Կապան քաղաքի Բարնահուս և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները Սյունիքում ամրապնդում են երեխաների պաշտպանության ծառայությունները
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այլ գործընկերներ նշում են Կապանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի վերաբացումը և Կապանի Բարնահուսի գործարկումը։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ԿԱՊԱՆ – ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է Հայաստանում երկրորդ «Բարնահուս» ապահով անկյան գործարկումը, որը գտնվում է Կապան քաղաքում: Այն ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Որպես երեխաների համար առաջին ապահով անկյուն Սյունիքի մարզում՝ Բարնահուսը բռնության զոհ դարձած երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական և բազմագերատեսչական պաշտպանություն և կիրականացնի արդարադատության երեխայակենտրոն ընթացակարգեր: Այստեղ հնարավոր կլինի անցկացնել երեխայի հարցաքննություն և դատաբժշկական փորձաքննություն, երեխայի վիճակի համակողմանի գնահատում: Երեխաները նաև ճգնաժամային աջակցության ծառայություններ կստանան համապատասխան մասնագետներից:
Ինչպես Երևանի Բարնահուսի ապահով անկյունը՝ Կապանի կենտրոնը ևս նախագծվել է երեխայակենտրոն արդարադատության՝ Բարնահուսի միջազգային մոտեցման նմանությամբ, որը մեկ հարկի տակ է միավորում իրավապահներին, քրեական արդարադատության համակարգը, երեխայի պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցներին՝ համագործակցելու և տուժած երեխաների վիճակը միասին գնահատելու համար:
«Լիահույս եմ, որ բազմամասնագիտական և միջգերատեսչական այս մոտեցումը հնարավորություն կտա ապահովել պայմաններ՝ բարելավելու բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունը, այն դարձնելու համահունչ երեխայի լավագույն շահին։ Այս գործընթացում և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առհասարակ, ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների համագործակցությունը սերտ է ու ամենօրյա, քանի որ բոլորիս ջանքերն ուղղված է մեկ նպատակի՝ երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը»,- նշել է պրն. Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
«Բարնահուս մոտեցումով կարելի է խուսափել կրկնակի զոհայնացումից և բարձրացնել արդարադատության գործընթացի արդյունավետությունը՝ միջոցներ ձեռնարկելով՝ պաշտպանելու գործընթացի գաղտնիությունը, տուժած երեխաների ինքնությունը՝ միաժամանակ օգնելով նրանց՝ վերականգնվել: Երևանի և Կապանի անվտանգ վայրերի գործարկումը հնարավոր է դարձել ՀՀ քննչական կոմիտեի, աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության հաստատուն հանձնառությամբ և ղեկավարությամբ»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Վերջին տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Քրեական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որպեսզի երեխաներին հարցաքննեն միայն որակավորված դատաբժշկական հոգեբան-հարցազրուցավարները: Ի լրումն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Արդարադատության նախարարությանը՝ վերապատրաստման մոդուլների մշակման և 53 հոգեբանների հետագա վերապատրաստման և ատեստավորման հարցում:
Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել են Կապանի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի վերաբացումը, որը նաև ծառայում է որպես ճգնաժամային կենտրոն Սյունիքի մարզի խոցելի երեխաների և ընտանիքների համար: Փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ և Վորլդ Վիժնի հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգել է կենտրոնը և հատուկ սարքավորումներ տրամադրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Վորլդ Վիժնը նաև կահավորել է կենտրոնը:
Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին համագործակցության և ծրագրի իրականացման ողջ ընթացքում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար։ Նա ընդգծեց, որ այս ծրագիրը ոչ միայն վերանորոգման մասին է, այն կոչված է բարեփոխելու և բարելավելու երեխաների կյանքը: «Կարևորն այն աշխատանքն է, որը պետք է իրականացվի այս վերանորոգված պատերի ներսում և այս շենքից դուրս։ Երեխաների հետ աշխատանքն է, որ փոփոխություն կբերի, և ես վստահ եմ, որ այդ ջանքերի արդյունքները շատ օգտակար կլինեն երեխաների համար»,- նշել է Րաֆֆի Դուդակլյանը:
Կապանի երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնը սպասարկում է 91 երեխաների Սյունիքում և տրամադրում շուրջօրյա խնամքի ծառայություններ 10 երեխաների և դեռահասների: Նոր վերանորոգված և կահավորված կենտրոնները կկարողանան ծառայություններ տրամադրել համապատասխանաբար 100 և 40 երեխաների:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: