Գրետա Թունբերգը և Human Act ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նախաձեռնել են հանգանակման արշավ ընդդեմ կորոնավիրուսի

Կլիմայի ակտիվիստը կոչ է անում երիտասարդներին և մյուս համակիրներին՝ խրախուսել բոլորին՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների կյանքերը փրկելուն ուղղված կենսական գործին

30 Ապրիլ 2020
Գրետա Թունբերգը ելույթ է ունենում։
© UNICEF/UNI207483/Chalasani

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30-ը ապրիլի 2020 թ. – Կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը այսօր սկսել է երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված արշավ` դանիական Human Act ՀԿ-ի հետ համատեղ՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ ուղղված պայքարին և երեխաներին պաշտպանելու համավարակի անմիջական և ոչ ուղղակի հետևանքներից, այն է՝ սննդի պակաս, առողջապահական գերծանրաբեռնված համակարգեր, բռնություն և կորսված կրթություն:

«Կլիմայական ճգնաժամի նման, կորոնավիրուսային համավարակը երեխաների իրավունքների ճգնաժամ է», - նշել է Թունբերգը: «Այն ազդում է բոլոր երեխաների վրա, թե՛ հիմա, թե՛ տևական առումով, բայց խոցելի խմբերի վրա ազդեցությունն առավելագույն չափով կլինի: Ես խնդրում եմ բոլորին՝ քայլ անել և միանալ ինձ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հանուն երեխաների կյանքերի փրկության, առողջության պաշտպանության և կրթության շարունակականության իրականացվող կենսական նշանակության աշխատանքի»։

Հանրային արշավը մեկնարկում է Human Act-ի և Գրետա Թունբերգի հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին արված նախնական 200 000 ԱՄՆ դոլարի հանգանակությամբ: Վերջին շրջանում Գրետա Թունբերգին իր գլոբալ ակտիվության համար Human Act-ի կողմից շնորհվել էր 100 000 ԱՄՆ դոլարի մրցանակային գումար: Այս գումարը, ինչպես նաև Human Act-ի կողմից ևս 100,000 ԱՄՆ դոլար այժմ տրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին։

Հանրային արշավից ստացված հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերին՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համար, այդ թվում՝ անհատական պաշտպանական միջոցների, կյանքը փրկող տեղեկատվական նյութերի մշակման, ինչպես նաև՝ առողջապահական համակարգին ուղղված այլ աջակցության համար։

ՄԱԿ-ի կողմից վերջերս հրապարակված զեկույցում ասված էր, որ երեխաները կարող են հայտնվել ՔՈՎԻԴ-19 համավարակի ամենամեծ զոհերի թվում: Թեև երեխաները մեծ մասամբ զերծ են մնացել հիվանդության՝ առողջությանը հասցվող անմիջական վնասներից, ճգնաժամը մեծ ազդեցություն է ունենում նրանց ընդհանուր բարեկեցության վրա: Բոլոր տարիքի երեխաները բոլոր երկրներում տուժում են ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցության պատճառով, իսկ որոշ դեպքերում՝ հիվանդության տարածումը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների պատճառով:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: