Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում են բազմոլորտ ծրագիր՝ ի նպաստ Հայաստանի երեխաների

Արգենտինայում «Հայաստան» hամահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում կբարելավի վաղ ուսումնառության, հանրակրթության, երեխաների պաշտպանության և երիտասարդական ծառայությունները։

15 Նոյեմբեր 2022
Տարրական դպրոցի երեխաները դասի ժամանակ. նրանք գրում են
UNICEF Armenia/2022/Martirosyan

ԵՐԵՎԱՆ, ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 16-ը նոյեմբերի, 2022թ. – Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին միավորվում են ի շահ Հայաստանի երեխաների՝ այս անգամ մեկնարկելով բազմաոլորտ երկամյա ծրագիր՝ ուղղված Հայաստանում վաղ ուսումնառությանը, հանրակրթությանը, երեխաների պաշտպանությանը և երիտասարդական ծառայություններին։  Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022-ից 2024 թվականներին արդեն աշխատանքներ են իրականացվել Վանաձորում «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» վերանորոգման, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի երկու հայորդաց տների հիմնման ուղղությամբ: Բացի այդ, Սյունիքի երեք դպրոցների 15 դասասենյակների համար տրամադրվել է դպրոցական կահույք և ուսումնական նյութեր, ինչպես նաև վերանորոգել և կահավորվել է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը։

«Արգենտինայի համայնքի աջակցությամբ այս կարևոր ծրագրերն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Արգենտինայի «Հայաստան» համահայկական հիմնադրամը համաշխարհային կազմակերպության մի մասն է, որը 1992 թվականից ի վեր աշխատում է տարբեր ոլորտներում սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա՝ ուղղված հայերի զարգացմանն ու աջակցություն ցուցաբերելուն: Հատկապես ուրախ ենք, որ կարող ենք համատեղ աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի երեխաներին Սյունիքի մարզում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքներին»,- նշել է Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Ալեքս Կալփակյանը:

«Մենք երախտապարտ ենք Արգենտինայի հայ համայնքին՝ տրամադրած առատաձեռն աջակցության համար։ Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկարողանա նպաստել Լոռիից Սյունիք հարյուրավոր երեխաների և դեռահասների իրավիճակի բարելավմանը և նրանց կրթության և զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ և պայմաններ կապահովի»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը» կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական ծառայություններ, ինչպիսիք են՝ վերականգնումը, դեպքերի վարումը, ընտանիքի բաժանման կանխարգելումը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենտրոնի մասնագետների համար նաև կիրականացնի աշխատանքային վերապատրաստումներ:

«Նմանօրինակ համագործակցություններն իսկապես կարևոր են մեզ համար, քանի որ երեխաներին ծառայություններ մատուցող հաստատությունների բարեկարգման գործընթացներն անմիջականորեն ազդում են վերջիններիս տրամադրվող ծառայությունների որակի, հաճախականության, արդյունավետության վրա: Իսկ ընդհանուր առմամբ, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը և մարզերում խնամքի ծառայությունների ներդրումը շարունակում են լինել  նախարարության առաջնահերթություններից:  Ապակենտրոնացումը միաժամանակ հնարավորություն է տալիս հետագայում կանխել նաև երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։

Արթիկի և Վերիշենի շուրջ 300 դեռահասներ և երիտասարդներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, նորաստեղծ երիտասարդական տների միջոցով կկարողանան ոչ ֆորմալ կրթություն ստանալ, ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, հաղորդակցությունը, առաջնորդությունը, ՏՏ հմտությունները, կաշխատեն համայնքային նախագծերի վրա, կվարեն առողջ ապրելակերպ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ միասին, կվերապատրաստի այս կենտրոնների ապագա անձնակազմին և կտրամադրի անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ:

Գորիսի թիվ 2 և թիվ 6 դպրոցները, ինչպես նաև Վերիշենի դպրոցը կապահովվեն նոր կահույքով և նյութերով, որպեսզի արդեն նոր դասասենյակներում աշակերտները սովորեն զարգացման համար համապատասխան միջավայրում։ Սյունիքի դպրոցների ուսուցիչներին աջակցություն կտրամադրվի նաև աշակերտների համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որպեսզի աշակերտները կարողանան լրացնել բաց թողնվածը ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներով։

Գորիսի թիվ 5 մանկապարտեզում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն սկսել է վերանորոգչական աշխատանքները՝ ապահովելով անվտանգության չափանիշներ և ունիվերսալ դիզայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար շենքի մատչելիությունն ապահովելու համար: Մանկապարտեզին կտրամադրվի նոր կահույք, ինչպես նաև դիդակտիկ նյութեր, խաղալիքներ և գրքեր, իսկ անձնակազմը կվերապատրաստվի նախադպրոցական կրթության չափանիշների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում անվտանգության և դիմակայունության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Մուլտիմեդիա բովանդակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: