Կորոնավիրուսի համաճարակի օրերին առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածությունը սպառնում է հղի կանանց և նորածիններին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և դոնորներին՝ պահպանել կենսական նշանակության ծառայությունները հղի կանանց և նորածինների համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 15-ը մայիսի, 2020թ․– Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի, գրեթե 116 միլիոն նորածին կծնվի կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Ենթադրվում է, որ այս փոքրիկները կծնվեն կորոնավիրուսի մասին՝ որպես համավարակ մարտի 11-ին արված հայտարարությանը հաջորդած 40 շաբաթների ընթացքում, ժամանակահատված, երբ առողջապահական համակարգերն ու բժշկական պարագաների և սարքավորումների մատակարարման շղթաներն արդեն իսկ գերծանրաբեռնված են։
Նոր ծննդաբերած մայրերին ու նորածիններին սպասում է բարդ ժամանակաշրջան, այդ թվում՝ աշխարհում համատարած այնպիսի սահմանափակումներ՝ ինչպիսիք են ինքնամեկուսացումն ու պարետային ժամերը։ Բուժհաստատությունները ծանրաբեռնված են՝ կորոնավիրուսի դեմ պայքարելով։ Նկատելի են սարքավորումների պակասն ու մատակարարումների ուշացումերը, ինչպես նաև՝ առկա է ծննդաբերության ընթացքին հետևող հմուտ բուժաշխատողների պակաս, քանի որ բուժաշխատողները, այդ թվում՝ մանկաբարձները, վերազինվում են կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար:
«Միլիոնավոր կանայք ցանկացել են մայրանալ այն աշխարհում, որին մենք ծանոթ էինք: Այժմ նրանք պետք է պատրաստ լինեն կյանք տալ բոլորովին այլ աշխարհում։ Աշխարհ, որտեղ հղի կանայք վարանում են բուժհաստատություններ այցելել՝ վախենալով վարակվել կամ շտապ բժշկական օգնություն չստանալ՝ գերծանրաբեռնված առողջապահական համակարգի կամ ինքնամեկուսացման մեջ լինելու պատճառով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Դժվար է պատկերացնել, թե որքան է կորոնավիրուսային համավարակը վերափոխել մայրությունը»:
Մայիսին՝ ընտանիքի օրվան ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումները կարող են խաթարել առողջապահական ծառայությունների գործունեությունը ուղղված կյանքերի փրկության այնպիսի դեպքերին, ինչպիսին է ծննդաբերությունը՝ միլիոնավոր հղի կանանց և նրանց փոքրիկներին վտանգի ենթարկելով:
Համավարակի մասին հայտարարությանը հաջորդած 9 ամիսների ընթացքում ծնունդների առավելագույն թվով երկրներ են՝ Հնդկաստանը (20,1 միլիոն), Չինաստանը (13,5 միլիոն), Նիգերիան (6,4 միլիոն), Պակիստանը (5 միլիոն) և Ինդոնեզիան (4 միլիոն): Այս երկրների մեծ մասը նորածնային մահացության բարձր ցուցանիշներ է ունեցել նույնիսկ նախքան համավարակը, և այդ ցուցանիշը, կորոնավիրուսով պայմանավորված, կարող է աճել։
Նույնիսկ առավել հարուստ երկրներն են տուժում այս ճգնաժամից: Ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ում, որ ակնկալվող ծնունդների թվով վեցերորդ երկիրն է, մարտի 11-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 3,3 միլիոն ծնունդ կգրանցվի: Նյու Յորքում իշխանությունները ծննդաբերության համար նախատեսված այլընտրանքային կենտրոններ են փորձում գտնել, քանի որ բազմաթիվ հղի կանայք վախենում են ծննդաբերել հիվանդանոցներում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիշեցնում է, որ չնայած փաստերը վկայում են, որ հղի կանայք ավելի հաճախ չեն վարակվում կորոնավիրուսով, քան մյուսները, պետությունները պետք է ապահովեն նախածննդյան, ծննդաբերական և հետծննդյան ծառայություններ: Պետք է հաշվի առնել, որ վատառողջ նորածիններին հարկավոր է շտապ բուժօգնություն տրամադրել, քանի որ նրանք մահվան վտանգի են ենթարկված: Նորաստեղծ ընտանիքներին աջակցություն է հարկավոր, որպեսզի մայրերը սկսեն կրծքով կերակրումը, համապատասխան դեղորայք, պատվաստումներ և պատշաճ սնունդ ստանան՝ իրենց երեխաներին առողջ պահելու համար:
Ամբողջ աշխարհի մայրերի անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջիկա ամիսներին կառավարություններին և բուժաշխատողներին կյանքեր փրկելու հրատապ կոչ է անում՝ ուղղված։ Մասնավորապես՝
- Աջակցել հղի կանանց նախածննդյան հսկողություն իրականացնելու հարցում, ծննդաբերության ժամանակ հմուտ օգնություն տրամադրել, ինչպես նաև՝ հետծննդյան խնամք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կորոնավիրուսի հետ կապված բուժօգնություն:
- Ապահովել բուժաշխատողներին անհրաժեշտ անհատական պաշտպանիչ պարագաներով, ինչպես նաև առաջնահերթ թեսթավորում և պատվաստումներ իրականացնել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը հասանելի դառնալուն պես, որպեսզի վերջիններս համավարակի ընթացքում կարողանան բարձրորակ խնամք ցուցաբերել բոլոր հղի կանանց և նորածին երեխաների նկատմամբ:
- Երաշխավորել, որ վարակի կանխարգելման և վերահսկման բոլոր միջոցները առկա են բուժհաստատություններում ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից անմիջապես հետո:
- Թույլատրել բուժաշխատողներին տնաայցերի միջոցով օգնություն ցուցաբերել հղի կանանց և նորաթուխ ծնողներին:
- Ֆինանսական միջոցներ հատկացնել կենսարար նշանակության ծառայությունների իրականացման համար, ինչպես նաև համապատասխան պարագաներ և սարքավորումներ մոր և մանկան առողջության պահպանման համար։
Թեև դեռ հայտնի չէ՝ վիրուսը փոխանցվում է մորից մանկանը հղիության և ծննդաբերության ընթացքում, թե՝ ոչ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հղի կանանց խորհուրդ է տալիս․
- հետևել նախազգուշական միջոցառումներին։ Ուշադիր հետևել իրենց առողջությանը՝ ՔՈՎԻԴ- 19-ի ախտանշանները հայտնաբերելու համար և դիմել ամենամոտ համապատասխան հաստատություն,եթե բողոքներ ունեն կամ հիվանդության նախանշաններ։
- Կիրառել այն բոլոր նախազգուշական միջոցառումները վարակից պաշտպանվելու համար, ինչ բոլորը՝ պահպանել ֆիզիկական հեռավորություն, խուսափել բազմամարդ վայրերից և հնարավորություն դեպքում օգտվել առցանց բժշկական խորհրդատվությունից։
- Շարունակել կրծքով կերակրել իրենց երեխային, նույնիսկ եթե վարակված են կամ կասկածում են, որ վարակված են կորոնավիրուսով, քանի որ վիրուսը չի հայտնաբերվել կրծքի կաթի նմուշներում: Կորոնավիրուսով վարակված մայրերը իրենց երեխային կերակրելու ժամանակ պետք է դիմակ կրեն. ձեռքերը լվանան երեխային դիպչելուց առաջ և հետո և պարբերաբար մաքրեն և ախտահանեն ձեռքերով հաճախակի շոշափվող մակերեսները։
- Շարունակել գրկել նորածնին և ապահովել մաշկը մաշկին շփումը։
- Ճշտեն իրենց մանկաբարձուհուց կամ բժշկից՝ որտեղ է առավել անվտանգ ծննաբերել, ծննդաբերական պլան կազմել՝ ավելորդ անհանգստություններից խուսափելու համար և ժամանակին տեղ հասնելու համար
- Շարունակել բժշկական միջամտությունները, այդ թվում՝ պլանային պատվաստումները, երեխայի ծնվելուց հետո։
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram ևYouTube-ում: