Համավարակի ազդեցությունը կրթության վրա չափելու համար նոր՝ գլոբալ չափորոշիչ համակարգ է ստեղծվել

Չափման համակարգը ստեղծվել է Համաշխարհային բանկի, Ջոն Հոփքինս համալսարանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերի արդյունքում:

06 Ապրիլ 2021
A 12-year old boy in front of the PC during online class class_COVID-19
UNICEF Armenia/2020/Margaryan

6-ը ապրիլի 2021 թ. Վերջին մեկ տարվա ընթացքում ՔՈՎԻԴ-19 համավարակը խաթարել է 1.6 միլիարդ երեխաների կրթությունը: Կրթական համակարգի վրա նման գլոբալ ազդեցության հետևանքը չափելու համար Ջոն Հոփքինսի համալսարանի, Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակությամբ ստեղծվել է COVID-19 - Global Education Recovery Tracker -ը (ՔՈՎԻԴ-19. աշխարհում կրթության վերականգնման չափորոշիչ-համակարգ):

Չափորոշիչ-համակարգը, որը գործարկվել է նախորդ շաբաթվա վերջին, պետություններին հնարավորություն կտա որոշումներ կայացնելիս հաշվի առնել ավելի քան 200 պետություններում իրականացված վերաբացման և վերականգնման ծրագրի աշխատանքները:

Համակարգը գրանցում և հասանելի է դարձնում տեղեկատվությունը չորս հիմնական ոլորտներում.

  • Դպրոցական կրթության կարգավիճակը
  • Ուսուցման եղանակներ (հեռավար, առկա կամ հիբրիդային)
  • Կրթության վերականգնման համար աջակցության առկայությունը
  • Ուսուցիչների համար բավարար պատվաստանյութերի առկայություն

Չափման համակարգը հիմնվելու է Ջոն Հոփքինսի համալսարանի՝ ՔՈՎԻԴ-19 դեպքերի, թեսթավորման, պատվաստումների, որակյալ տվյալներ հավաքագրելու վերաբերյալ արված աշխատանքի, ինչպես նաև Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ համավարակի ընթացքում պետություններին գործնական և ծրագրային աջակցության հարցում ունեցած դերի և դրա նշանակության վրա:

2021 թ.-ի մարտի սկզբի տվյալներով, 51 երկիր ամբողջությամբ վերադարձել է առկա կրթությանը: Ավելի քան 90 երկրում ուսուցումն իրականացվում է այլընտրանքային տարբերակներով: Հեռավար ուսուցումը շարունակում է գերակշռել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ դպրոցները փակվել են, հիմնականում, վերջին շաբաթների ընթացքում: Այնուամենայնիվ, ենթասահարյան Աֆրիկայում աշակերտների մեծ մասը հաճախում է դպրոց: Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում առկա կրթությունը հիմնականում վերսկսվել է՝ հեռավորության պահպանման խիստ միջոցառումների ներդրմամբ: Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանները հիմնականում ապավինում են հիբրիդային կրթությանն այնտեղ, որտեղ ենթակառուցվածքները դա թույլ են տալիս: Լատինական Ամերիկայի ամբողջ տարածաշրջանում պետությունները կիրառում են խառը ձևաչափեր, որոնք ներառում են հեռավար, հիբրիդային և առկա կրթություն: Այնուամենայնիվ, դպրոցների մեծ մասը մասամբ կամ ամբողջովին փակ է առկա կրթության համար, և հեռավար տարբերակն առավել հաճախ օգտագործվող ձևաչափն է:

«Աշխարհը, նախքան ՔՈՎԻԴ-19-ը ևս բախվում էր կրթական ճգնաժամի հետ», - նշել է Համաշխարհային բանկի գլոբալ կրթության բաժնի ղեկավար Խայմե Սաավեդրան (Jaime Saavedra): «Մինչև ՔՈՎԻԴ-19 համավարակը 10 տարեկան երեխաների թիվը, որոնք չէին կարողանում կարդալ տարիքին համապատասխան փոքր տեքստեր, 5 տոկոս էր կազմում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում և միայն 9 տոկոս՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Մեկ տարի համավարակի պայմաններում լինելուց հետո, կրթության շարունակական ընդհատումները, ուսման ձևաչափերի փոփոխությունները և աշակերտների բարեկեցության հետ կապված մտահոգություններն ավելի շատ են, քան երբևէ, և կրթական այս ճգնաժամը խորանում է: ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված դպրոցների փակումն, ամենայն հավանականությամբ, կրթական աղքատության ցուցանիշը կբարձրացնի մինչև 63 տոկոս»:

Դպրոցների գործառնական կարգավիճակին հետևելուց զատ, համակարգը նաև դիտարկելու է, թե ինչ աջակցություն են ստանում աշակերտները, այդ թվում՝ ուսումնական տարվա ժամանակացույցի հետ կապված փոփոխություններ, կրկնուսուցում, ուսումնական ծրագրի կրկնություն՝ հատկապես տարրական դասարանների համար: Այս միջամտությունները կրթության վերականգնման գործընթացի կարևոր բաղադրիչը կդառնան, հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի է ամբողջ աշխարհում խաթարված է դպրոցականների 95 տոկոսի ուսումն ու բարեկեցությունը:

«Նույնիսկ այն դեպքում, երբ պատվաստանյութերը հասանելի են դառնում ամբողջ աշխարհում, աշխարհի հարյուր միլիոնավոր դպրոցականների համար այս համավարակի հետևանքները դեռևս շարունակվում են», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը: «Մենք պետք է առաջնահերթություն համարենք դպրոցների վերաբացումը, այդ թվում՝ ուսուցիչների պատվաստումը, երբ առաջնագծի աշխատակիցներն ու ռիսկային խմբում գտնվողները պատվաստվեն: Թեև նման որոշումները պետություններն իրենք են կայացնում՝ առերեսվելով բարդ ընտրության հետ, մենք պետք է առավելագույնն անենք հաջորդ սերնդի ապագան պաշտպանելու համար: Իսկ դա արվում է պաշտպանելով նրանց, ովքեր պատասխանատու են նրանց ապագայի համար»:

Այն երկրներում, որտեղ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը հասանելի է, համակարգը դիտարկում է ուսուցիչների՝ առաջնահերթություն լինելու ցուցանիշը: Մարտի սկզբի դրությամբ, ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում ուսուցիչները հիմնականում չեն պատվաստվում որպես առաջնահերթ խումբ: Ըստ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության, 130 երկրների ավելի քան երկու երրորդը ներկայումս չի պատվաստում ուսուցիչներին՝ որպես առաջնահերթ խմբի:

 

Իրավիճակը Հայաստանում

ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկման օրերին Հայաստանում դպրոցները փակվեցին 12 շաբաթ՝ 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին: Կրթական համակարգը կարողացավ մոբիլիզացնել ներքին և արտաքին ռեսուրսները՝ անցնելով առցանց ուսուցման: ՀՀ կառավարությունը կիրառեց թվային և ոչ թվային հարթակներ` ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար: Դրանց թվին էին պատկանում սոցիալական հարթակները, առցանց հարթակ և հեռուստատեսային կրթական ծրագրերը, այդ թվում՝ Հանրային հեռուստաալիքը, YouTube-յան և երկու կաբելային հեռուստաալիքներ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկեց heravar.armedu.am և e-school.am հեռավար ուսուցման հարթակները:

Հայաստանում նոր ուսումնական տարին մեկնարկեց 2020 թ. սեպտեմբերի 14-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՍՄ և ԱՆ միջգերատեսչական համագործակցության արդյունքում մշակված ընթացակարգերի պահանջների և ուղեցույցերի: ՔՈՎԻԴ-19. աշխարհում կրթության վերականգնման չափորոշիչ համակարգի կայքէջում, այս հղմամբ կարելի է տեղեկատվություն գտնել այն մասին, թե ինչպես է կրթությունը մատուցվում յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Տվյալների համաձայն, մեր երկիրը կիրառում է հիբրիդային մոդելը (դպրոցները գործում են՝ համատեղելով հեռավար և առկա ուսուցումը և [կամ աշակերտները բացառապես հեռավար են կրթվում]) և առկա (դպրոցները բաց են, և աշակերտները վերադարձել են առկա կրթության): Ընդհանուր առմամբ, Հայաստանում բոլոր դպրոցները բաց են: Ըստ ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, ներկայումս իրականացվում է իրավիճակային մոտեցում. այն է, եթե դպրոցի անձնակազմի և աշակերտների շրջանում կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 10 տոկոսը, ապա դպրոցն անցնում է հեռավար ուսուցման: Եթե սովորողը ռիսկային խմբի հիվանդություններից մեկն ունի կամ ընտանիքի անդամը գտնվում է կորոնավիրուսի ռիսկի խմբում, ապա տվյալ սովորողի համար կազմակերպվում է հեռավար ուսուցում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: