Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ հայ երեխաները կոչ են անում Հայաստանի որոշում ընդունողներին՝ վերահաստատել երեխայի իրավունքները պաշտպանելու իրենց պատրաստակամությունը

Հայաստանում ավելի քան 5200 երեխա ընդգրկվել է Երեխաների համաշխարհային օրվա ծրագրերում

27 Նոյեմբեր 2019
Երեխաների գագաթնաժողովին երեք երեխա, հռչակագիրը կարդալուց հետո, այն հանձնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Զառա Բաթոյանին։
UNICEF Armenia/2019/Gevorgyan

Երևան, 26-ը նոյեմբերի, 2019: Հայաստանը տարեցտարի ավելի մեծ շուքով է տոնում Երեխաների համաշխարհային օրը։ Այս տարին աննախադեպ էր մարզային ներգրավվածության ու երեխաների և որոշում կայացնողների մասնակցության առումով։

Նոյեմբերի 18-20-ը ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ երեխաների առաջին գագաթնաժողովը, որի ավարտին ՀՀ բոլոր մարզերից մասնակից ավելի քան 170 երեխա համատեղ մշակեցին Երեխաների համաշխարհային օրվա հռչակագիրը: Երեխաները առձեռն հանձնեցին այն կառավարության ներկայացուցիչ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Զարուհի Բաթոյանին։ Հռչակագիրը, որով երեխաները կոչ են անում Հայաստանում որոշում կայացնողներին հաշվի առնել իրենց կարծիքն ու քայլեր ձեռնարկել իրենց համար առաջնային համարվող խնդիրները լուծելու ուղղությամբ, կարող եք կարդալ այստեղ:

«Գագաթնաժողովին ավարտին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձն առավ երեխաների հռչակագիրը տրամադրել  ՀՀ վարչապետին,ՀՀ նախագահին, ոլորտային նախարարներին, Ազգային ժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, մարզպետներին: Հուսով ենք, որ նրանք ուշադրություն կդարձնեն երեխաների կողմից մատնանշած խնդիրներին՝ իրենց պատրաստակամությունն արտահայտելով հստակ քայլերի միջոցով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Գագաթնաժողովը կազմակերպելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ, վերապատրաստել է ավելի քան 270 դպրոցի հասարակագիտության ուսուցիչների։ Այնուհետև յուրաքանչյուր ուսուցիչ հատուկ դասաժամերի ընթացքում իր սաներին կրթել է երեխայի իրավունքների մասին։ Այս ծրագրի միջոցով ընդհանուր առմամբ 2700 աշակերտ ստացել է կյանքի ամենակարևոր գիտելիքներից մեկը։ Այնուհետև նախապես հաստատված մեթոդաբանությամբ (ծրագրի մասին հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ) ընտրվել է Հայաստանի յուրաքանչյուր մարզից 10 աշակերտ և մեկ ուսուցիչ։

Որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ՝ հատուկ առցանց հարթակ էր ստեղծվել։ Ընտրելով իրենց ու իրենց ընկերներին հուզող համայնքի առաջնային խնդիրները՝ 13-24 տարեկան երեխաներն ու երիտասարդները նաև մասնակցում էին ստորագրահավաքի՝ կրկին կոչ անելով Հայաստանում որոշում կայացնողներին ավելին անել Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանելու և իրացնելու համար։

Ստորագրահավաքին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 2558 երեխա և երիտասարդ։ Ուշագրավ է, որ երեխաները առաջին հերթին բարձրաձայնել են մշակույթի, խաղի և ժամանցի սահմանափակ հնարավորությունների մասին։ Իսկ ավելի կոնկրետ՝ սպորտով և արվեստով զբաղվելու սահմանափակ հնարավորությունների կամ դրանց բացակայության մասին։ Ավելին ստորագրահավաքի արդյունքների մասին կարող եք կարդալ այստեղ։

Տոնի առթիվ՝

  1. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հատուկ տեսաուղերձով շնորհավորել են երեխաներին և երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի երեսունամյակը։ Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ (հղում):
  2. Երևանի քաղաքապետը, Վայոց ձորի, Արարատի ու Արմավիրի մարզպետներն էլ շնորհավորական ուղերձ են հղել երեխաներին։
  3. Իրենց խոսքում ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնել են նախարարին կից երեխաների խորհուրդ ստեղծելու մասին:
  4. Ի աջակցություն երեխաների իրավունքների՝ կապույտ գույնով է լուսավորվել Վեդու մշակույթի տան շենքը (հղում ), իսկ
  5. Վանաձորի Ստեփան Շահումյան անվան թիվ 6 հիմնական դպրոցում և «Թիչ Ֆոր Արմենիա» կազմակերպության նախաձեռնությամբ Կառնուտ, Ազատամուտ, Ամրակից, Նորակերտ, Մուսալեռ, Չինարի, Արծվաշեն համայնքներում երեխաները տոնել են Երեխաների համաշխարհային օրը և իրենք են վարել այդ օրվա դասերը:
  6. Կինո Պարկը և Սինեմա Սթար ցանցը երեխայի իրավունքների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսանյութերն են տարածել կինոդիտումներից առաջ։

«Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում բոլոր «մեծերին»՝ տոնին այսպիսի հնչեղություն տալու, երեխաներին լսելու և դրա համար համապատասխան հարթակներ ստեղծելու պատրաստակամության համար։ Շնորհակալություն բոլոր «փոքրերին» մեզ ոգեշնչելու, գործին լուրջ մոտենալու համար, ինչպես նաև հրաշալի գաղափարների ու բազում լայն ժպիտների համար», - ամփոփում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Իսկ մենք արդեն պլանավորում ու անհամբեր սպասում ենք 2020-ի Երեխաների համաշխարհային օրվան»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

Մուլտիմեդիա բովանդակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: