Ժամանակը սուղ է երեխաների համար, մինչդեռ սովը, երաշտը և պատերազմը վտանգի են ենթարկում միլիոնավոր կյանքեր

ՅՈՒՆԻՍԵֆ-ը մոտ 255 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման շտապ կոչ է անում, Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում տուժածների տարրական կարիքները հոգալու նպատակով

29 Մարտ 2017
Փոքրիկ տղան իր մոր գրկում
UNICEF/UN061118/Knowles-Coursin
Սոմալիի հիվանդանոցներից մեկում մայրերն իրենց երեխաների հետ սպասում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող թերսնուցման հետազոտության արդյունքներին: Միայն 2017թ. Սոմալիում թերսնուցվել է մոտ 944,000 երեխա:

Նյու Յորք/Դակար/Նաիրոբի/Ամման, 29 մարտի, 2017թ. - Հարավային Սուդանում սովի մասին հայտարարելուց ավելի քան մեկ ամիս անց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հնչեցնում, որ ժամանակն արդեն սուղ է ավելի քան մեկ միլիոն երեխաների համար, ում կյանքը վտանգի տակ է Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Յեմենում տիրող երաշտի և զինված հակամարտությունների պատճառով:

«Երեխաները չեն կարող սպասել սովի մասին մեկ այլ հայտարարության, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք», - ասաց Մանուել Ֆոնտենը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրենը: «Մենք 2011թ.-ին, Սոմալիայի օրինակից սովորեցինք, որ մինչ սովի մասին հայտարարության տարածումը, անհայտ թվով երեխաներ արդեն հեռացել էին կյանքից: Դա այլևս չպետք է կրկնվի»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այդ չորս երկրներում մոտ 22 միլիոն երեխա գտնվում է սոված, հիվանդ, տեղահանված և դպրոցից դուրս մնացած վիճակում: Ավելին, մոտ 1.4 միլիոն երեխաների կյանքն այս տարի մահվան ռիսկի տակ է թերսնուցման պատճառով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ին հարկավոր է մոտ 255 միլիոն ԱՄՆ դոլար այս երեխաներին տրամադրելու սնունդ, ջուր, ինչպես նաև առողջապահության, կրթության և պաշտպանության ծառայություններ գալիք ամիսների ընթացքում:

Ֆինանսավորման մեծ մասը, մոտ 81 միլիոն ԱՄՆ դոլար, կտրամադրվի սնուցման ծրագրերին, որպեսզի երեխաները սնուցման վիճակի գնահատում անցնեն և, ըստ անհրաժեշտության, ստանան հատուկ թերապևտիկ սնունդ:

Լրացուցիչ 53 միլիոն ԱՄՆ ղոլար կհատկացվի առողջապահության ծրագրերին, ներառյալ պատվաստումների իրականացմանը: Փորլուծային վտանգավոր հիվանդությունների կանխարգելման նպատակով մոտ 47 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի մաքուր ջրի և հիգիենայի-սանիտարիայի պայմանների պահպանման ծրագրերի իրականացմանը:

Մնացած ֆինանսական միջոցները կուղղվեն հակամարտությունների և տեղահանության հետևանքով տուժված երեխաների պաշտպանությանն ու կրթության ծառայություններին: Առավել խոցելի ընտանիքներին կառաջարկվի սոցիալական աջակցություն նպաստների տեսքով:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, զինված հակամարտությունը տվյալ ճգնաժամի հիմնական պատճառն է: Հիմնադրամը տվյալ երկրներում բնակվող երեխաների իրավունքների ոտնահարումը դադարեցնելու և տուժած երեխաներին օգնություն հասցնելու համար արգելքների վերացման կոչ է անում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում