշտպանության «բարձր» աստիճան, հատկապես վիրտուալ ուսուցման գործիքների պարագայում, և որ դրանք հասանելի լինեն ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին; խրախուսել և ներդնել անվտանգության հարցերով ուղղորդման և օժանդակ ծառայություններ; մշակել երեխայի իրավունքները հաշվի առնող քաղաքականություն։ Ներմուծել պաշտպանության ներկառուցված մեխանիզմներ՝ թարմացնելով դրանք ըստ անհրաժեշտության և ինտերնետ կապ տրամադրել՝ ոչ բարենպաստ պայմաններում գտնվող երեխաների համար։
 
Դպրոցներին ուղղված: Անվտանգության ներկայիս քաղաքականությունը վերափոխել այնպես, որ այն արտացոլի երեխաների ուսուցման նոր իրողությունները տնային պայմաններում։ Խթանել և մշտադիտարկել համացանցում դրական վարքագծի դրսևորումներն ու ապահովել, որ դպրոցում գործող խորհրդատվական ծառայությունները հասանելի լինեն երեխաներին։
 
Ծնողներին ուղղված: Ապահովել, որ երեխաների սարքերը ունենան ծրագրային և հակավիրուսային վերջին թարմացումները։ Երեխաների հետ բացեիբաց խոսել այն մասին, թե ինչպես և ում հետ են նրանք շփվում համացանցում։ Երեխաների հետ համատեղ կանոնակարգե՛լ, թե ինչպես, երբ և որտեղ կարելի է օգտվել համացանցից։ Զզգոն լինել երեխաների՝ իրենց առցանց գործունեության հետ կապված դրսևորվող անհանգստության նշանները բաց չթողնելու համար։ Ծանոթանալ դպրոցի քաղաքականության և ահազանգման տեղական մեխանիզմների հետ, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենալ աջակցության և այլ թեժ գծերի հեռախոսահամարները։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: