Կատարելագործված Together4Armenia հարթակը միավորում է 14 երկրներից 62 սփյուռքահայ մասնագետների Հայաստանում իրականացվող 52 ծրագրերի շուրջ. ավելին` առաջիկայում

27 Հունիս 2018
Մասնակիցները լուսանկարվում են Together4Armenia հարթակի հերթական միջոցառման ժամանակ
UNICEF Armenia/2018/Eloyan
Together4Armenia (Միասին հանուն Հայաստանի) հարթակի հունիսի 27-ի միջոցառման մասնակիցները ծանոթացան ներգրավված փորձագետների ու շահառուների ներկայացրած պատմություններին և քննարկեցին ինտելեկտուալ կամավորության արժեքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը,  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի հետ միասին  հունիսի 27-ին ներկայացրին Together4Armenia (Միասին հանուն Հայաստանի) հարթակի նոր ձևաչափով վերագործարկված տարբերակը (www.Together4Armenia.am): Նորացված հնարավորություններով հարթակի նպատակը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ փորձագետների և Հայաստանի համայնքների ու հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ ու տևական կապ ձևավորելն է:
 
Together4Armenia-ն խրախուսում է ինտելեկտուալ կամավորությունը՝ կամուրջ հանդիսանալով տեղական նախաձեռնությունների և Սփյուռքի հայ մասնագետների միջև, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքը ծառայեցնել Հայաստանի մարզերի զարգացմանը: Վերափոխված հարթակն ավելի պարզ ու հարմար է օգտագործման համար թե´ գրանցման, թե´ համագործակցության ընթացքում: Հարթակն ունի որոնման և առցանց հաղորդակցման համակարգեր, որոնք օգնում են արագ կերպով գտնել համայնքային ծրագրերի պահանջներին համապատասխան մասնագետների և անմիջական կապ են ստեղծում երկու կողմերի միջև:
 
«Together4Armenia հարթակը խթանում է գիտելիքի և փորձի փոխանցումը և բարի կամքի դրսևորումը, ինչը մեծապես կարևոր է Հայաստանի զարգացման ներկա փուլում: Մենք լիահույս ենք, որ այս հարթակի միջոցով Սփյուռքի լավագույն մասնագիտական ներուժը կօգնի ամրապնդել Հայաստանի համայնքները՝ առավել ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելով հայ ընտանիքների և նրանց երեխաների համար»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
 
2016թ.-ից ի վեր ավելի քան 60 մասնագետ Սփյուռքից այս անվճար վեբ-հարթակի միջոցով իր փորձն է փոխանցել Հայաստանում ապրող մոտ 2100 բնակչի: Նրանց մասնակցությունն ու խորհրդատվությունն օգնում է լուծումներ գտնել համայնքային տարբեր խնդիրների համար և նոր շունչ հաղորդել ամենատարբեր ոլորտների զարգացմանը՝ կրթությունից մինչև գյուղատնտեսություն, նորարարական տեխնոլոգիաներից մինչև ծրագրերի կառավարում:   
 
«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համար ավելի հզոր Հայաստան կառուցելու նախապայմաններից մեկը բազմակողմանի զարգացած և ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալն է: Մենք հավատացած ենք, որ Սփյուռքի մասնագետների ներուժը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման գործում ներգրավելը բացառիկ հնարավորություն է, որը կնպաստի նաև Հայաստանի և Սփյուռքի միջև երկարաժամկետ կապերի հաստատմանը: Սրանք ՀԲԸՄ Հայաստանի այն կարևորագույն երկու նպատակներն են, որոնց իրականացման համար կարևոր հարթակ է հանդիսանում Together4Armenia-ն»,- նշել է ՀԲԸՄ Հայաստանի ՔՀ Կամուրջ ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը:
 
Միջոցառմանը մասնակիցները ծանոթացան ներգրավված փորձագետների ու շահառուների ներկայացրած պատմություններին և քննարկեցին ինտելեկտուալ կամավորության արժեքը՝ որպես Հայաստանի զարգացման գործում շոշափելի արդյունք բերող նշանակալից միջոց:
 
Այցելե՛ք www.Together4Armenia.am կայք այսօր և հետևեք փորձագետների ու ծրագրերի նորություններին www.facebook.com/Together4Armenia/ էջի միջոցով, որտեղ կարող եք տեղադրել ֆեյսբուքյան Ձեր էջի նկարը T4A հատուկ շրջանակի մեջ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում