Բեյրութի պայթյունից տուժած երեխաների կեսի մոտ առկա են տրավմայի և սթրեսի նշաններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի խոսնակը՝ Լիբանանում իրականացվող աջակցության ծրագրերի մասին

26 Օգոստոս 2020
Բեյրությում փլուզված հիվանդանոցներից մեկի սենյակն է։
© UNICEF/UNI356606/Choufany

ԺՆԵՎ, ԲԵՅՐՈՒԹ, 26-ը օգոստոսի, 2020թ. - Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի խոսնակ Մարիքսի Մերկադոն ներկայացրել է Բեյրութում իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:

Օգոստոսի 10-ից 17-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կարիքների արագ գնահատում են իրականացրել: Հարցվածների կեսը նշել է, որ պայթյունից հետո իրենց բնակավայրերում երեխաների մոտ նկատվել են վարքագծային փոփոխություն, հոգետրավմայի ախտանշաններ կամ սթրես, որոնք կարող են արտահայտվել ծայրահեղ անհանգստությամբ կամ հանդարտությամբ, ծնողների և ընտանիքների հետ շփման բացակայությամբ, մղձավանջերով, քնի խանգարումներով, ագրեսիվ վարքագծով։ Հարցվածների մեկ երրորդը նշել է նաև մեծահասակների շրջանում ի հայտ եկած բացասական ախտանշանների մասին։

Սոցիալ-հոգեբանական աջակցությունը ծրագրային առաջնահերթություններից է։ Հստակ է, որ կարիքները չափազանց մեծ են: Պայթյունի հետևանքով առաջացած տրավման հաղթահարելու համար երեխաներն անհապաղ և շարունակական հոգեբանական աջակցության կարիք ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը համալիր մոտեցում է նախատեսում երեխաների և ծնողների համար. աղետից տուժած վայրերում երեխայամետ կենտրոնների հիմնում, անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտացված, ինտենսիվ և երկարաժամկետ հոգեբանական աջակցություն:

Պայթյունի պատճառած վնասներն՝ ըստ վերջին տվյալների.

  • Տուժած տարածքներում շենքերի գրեթե 5 տոկոսն անջատվել է հիմնական ջրամատակարարման ցանցից։ Ջրի մատակարարման աղբյուրների, շենքերի, ինչպես նաև ջրամատակարարման ներքին ցանցերի վնասման պատճառով բնակավայրերում չկա մաքուր ջուր:
  • Աղբահանման ծառայությունները սահմանափակ են կամ աշխատում են ուշացումներով՝ մեծացնելով՝ ջրի պակասով պայմանավորված, հիվանդությունների տարածման հավանականությունը։
  • 6 խոշոր հիվանդանոցների և 20 կլինիկաների շենքային վնասները 500 մահճակալով նվազեցրել են հանրային առողջապահական ծառայության կարողությունները։
  • Կրթության և բարձրագույն կրթության նախարարության տվյալով, տարբեր ծանրության վնասներ են կրել 50 000 աշակերտի սպասարկող՝ 159 հանրային և մասնավոր, և 20 տեխնիկական և միջին մասնագիտական դպրոցներ:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների աջակցությամբ, մինչ այօր իրականացրել է.

  • Առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցության շրջանակներում՝ առողջապահական խորհրդատվություն և ուղղորդում է տրամադրվել հարյուրավոր երեխաների և նրանց խնամակալների։
  • Տուժած բնակավայրերում վերականգնվել է ավելի քան 60 շենքերի ջրամատակարարումը, տեղադրվել են 109 ջրի բաքեր։
  • Դեղամիջոցների և պատվաստանյութերի 98 տոկոսը դեղորայքի կենտրոնական պահեստից տեղափոխվել և տրամադրվել է առաջնային բուժօգնության օղակներին, դիսպանսերներին, ՄԱԿ ՓԳՀ պատվաստումների և պատվաստումներ իրականացնող այլ կենտրոններին։
  • Կենտրոնական հիվանդանոցային համալիրում վերանորոգել է պատվաստումների երկու մասնագիտացված սենյակ, երկու սառնարան, տեղադրվել է արևային գեներատոր։
  • Ներկրվել է մարդասիրական օգնության երեք խմբաքանակ, այդ թվում՝ 3.5 միլիոն արժողությամբ անհատական պաշտպանիչ պարագաներ։
  • Աջակցություն ավելի քան 1 100 երիտասարդների՝ իրենց բնակավայրերում մաքրման, թեթև վերանորոգման աշխատանքների իրականացման գործում, սննդամթերքի և դիմակների տրամադրում։

Առաջիկա երեք ամիսներին երեխաների և նրանց ընտանիքների անհապաղ կարիքները բավարարելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 46,7 մլն ԱՄՆ դոլար: Պետք է վերականգնել առաջնային ծառայությունները, դեռահասներին և երիտասարդներին զինել անհրաժեշտ հմտություններով իրենց երկիրը վերակառուցելու համար։

Միացե՛ք մեզ, օժանդակեք Լիբանանում տուժած երեխաներին և ընտանիքներին, հանգանակեք՝ https://help.unicef.org/beirut-explosions:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: