Երեխայի իրավունքները 30 տարեկան են: Մեծ հաջողություններ, անհերքելի ձեռքբերումներ, բայց դեռ փոքր առաջընթաց ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների համար. ՅՈՒՆԻՍԵՖ
Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել ու վերահաստատել պատրաստակամությունը երեխայի իրավունքների իրականացմանը սպառնող հին ու նոր վտանգներին դիմակայելու համար

Նյու Յորք, 18-ը նոյեմբերի, 2019թ: Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ աշխարհի երեխաների կյանքում հսակայական ձեռքբերումներ են գրանցվել: Այնուամենայնիվ, այսօր հրապարակված «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խաչմերուկներում» զեկույցը փաստում է, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված:
Ամփոփելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը՝ զեկույցը անդրադառնում է նաև վերջին երեք տասնամյակում գրանցված հաջողություններին՝ ապացուցելով որ քաղաքական կամքի ու վճռականության դեպքում երեխաների կյանքը իսկապես կարելի է ավելի բարեկեցիկ դարձնել:
«Վերջին երեք տասնամյակներում տպավորիչ ձեռբերումներ են գրանցվել. Ավելի ու ավելի շատ երեխաներ այսօր ավելի երկար ու ավելի առողջ են ապրում: Այնուամենայնիվ, նույնը չենք կարող ասել աղքատության մեջ ապրող ու առավել խոցելի երեխաների մասին»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը՝ ավելացնելով. «Այսօրվա երեխաները պետք է դիմակայեն ոչ միայն առողջության, սնուցման ու կրթության արդեն հայտնի մարտահրավերների, այլ նաև կլիմայական փոփոխություններով, առցանց բռնությամբ ու բուլինգով պայմանավորված մարտահրավերների: Մենք միայն նորարար մոտեցումների, նոր տեխնոլոգիաների, քաղաքական կամքի ու լրացուցիչ ներդրումների շնորհիվ կարող ենք Կոնվենցիայի տեսլականը իրականություն դարձնել աշխարհի բոլոր երեխաների համար»:
Զեկույցը երեխայի իրավունքների իրականացման վերաբերյալ վերջին երեք տասնամյակներում գրանցված ձեռքբերումների շարքում թվում է հետևյալը:
- Աշխարհում մանկական մահացությունը կրճատվել է 60 տոկոսով:
- Տարրական դպրոցից դուրս մնացող երեխաների մասնաբաժինը 18 տոկոսից նվազել է մինչ 8 տոկոս:
- Կոնվենցիայի հիմնաքարային սկզբունքները՝ զրո խտրականություն, երեխայի լավագույն շահը, ծնվելու, ապրելու ու զարգանալու իրավունքը և պաշտպանության իրավունքը, ընդգրկվել են և/կամ հիմք են հանդիսացել աշխարհում բազմաթիվ սահմանադրությունների, օրենքների, քաղաքականությունների ու գործունեությունների համար:
Ցավոք, այս ձեռքբերումները հավասարապես չեն բաշխվել:
- Ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում երկու անգամ ավելի հավանական է, որ ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաները չեն ապրի մինչ իրենց հինգ տարեկանը բոլորելը՝ ամենահարուստ ընտանիքների համեմատ:
- Վերջին տվյալների համաձայն՝ Հարավ-սահարյան Աֆրիկայի երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաների միայն կեսն է պատվաստված կարմրուկի դեմ՝ ամենահարուստ ընտանիքների երեխաների 85 տոկոսի համեմատ:
- Ճիշտ է՝ մանկական ամուսնությունները նվազել են, սակայն այսօր որոշ երկրներում ամենաաղքատ աղջիկներն ավելի խոցելի են այս առումով, քան 30 տարի առաջ էին:
Երեխաներին սպառնացող նոր վտանգներն են՝
- Աղքատությունը և խտրականությունը շարունակում են վտանգ հանդիսանալ աշխարհում միլիոնավոր երեխաների համար: Զինված հակամարտությունները, անհանդուրժողականությունը և մեծ ծավալների հասած միգրացիան ու փախստականների ճգնաժամը ոչնչացնում են արդեն գրանցված ձեռքբերումները:
- Առաջ եկած կլիմայական ճգնաժամերը մեծագույն վտանգ են ներկայացնում հենց երեխաների համար՝ ազդելով նրանց թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա: Կլիմայի արագ փոփոխությունները տարածում են հիվանդություններ, մեծացնում են արտակարգ եղանակների հաճախականությունը՝ առաջ քաշելով սննդի ու ջրի անապահովության խնդիրը: Եթե անհապաղ չգործենք, երեխաները վատագույնի ականատեսը կլինեն:
- Չնայած այսօր ավելի շատ երեխաներ են պատվաստված, քան երբևէ, վերջին տասնամյակի պատվաստման ծածկույթի նվազումը դժվարությամբ ձեռք բերած հաղթանակները կասկածի տակ է դնում: Կարմրուկի դեմ պատվաստման ծածկույթը սկսել է նվազել դեռ 2010-ից, ինչը տարբեր երկրների բռնկումների պատճառ է դարձել: 2018-ին ավելի քան 350,000 կարմրուկի դեպք է գրանցվել աշխարհում. Սա նախորդ տարվա ցուցանիշի կրկնապատիկն է:
- Դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը դադարել է նվազել, իսկ դպրոցում երեխաների ստացած գիտելիքները բավարար չեն: Աշխարհում տարրական դպրոցում երեխաների ընդգրկվածությունը նույն մակարդակի վրա է մնացել 2007-ից, իսկ դպրոցում աշակերտներից շատերը նույնիսկ բազային գիտելիք չեն ստանում, ու դեռ չենք խոսում այսօրվա տնտեսությանն անհրաժեշտ հմտությունների մասին:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը լավացնելու և նոր ու հին վտանգներին դիմակայելու համար զեկույցում կոչ է արվում.
-
- հավաքագրել ավելի շատ տվյալներ
- կիրառել գործող ու արդեն հաջողված լուծումները
- ավելացնել ներդրումները
- ընդգրկել երիտասարդներին և նրանց հետ համատեղ փնտրել բարդ խնդիրների լուծումներ
- մշտապես կիրառել արդարության ու գենդերային հավասարության սկզբունքները
Մինչդեռ այս բոլոր տարրերն ու բաղկացուցիչները անհրաժեշտություն են դրական փոփոխության հասնելու համար, արագորեն փոփոխվող այս աշխարհում մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է երեխայի իրավունքները կրկին սահմանել գլոբալ արժեք ու իսկապես սկսել ավելի լավ աշխարհ կառուցել հանուն մեր երեխաների:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram ևYouTube-ում: