Ծնվել ու ապրել: Աշխարհում յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ հղի կին կամ նորածին երեխա է մահանում

19 Սեպտեմբեր 2019
Նորածինը պայքարում է իր կյանքի համար ինկուբատորում: Նա թաթիկը կարծես թե դուրս է հանում ինկուբատորից՝ կարծես ցուցադրելով ինկուբատորից դուրս գալու և ապրելու ցանկությունը:
UNICEF Armenia/2018/Osipova

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում: Այս մահերը հիմնականում կանխարգելելի են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Համաշխարհային բանկը մայրական և մանկական մահացության վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել:

Մայրերի ու նրանց փոքրիկների համար ծննդաբերության շրջանը հատկապես բարդ փուլ է: Մայրական մահացության պատճառ հանդիսացող բարդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ և առանց նախազգուշացման թե՛ հղիության ու թե՛ անմիջապես ծննդաբերության ընթացքում:  Ըստ վերջին տվյալների՝ 2017թ-ին հղիության ու ծննդաբերության բարդությունների պատճառով յուրաքանչյուր օր ավելի քան 800 կնոջ մահ է գրանցվել:

Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Նրանց համար ամենառիսկայինը ծնվելուն հաջորդող մեկ ամիսն է: 2018թ-ին յուրաքանչյուր օր 7000 նորածնի մահ է գրանցվել: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ ¾-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Երեխաների մահացության նոր տվյալների համաձայն՝ նորածնային մահերը կազմում են մինչև 5 տարեկան մահերի գրեթե կեսը:

«Ամբողջ աշխարհում երեխայի ծնունդը անչափ ուրախալի նորություն է: Մինչդեռ, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ երեխայի ծնունդը դժբախտություն է մեկ ընտանիքի համար»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը (Henrietta Fore): «Ծննդաբերության ժամանակ մայրիկներին ու փոքրիկներին աջակցող հմուտ ձեռքերը՝մաքուր ջրի, համապատասխան սննդի, դեղամիջոցների ու պատվաստումների հետ միասին, իսկապես կարող են լուծել կյանքի ու մահվան հարցը: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ առողջապահության որակյալ ծառայությունների համաշխարհային ծածկույթ ներդնելու համար, որպեսզի կարողանանք փրկել այդ անգին կյանքերը»:

Երեխաների մահացության վերաբերյալ մի քանի հիմնական նոր տվյալներ

  1. Նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազում, քան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը: Աշխարհում 1990-2018թթ-ին նորածնային մահացության ցուցանիշը նվազել է տարեկան 2,6 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ տարեկան 3,6 տոկոսով:
  2. Երկրների միջև հսկայական տարբերություններ կան: Օրինակ՝ Ենթասահարյան Աֆրիկայում մայրական մահացության ցուցանիշը 50 անգամ գերազանցում է բարձր եկամուտ ունեցող երկրների ցուցանիշը: Իսկ մինչև 1 ամսական երեխաների մահացությունը 10 անգամ ավելի բարձր է:
  3. Նորածինների ու հղի կանանց մահերի մեծամասնության պատճառները կանխարգելելի են և բուժելի: Նորածինների մահերի հիմնական պատճառներն են նրանց վաղաժամ կամ շատ փոքր քաշով ծնվելը, ծննդաբերության բարդությունները կամ բնածին արատները, սեպսիսը և փայտացումը:
  4. 2018-ին գրեթե 6,2 միլիոն մինչև 15 տարեկան երեխա է մահացել: Ամբողջ աշխարհում 2018-ին մանկական մահերի 85 տոկոսը կազմել են մինչև 5 տարեկան երեխաների մահերը: 2,5 միլիոն մահերը գրանցվել են երեխայի մինչև մեկ ամսական լրանալը, իսկ 4 միլիոնը՝ մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը:
  5. Իրավիճակը հնարավոր է բարելավել: 1990թ-ից մինչև 15 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 56 տոկոսով:
  6. Մենք պետք է հիմա գործենք: Եթե հիմա ոչինչ չանենք, ապա 2019-2030 թթ-ին կկորցնենք 62 միլիոն մինչև 15 տարեկան երեխաների կյանքեր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝

  • Ավելացնել ներդրումները և բարձրացնել իրազեկվածությունը հատկապես նորածնային և մայրական առողջությանը վերաբերող ոլորտներում և թիրախել մահերի հիմնական պատճառները, ինչպիսիք են՝ թոքաբորբն ու փորլուծությունը:
  • Վերապատրաստել բուժաշխատողներին և վերազինել բուժհաստատությունները համապատասխան սարքավորումներով:
  • Ներդրումներ անել մինչ ծննդաբերական ծառայությունների ոլորտում՝ հզորացնելով առողջապահական համակարգը:
  • Ապահովել մաքուր, ֆունկցիոնալ բուժհաստատություններ՝ հոսող ջրով, օճառով և էլեկտրաէներգիայով:
  • Զորեղացնել դեռահաս աղջիկներին, մայրիկներին և ընտանիքներին, որպեսզի նրանք պահանջեն և ստանան որակյալ խնամք ու ծառայություններ։

Իրավիճակը Հայաստանում

2018թ-ին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայրական մահացության գործակիցը 2018թ-ին կազմել է 21.9 միավոր 100,000 կենդանի ծնվածի հաշվով: Հայաստանը առաջխաղացում է գրանցել այս ոլորտում և 2000թ-ի համեմատ՝ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 58 տոկոսով:

Ինչ վերաբերում է Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահացությանը, ապա 2018թ-ին մանկական մահացության գործակիցը կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով: Այստեղ նույնպես իրավիճակը բարելավվել է: 2000թ-ի համեմատ՝ մանկական մահացության ցուցանիշը նվազել է 55 տոկոսով:

Այնուամենայնիվ, 2018թ-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56 1-4 տարեկան երեխաների կյանք:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Մուլտիմեդիա բովանդակություն

ՅՈԻՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ նորածնային մահերի թիվը կրճատելու և մարզերում նորածնային խնամքն ու բուժօգնությունը բարելավելու ուղղությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: