Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից

23 Հուլիս 2020
Ալավերդու մանկապարտեզի լուսավոր դահլիճում մի մեծ խումբ երեխաներ մասնակցում են երգի դասին։
UNICEF Armenia/2020/Margaryan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 23-ը հուլիսի, 2020թ - Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած հետազոտության, քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով փակվել են մանկապարտեզներն ու նախակրթարանները, աշխարհում առնվազն 40 միլիոն երեխա նախադպրոցական տարում բաց է թողնում վաղ մանկական ուսումնառությունը։

Ուսումնասիրության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների «Ինոչենտի» կենտրոնն անդրադարձել է աշխարհում երեխաների խնամքի և վաղ մանկական ուսումնառության վիճակին և վերլուծել, թե ինչպես է կորոնավիրուսի պատճառով այս կարևորագույն ծառայության դադարեցումն ազդել ընտանիքների վրա։

«Կորոնավիրուսային համավարակի պատճառով կրթական ծառայությունների ընդհատումները հնարավորություն չեն տալիս երեխաներին իրենց կրթության համար լավագույն սկիզբ ապահովել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Երեխաների խնամքն ու վաղ մանկական ուսումնառությունը այնպիսի ամուր հիմնաքարեր են, որոնց վրա է կառուցվում երեխաների զարգացման յուրաքանչյուր հետագա փուլ: Համավարակն այդ հիմնաքարի ամրությունը լուրջ վտանգի տակ է դնում»։

Երեխաների խնամքը գլոբալ ճգնաժամի օրերին. համավարակի ազդեցությունը աշխատանքային և ընտանեկան կյանքի վրա հետազոտությունը փաստում է, որ արգելափակումների պատճառով շատ ծնողներ կանգնել են երեխաների խնամքն ու աշխատանքը համատեղելու խնդրի առջև։ Ընդ որում, կանայք այս հարցում անհամաչափ բեռ են կրում, քանի որ, միջինում երեք անգամ ավելի ժամանակ են տրամադրում երեխաների խնամքին և տնային հոգսերին, քան տղամարդիկ։

Մինչև համավարակը երեխաների խնամքի և վաղ մանկական ուսումնառության կենտրոնների ոչ մատչելի, անորակ լինելու կամ հեռու գտնվելու պատճառով շատ ծնողներ ստիպված են եղել իրենց մանկահասակ երեխաներին թողնել անվտանգության և զարգացման առումով կասկածելի միջավայրում, իսկ մոտ 35 միլիոն երեխաների դեպքում՝ առանց մեծահասակների հսկողության (գլոբալ կտրվածքով)։

166 երկրներից կեսից էլ պակասն են տրամադրել անվճար նախակրթական ծրագրեր առնվազն մեկ տարի։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշն ընկել է՝ կազմելով 15 տոկոս։

Տանը մնացած բազմաթիվ մանկահասակ երեխաներ չեն ստանում առողջ զարգացման համար անհրաժեշտ խաղի և վաղ ուսումնառության հնարավորություն և աջակցություն։ Հաշվետու ցածր և միջին եկամուտ ունեցող 54 երկրում 3-ից 5 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը իրենց տանը բնակվող որևէ մեծահասակի կողմից չի ստացել սոցիալական, հուզական և ճանաչողական ակտիվության խթանում։

Ըստ զեկույցի, մանկապարտեզների և նախակրթարանների պակասի պատճառով շատ ծնողներ, մասնավորապես ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող կանայք, ստիպված են լինում մանկահասակ երեխաներին իրենց հետ աշխատանքի տանել։ Աֆրիկայում 10 կանանցից գրեթե 9-ը, իսկ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում՝ յուրաքանչյուր 10 կնոջից գրեթե 7-ը ոչ ֆորմալ զբաղվածություն ունեն և սոցիալական պաշտպանության ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն։ Շատ ծնողներ ներգրավված են ոչ վստահելի և վատ վարձատրվող աշխատանքում, ինչը նպաստում է աղքատության միջսերնդային շրջանի շարունակականությանը։

Ընտանիքների զարգացման և սոցիալապես միասնական հասարակություն ձևավորելու համար մատչելի, որակյալ մանկապարտեզների և նախակրթարանների առկայությունը հույժ կարևոր է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է երեխայի խնամքի հասանելի և մատչելի ծառայությունների ապահովումը ծնունդից մինչև առաջին դասարան։

Ուղեցույցում ներկայացված են ընտանիքահեն ծառայությունների ծրագրեր, այդ թվում՝

  • Վճարովի ծնողական արձակուրդ յուրաքանչյուր ծնողի համար՝ ապահովելով, որ ծնողական արձակուրդից հետո բաց չառաջանա մինչև երեխայի՝ մատչելի մանկապարտեզ հաճախելը։
  • Աշխատող ծնողների կարիքները բավարարող ճկուն աշխատանքային գրաֆիկ։
  • Սոցիալական պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, որ կհասնեն ոչ ֆորմալ զբաղվածության մեջ ընդգրկված ընտանիքներին։

«Կորոնավիրուսային համավարակը երեխայի խնամքին առնչվող ճգնաժամն է՛լ ավելի է խորացնում»,- ավելացրել է Ֆորը։ «Ծնողները կառավարության և գործատուի կողմից աջակցության կարիք ունեն՝ ապահովելու իրենց երեխաների ուսումնառությունն ու զարգացումը»։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին դիմակայելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է հետևյալ գործողությունները՝

  • Ստեղծել է կորոնավիրուսի թեմային նվիրված և պարբերաբար թարմացվող հատուկ լրահոս, որի շնորհիվ ծնողները կարող են ստանալ վստահելի տեղեկատվություն ամենատարբեր թեմաներով
  • Նախաձեռնել է #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը: Արշավի էջում ծնողները կարող են գտնել տանը երեխաների հետ նպաստավոր ժամանակ անցկացնելու բազմաթիվ քայլեր, ինչպես նաև երեխաների հետ միասին դիտել ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանի «Նռան հատիկը» և «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքերի ընթերցումը:
  • Իրականացնում է ֆոնդահայթայթում, որից հանգանակված գումարն ամբողջությամբ ուղղվելու է նախակրթարաններին ու դպրոցներին հիգիենայի և պաշտպանիչ պարագաների տրամադրմանը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: