Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. սա պատմության մեջ գրանցված ամենամեծ ցուցանիշն է

Փախստականների օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝ ամրապնդել փախստական, միգրանտ և տեղահանված երեխաների պաշտպանությունը և ծառայությունները

17 Հունիս 2022
Refugee mother with her son sitting on the bed in a temporary shelter
UNICEF Armenia/2018/Shokhin

Նյու Յորք, 17 հունիսի, 2022 թվական- Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի, հակամարտությունների, բռնության և այլ տիպի ճգնաժամերի պատճառով 36.5 միլիոն երեխաներ տեղահանվել են իրենց տներից 2021 թվականի վերջի դրությամբ. սա Երկրորդ աշխարհամարտից հետո գրանցված ամենամեծ ցուցանիշն է: Այս թիվը ներառում է հակամարտությունների և բռնության պատճառով տեղահանված 13.7 միլիոն փախստական և ապաստարան փնտրող և գրեթե 22.8 միլիոն ներքին տեղահանված երեխա:
 
Այս թվի մեջ ներառված չեն կլիմայի և շրջակա միջավայրի (բնապահպանական) ցնցումների և աղետների հետևանքով տեղահանված երեխաները, ինչպես նաև ուկրաինական պատերազմի պատճառով տեղահանված երեխաները:
 
Տեղահանված երեխաների ռեկորդային բարձր ցուցանիշը հետևանք է շարունակվող ճգնաժամերի, այդ թվում՝ սուր և երկարատև հակամարտությունների, ինչպիսիք են Աֆղանստանում տեղի ունեցողը, հեղհեղուկ (քաղաքական) իրավիճակն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը կամ Եմենը և կլիմայի փոփոխության հետևանքով սրված ցնցումները:
 
Երեխաների տեղահանումը չափազանց արագ տեմպով է ավելանում: Նախորդ տարվա ընթացքում տեղահանված երեխաների թիվն աշխարհում ավելացել է 2,2 միլիոնով։
 
«Մենք չենք կարող արհամարհել փաստերը: Հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով տեղահանվող երեխաների թիվը արագորեն աճում է, զուգահեռաբար աճում է նաև նրանց հասնելու և աջակցելու մեր պատասխանատվությունը, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, - հուսամ՝ այս տագնապալի թիվը կառավարություններին կստիպի քայլեր ձեռնարկել, նախ՝ կանխարգելելու տեղահանումները, իսկ եթե, այնուամենայնիվ, երեխաները տեղահանվել են, ապահովելու նրանց բարեկեցությանը և զարգացմանը հիմա և ապագայում նպաստող կրթության, պաշտպանության և այլ կարևորագույն նշանակության ծառայությունների հասանելիությունը»:
 
Ուկրաինական ճգնաժամը, որի հետևանքով ավելի քան 2 միլիոն երեխա է լքել երկիրը, իսկ ներքին տեղահանվել 3 միլիոն, գալիս է գլխավորելու այս ցուցանիշը: Ի լրումն, երեխաներն ու իրենց ընտանիքները լքում են իրենց տները եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով, ինչպիսիք են երաշտները Աֆրիկայի հյուսիսարևելյան և Սահելի տարածաշրջաններում, ինչպես նաև ջրհեղեղները Բանգլադեշում, Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում: 2021 թվականին 7.3 միլիոն երեխայի նոր տեղահանումներ են գրանցվել բնական աղետների պատճառով:

Աշխարհում փախստական բնակչությունը ավելի քան կրկնապատկվել է վերջին տասնամյակի ընթացքում. երեխաները այդ ցուցանիշի գրեթե կեսն են կազմում: Տեղահանված երեխաների մեկ երրորդը ապրում է Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (3.9 միլիոն կամ 36 տոկոս), մեկ քառորդը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (2.6 միլիոն կամ 25 տոկոս) և 13 տոկոսը (14 միլիոն) Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Քանի որ տեղահանված և փախստական երեխաների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի, կենսական նշանակության աջակցության և ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, պաշտպանությունը, չի բավարարում: Փախստական երեխաների միայն կեսն է տարրական դպրոց հաճախում, մինչդեռ փախստական դեռահասների քառորդից էլ պակասն է միջնակարգ դպրոց հաճախում:

Արմատախիլ արված երեխաների, լինեն նրանք փախստական, ապաստարան փնտրող, թե ներքին տեղահանված, բարեկեցությունը և անվտանգությունը կարող են լուրջ վտանգվել: Սա հատկապես ճշմարիտ է հարյուր հազարավող առանց ուղեկցության և ծնողներից առանձնացված երեխաների դեպքում, որոնք թրաֆիքինգի, շահագործման, բռնության և չարաշահման ենթարկվելու բարձր ռիսկի տակ են: Աշխարհում թրաֆիքինգի զոհերի մոտավորապես 28 տոկոսը երեխաներ են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին հավատարիմ մնալ արմատախիլ արված բոլոր երեխաների իրավունքներին առնչվող իրենց պարտավորություններին, այդ թվում՝ Փախստականների մասին գլոբալ համաձայնագրի (GCR) և Միգրացիայի հարցերով գլոբալ դաշնագրի (GCM) ներքո ստանձնած պարտավորություններին և շարունակել ներդրումներ կատարել հօգուտ տվյալների և հետազոտությունների, որոնք արտացոլում են փախստականների, միգրանտների և տեղահանված երեխաների խնդիրների ծավալի վերաբերյալ իրականությունը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին ձեռնարկել վեց գործողություն՝ բոլոր փախստականների, միգրանտների և տեղահանված երեխաների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման համար.

  1. Հավասար աջակցություն ցուցաբերել բոլոր երեխաներին, անկախ ծննդավայրից
  2. Փախստական, միգրանտ և տեղահանված երեխաներին առաջին հերթին ճանաչել որպես երեխաներ՝ պաշտպանության, զարգացման և մասնակցության համապատասխան իրավունքներով
  3. Ընդլայնել կոլեկտիվ գործողությունները՝ ապահովելու հիմնական ծառայությունների արդյունավետ հասանելիություն՝ ներառյալ առողջապահություն և կրթություն, արմատախիլ արված բոլոր երեխաների և ընտանիքների համար՝ անկախ կարգավիճակից
  4. Խտրականությունից և այլատյացությունից պաշտպանել փախստականներին, միգրանտներին և տեղահանված երեխաներին
  5. Վերջ տալ սահմանների կառավարման վնասակար գործելաոճին և երեխաների ներգաղթի հիմքով կալանքին, ինչպես նաև՝
  6. Հնարավորություն ընձեռել փախստականներին, միգրանտներին և տեղահանված երիտասարդներին՝ բացահայտելու իրենց տաղանդը և իրացնել իրենց ողջ ներուժը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: