Ըստ ODI-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, երեխայի համընդհանուր նպաստը կարող է նշանակալիորեն նվազեցնել աղքատությունը

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի իրավիճակում սոցիալական պաշտպանության ծառայություններն են օգնում ընտանիքներին դիմագրավել զրկանքներին։

19 Հունիս 2020
Լուսանկարում աղջնակ է պատկերված, ով կենտրոնացած և մի քիչ էլ տխուր հայացք ունի։
UNICEF Armenia/2016/Pirozzi

Նյու Յորք, 18-ը հունիսի, 2020թ։ Երեխայի համընդհանուր նպաստը՝ առանց պայմանի դրամական վճարները կամ հարկային արտոնությունները, հասանելի են աշխարհի յուրաքանչյուր 10-րդ երկրում միայն, մինչդեռ այն մանկական աղքատությունը հաղթահարելու գործում կարևորագույն դեր ունի՝ նշվում է ODI-ի (Overseas Development Institute) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։
 
«Երեխայի համընդհանուր նպաստ․ քաղաքականության խնդիրներն ու տարբերակները» զեկույցը փաստում է, որ եթե միջին եկամուտ ունեցող երկրներում երեխայի համընդհանուր նպաստը կազմի ՀՆԱ-ի միայն 1%-ը, ապա այն կարող է նվազեցնել բնակչության աղքատությունը 20%-ով։
 
Բարձր եկամուտ ունեցող 15 երկրներում երեխայի համընդհանուր նպաստի տրամադրման շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել մանկական աղքատությունը միջինում 5%-ով։ Ապացուցված է նաև, որ երեխայի համընդհանուր նպաստը բարելավում է երեխայի կյանքը, առողջությունը, կրթությունը, սննդային ապահովվածությունը, ինչպես նաև՝ զարգացնում երեխայի՝ չափահաս տարիքում հասարակությանն ու տնտեսության զարգացմանը նպաստելու կարողությունը։
 
«Հօգուտ երեխաների իրականացվող ներդրումները ոչ միայն փոխում են նրանց կյանքը, այլև՝ նպաստում են համայնքի և, ի վերջո, ամբողջ հասարակության զարգացմանը»,- նշում  է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Այսօր, երբ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը սպառնում է աղքատության նվազեցման ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին, երեխայի համընդհանուր նպաստը կարող է որոշիչ դեր ունենալ։ Դրա շնորհիվ հնարավոր է պաշտպանել խոցելի ընտանիքներին և թույլ չտալ, որ աղքատությունը խորանա, իսկ զրկանքները՝ շատանան»։
 
Նպաստների համընդհանրացումը նվազեցնում է անապահովության միավորը հաշվելու համակարգի ռիսկերը։ Սոցիալական պաշտպանության ծրագրերի համընդհանրացումը նաև օգնում է փարատել նպաստ ստանալու հետ ասոցվող խարանը:
«Երեխայի համընդհանուր նպաստի շնորհիվ հնարավոր է նվազեցնել աղքատությունը՝ միևնույն ժամանակ նպաստելով սոցիալական համախմբմանը։ Նպաստի համընդհանուր համակարգը կիրառող երկրներում այն սոցիալական պաշտպանության ազգային համակարգի հիմնաքարային մաս է կազմում, իսկ ճգնաժամի պայմաններում բարձրացնում է սոցիալական պաշտպանության մակարդակը»,- նշում է Սառա Պանտուլիանոն (Sara Pantuliano)՝ ODI-ի գործադիր տնօրենը։
 
Զեկույցի հեղինակները փաստում են, որ դրամական փոխանցումները չեն նվազեցնում վճարովի աշխատանքում ներգրավված աշխատունակ մարդկանց թիվը, այլ օգնում են ծնողներին՝ հավասարակշռել ընտանիքի կարիքներն ու աշխատաշուկայի պահանջները։
 
Զեկույցում նշվում է, որ ընտանեկան և երեխայի նպաստների ծածկույթի ընդլայնումը հնարավոր է, եթե այն սահմանվում է որպես ազգային առաջնահերթություն և ունի համապատասխան ֆինանսավորում: Բայց երեխայի համընդհանուր նպաստի համակարգին զուգահեռ պետք է գործի սոցիալական պաշտպանության համապարփակ համակարգ, ինչպես նաև՝ որակյալ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ առողջապահության և կրթական։
 
Զեկույցում նաև անդրադարձել են այն հարցին, թե ինչպես է հնարավոր համընդհանուր ծածկույթ ապահովել, և թե ինչպես ցածր եկամուտ ունեցող երկրներում կարելի է իրականացնել փոքր երեխաների համար նախատեսված փոխանցումներն ու համակարգ ստեղծել տարբեր տարիքի երեխաների համար։  Օրենսդրական դաշտի համապատասխան փոփոխությունների, ֆինանսական և վարչական կարողությունների հզորացման, քաղաքական և հանրային աջակցություն ձեռքբերելու արդյունքում հնարավոր է հասնել երեխայի համընդհանուր նպաստի համակարգի ներդրմանը։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: