Համավարակի հայտարարումից մեկ տարի անց` մանկական զարգացման կարևորագույն չափանիշները, ըստ էության, հետընթաց են ապրել

17 Մարտ 2021
A 7-year old boy drawing coronavirus
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 մարտի 2021թ.: ՔՈՎԻԴ-19-ի համավարակի հայտարարումից մեկ տարի անց, հիմնվելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալների վրա, աշխարհի երեխաների համար ձևավորվել են նոր կործանարար ու աղավաղված նորմաներ:

«ՔՈՎԻԴ-19-ի համավարակից մեկ տարի անց ակնհայտ է դարձել, որ մանկական զարգացման կարևորագույն չափանիշները, ըստ էության, հետընթաց են ապրել»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Քաղցած, մեկուսացած, բռնության ենթարկվող, տագնապի և աղքատության մեջ ապրող, հարկադրաբար ամուսնացող երեխաների թիվն աճել է: Միևնույն ժամանակ, նրանց համար նվազել է կրթության, սոցիալական շփումների, կարևոր ծառայությունների, ներառյալ՝ առողջապահության, սննդի ապահովման և պաշտպանության հասանելիությունը: Անհերքելի փաստ է, որ տարիներ շարունակ երեխաներն իրենց ներսում կրելու են համավարակի սպիները»:

Ինչպե՞ս է ՔՈՎԻԴ-19-ի համավարակն ազդել երեխաների վրա.

  • 2021թ.-ի մարտի դրությամբ` 107 երկրներում 71 միլիոն ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների 13 տոկոսը (համաշխարհային առումով ընդհանուր վարակվածների 62 տոկոսը) կազմում են մինչև 20 տ. տարիքային խմբի երեխաներն ու դեռահասները:
  • Զարգացող երկրներում երեխաների շրջանում կանխատեսվում է մոտ 15 տոկոսով աղքատության աճ: Արդեն նաև կանխատեսվել է, որ ևս 140 միլիոն երեխա կհայտնվի աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքներում:
  • Ամբողջ աշխարհում դպրոցները գրեթե մեկ տարով փակ են եղել ավելի քան 168 միլիոն աշակերտների համար: Դպրոցների փակ լինելու ընթացքում 3 աշակերտներից առնվազն 1-ը չի կարողացել օգտվել հեռավար ուսուցումից:
  • Մինչև տասնամյակի ավարտը կարող են տեղի ունենալ ևս 10 միլիոն մանկական ամուսնություններ` սպառնալով տարիների ընթացքում այդ թվի կրճատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացին:
  • 7 երեխաներից ու պատանիներից առնվազն 1-ը անցյալ տարվա մեծ մասն ապրել է «մնա տանը» կարգախոսով, որը հանգեցրել է տագնապի, ընկճախտի և մեկուսացման զգացումների առաջացման:
  • 2020թ.-ի նոյեմբերի դրությամբ` երեխաների ու դեռահասների հոգեկան առողջության ծառայությունների ավելի քան երկու երրորդը խափանված էր։
  • 2020թ.-ի նոյեմբերի դրությամբ` ևս 6-7 միլիոն մինչև 5 տ. երեխաներ 2021 թվականին կարող են բախվել թերաճության կամ թերսնուցման ծանր ձևերի հետ, որի հետևանքով թերաճ երեխաների թիվը կարող է աճել 14 տոկոսով` հասնելով մոտ 54 միլիոնի: Վերջինս կարող է ամսական ևս 10,000 երեխաների մահացության պատճառ դառնալ` հիմնականում Ենթասահարական Աֆրիկայում և Հարավային Ասիայում: Երեխաների և կանանց սնուցման ծառայությունների 40 տոկոսով նվազումը կարող է շատ այլ բացասական հետևանքների բերել:
  • 2020թ.-ի նոյեմբերի դրությամբ` ավելի քան 94 միլիոն բնակչության կարմրուկի դեմ պատվաստումների բացթողման վտանգ կար` 26 երկրներում կարմրուկի դեմ զանգվածային արշավների դադարեցման պատճառով:
  • 2020թ.-ի նոյեմբերի դրությամբ, 59 երկրներում առկա տվյալների համաձայն, փախստականների և ապաստարան փնտրողների համար հասանելի չէ ՔՈՎՒԴ-19-ի հետ կապված սոցիալական պաշտպանության աջակցությունը`սահմանների փակման, այլատյացության և խտրականության ավելացման պատճառով:
  • Ամբողջ աշխարհում շուրջ 3 միլիարդ մարդ տանը չունի ձեռքերի լվացման սովորական հարմարություններ, օճառ, ջուր: Օրական միջինը 700 մինչև 5 տարեկան երեխա մահանում է ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի բացակայությունից առաջացող հիվանդություններից:

«Երեխաները պետք է լինեն վերականգնման աշխատանքների կենտրոնում»,- նշել է Ֆորը: «Սա նշանակում է, որ վերաբացման ծրագրերում առաջնահերթությունը պետք է տրվի դպրոցներին: Սա նշանակում է, որ սոցիալական պաշտպանություն, այդ թվում` դրամական փոխանցումներ պետք է տրամադրվեն ընտանիքներին: Եվ, ի վերջո, սա նշանակում է, որ երեխաների ամենախոցելի խմբերին պետք է հասանելի լինեն կարևոր նշանակություն ունեցող ծառայությունները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պաշտպանել այս սերունդին և չթողնել, որ այն դառնա «կորած սերունդ»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: