Էկրանի առաջ անցկացրած ժամանակի ավելացման ֆոնին աճում է երեխաների և երիտասարդների բարեկեցության շուրջ մտահոգությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հաղորդագրությունը Անվտանգ համացանցի օրվա առթիվ

09 Փետրվար 2021
Աղջնակը նստած է իր անկողնու վրա՝ գրկին դրված է համակարգիչ և նա ամբողջովին ընկղմված է համակարգչի մեջ։
UNICEF Armenia/2020/Anush Babajanyan

Նյու Յորք9-ը փետրվարի2021թ - «ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում միլիոնավոր երեխաների և երիտասարդների կյանքը փոխվել է՝ սահմանափակվելով տանը և էկրանի մոտ անցկացրած ժամանակով։ Շատերի համար առցանց լինելը շատ արագ դարձավ խաղալու, շփվելու և սովորելու միակ տարբերակը։
 
Թեև տեխնոլոգիաները և թվային լուծումները կրթվելու, ժամանակ անցկացնելու և կապի մեջ լինելու հսկայական հնարավորություններ են ընձեռում երեխաներին, այդ նույն գործիքները կարող են նաև անթիվ վտանգների պատճառ հանդիսանալ։ Նույնիսկ նախքան համավարակը, առցանց սեռական բռնությունը, վտանգավոր բովանդակությունը, ապատեղեկատվությունը և կիբերբուլինգը վտանգում էին երեխաների իրավունքները, սպառնում անվտանգությանն ու հոգեկան առողջությանը։
 
Առցանց կամ իրական կյանքում արդեն իսկ վտանգի ենթարկված երեխաների համար էկրանի մոտ անցկացրած ժամանակի ավելացումը կարող են ավելի սրել նրանց ապրումները։ Դպրոցների փակումը, ֆիզիկական հեռավորություն պահպանելու կանոնը, մատուցվող ծառայությունների սահմանափակումը և խոցելի ընտանիքների արդեն իսկ լարված վիճակը, խաթարել են կամ նվազեցրել նրանց համար որոշ պաշտպանական ծառայությունների հասանելիությունը։
 
Միևնույն ժամանակ, երեխաների ֆիզիկական և հոգեբանական առողջության շուրջ մտահոգությունը գնալով խորանում է։ Որոշ վկայություններ փաստում են, որ առցանց ժամանակի ավելացումը նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը, ազդում  քնի որակի վրա, ավելացնում տագնապը և նպաստում անառողջ սնվելուն։
 
Քանի որ թևակոխել ենք համավարակի երկրորդ տարին, արդեն կասկած չկա, որ համացանցը և տեխնոլոգիաները շարունակելու են ավելի մեծ դեր խաղալ միլիոնավոր երեխաների կյանքում։
 
Անվտանգ համացանցի օրվա առթիվ մենք ավելի անվտանգ թվային աշխարհ վերստեղծելու հնարավորություն ունենք․ աշխարհ, որ առանձնահատուկ կերպով է կարևորում և պաշտպանում երեխաների ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը։
 
Ահա թե ինչպես կարող եք անել դա․

  • Կառավարությունների հետ համատեղ վերապատրաստել առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտների աշխատողներին՝ տեղեկացնելու երեխաների բարեկեցության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին, այդ թվում՝ առցանց վտանգների մասին՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ երեխաների պաշտպանության և հոգեբանական աջակցության անկյունաքարային ծառայությունները շարունակեն գործել թե՛ համավարակի ընթացքում, թե՛ առհասարակ։
  • Ապահովել, որ ՏՏ ոլորտը, այդ թվում՝ սոցիալական ցանցերը, երաշխավորեն առցանց համակարգերի անվտանգության և վերահսկողության գործիքների առկայությունը և դրանց հասանելիությունը ուսուցիչների, ծնողների և երեխաների համար։
  • Աշխատել հանրային և մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ անվտանգ տեխնոլոգիաների համար ներդրումներ ապահովելու և որակյալ կրթությունը և հմտությունների ձեռքբերումը խրախուսելու համար։
  • Աջակցել ծնողներին՝ իրենց երեխաներին համացանցի և թվային տեխնոլոգիաների վտանգները օգնել հասկանալու հարցում, միևնույն ժամանակ՝ ճանաչել և արձագանքել դրանց պատճառով առաջացած սթրեսին։
  • Դպրոցներում աշակերտների համար ապահովել խորհրդատվական ծառայություններ և մշակել համապատասխան քաղաքականություն, նաև՝ առցանց, որոնք կարձագանքեն երեխայի պաշտպանության և հոգեբանական առողջության մտահոգություններին։

Երեխաների և երիտասարդների համար ավելի լավ, ավելի միասնական հետկորոնավիրուսային աշխարհ կերտել, նշանակում է օգնել նրանց հավասարակշռել թվային և իրական աշխարհները՝ իրենց շրջապատի հետ անվտանգ և դրական հարաբերություններ ձևավորելով և նրանց համար անհրաժեշտ աջակցությունը հասանելի դարձնելով»։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: