Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունը

25 Դեկտեմբեր 2023
Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունը
UNICEF Armenia/2023/Biayna Mahari

«Disrupting Harm»-ը (վերջ տալ վնասին) լայնածավալ և բազմակողմանի հետազոտական ծրագիր է, որը երեխաների նկատմամբ առցանց սեռական ոտնձգության և բռնության մասին յուրահատուկ պատկերացում է տալիս՝ պետություններին տրամադրելով համապատասխան ճանապարհային քարտեզներ՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության «Անվտանգ համացանց» նախագծի կողմից, մի հարկի տակ է հավաքել միջազգային կազմակերպություններին` ԷՍՊԱԹ Ինթերնեշնլին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնին: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ համապատասխան պետական գերատեսչությունների հետ։

Առցանց լինելը հաճախ դրական փորձառություն է երեխաների համար՝ տալով սովորելու և շփվելու հնարավորություններ։ Բայց մեծ է նաև բացասական փորձառության, այդ թվում՝ երեխաների՝ սեռական ոտնձգության և բռնության ենթարկվելու վտանգը։

«Disrupting Harm»-ը բազմոլորտային մոտեցմամբ է իրականացվում՝ օգտագործելով միջազգային գործընկերների և տեղական համագործակիցների փորձը՝ վտանգների դաշտի մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար: Մեթոդաբանությունը ներառում է գրասենյակային հետազոտություն՝ առկա օրենքների և քաղաքականությունների վերաբերյալ,  ազգային ներկայացուցչական հարցումներ երեխաների և խնամակալների հետ, տվյալներ իրավապահ մարմիններից, հարցազրույցներ արդարադատության ոլորտի մասնագետների հետ և հարցումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում առցանց, արտացոլում է այն իրողությունները, որոնց բախվում են երեխաներն ամեն օր՝ տանը, դպրոցում և իրենց համայնքներում: Այս նախաձեռնության միջոցով մենք վկայություններ ենք հավաքում երեխայի թվային իրավունքների, հնարավորությունների և ռիսկերի մասին՝ ավելի լավ հասկանալու, թե թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես է ազդում նրանց կյանքի վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումներով», -նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

«Երեխայի նկատմամբ կատարված ցանկացած բռնարարք կարող է հոգեբանական և այլ ծանր հետևանքներ ունենալ նրա կյանքում, ուստի այդ հիմնախնդիրն առաջնահերթ ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներում պետք է մեկտեղել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ջանքերը: Անչափահասների նկատմամբ ցանկացած ոտնձգություն Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է, և նման դեպքերը կանխելու, բացահայտելու ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում: Միաժամանակ, ՆԳ նախարարությունը պատրաստակամ է և սերտորեն համագործակցում է հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների հետ: Սերտորեն համագործակցում ենք նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և վերահաստատում ենք շարունակելու մեր համագործակցությունը՝ դրական արդյունքների հասնելու համար»,-նշում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հայաստանում տվյալների հավաքումը կսկսվի 2024 թվականին, և ակնկալվում է, որ առաջին արդյունքները հասանելի կլինեն 2025 թվականին՝ առաջարկելով համապատասխան ճանապարհային քարտեզներ բոլոր մասնակից երկրների համար՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Լուծումները հիմնավորելով վերջին տվյալներով և ապացույցներով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակադրված է աշխատել գործընկերների հետ՝ լիովին ուսումնասիրելու բոլոր ռիսկերը և միջոցներ ձեռնարկելու դրանք նվազագույնի հասցնելու համար՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու նպատակով:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: