Առաջին անգամ ճարպակալում ունեցող դպրոցահասակ երեխաների և դեռահասների թիվն աշխարհում գերազանցում է թերքաշություն ունեցողներինը:
Աշխարհում 10 երեխաներից մեկը ճարպակալում ունի: Գերմշակված սննդի գովազդը լայնորեն տարածված ու հասանելի է երեխաներին:
- Հայերեն
- English
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 10 սեպտեմբերի, 2025 թ. – Մանկական ճարպակալումն առաջին անգամ գերազանցել է թերքաշությունը՝ դառնալով մանկական սնուցման ամենատարածված խնդիրը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 10 դպրոցահասակ երեխայից ու դեռահասից 1-ը կամ 188 միլիոն երեխա, ճարպակալում ունի, ինչը մեծացնում է նրանց կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների ռիսկը։
«Շահույթով սնուցված. ինչպես է սննդային միջավայրը վտանգում երեխաների կյանքը» զեկույցը, հիմնվելով ավելի քան 190 երկրի տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2000 թվականից ի վեր 5–19 տարեկանների շրջանում թերքաշության մակարդակը նվազել է՝ գրեթե 13 տոկոսից հասնելով 9,2 տոկոսի։ Միևնույն ժամանակ, ճարպակալման մակարդակը աճել է՝ 3 տոկոսից հասնելով 9,4 տոկոսի։ Այսօր ճարպակալումն ավելի տարածված է, քան թերքաշությունը, աշխարհի բոլոր տարածաշրջաններում բացառությամբ Ենթասահարյան Աֆրիկայի և Հարավային Հարավային Ասիայի երկրների:
Բարձր եկամուտ ունեցող երկրներում ճարպակալման մակարդը շարունակում է մտահոգիչ մնալ. օրինակ՝ Չիլիում 5–19 տարեկանների 27, ԱՄՆ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում 21 տոկոսը ճարպակալում ունի:
«Երբ խոսում ենք թերսնուցման մասին, այլևս խոսքը չի վերաբերում միայն թերքաշություն ունեցող երեխաներին, – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը,- Ճարպակալումն արագ աճող խնդիր է, որը լրջորեն ազդում է երեխաների առողջության և զարգացման վրա։ Գերմշակված սննդամթերքն արագորեն փոխարինում է մրգերին, բանջարեղենին ու սպիտակուցին, մինչդեռ սննդակարգը վճռորոշ նշանակություն ունի երեխաների աճի, մտավոր զարգացման ու հոգեկան առողջության համար»։
Չնայած մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերքաշությունը, դրսևորվելով սուր թերսնեցմամբ և ցածրահասակության ձևով, շարունակում է մնալ լուրջ մտահոգություն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունն արագորեն աճում է։ Վերջին տվյալներով աշխարհում 5-19 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ երեխան կամ դեռահասը, այն է՝ 391 միլիոն երեխա, ավելորդ քաշ ունի, որոնց զգալի մասը դասվում է ճարպակալման խմբում։
Համարվում է, որ երեխան ավելորդ քաշ ունի, երբ նրա քաշը զգալիորեն գերազանցում է տվյալ սեռի, տարիքային խմբի և հասակի համար առողջ նորմերը։ Ճարպակալումը ավելորդ քաշի առավել ծանր ձևն է, որը մեծացնում է ինսուլինառեզիստենտականության, բարձր ճնշման, ինչպես նաև հետագայում կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների՝ երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման հավանականությունը։
Զեկույցը նախազգուշացնում է, որ երեխաների սննդակարգերը ձևավորվում են ոչ թե անհատական ընտրությամբ, այլ անառողջ սննդային միջավայրի ազդեցության տակ՝ շաքարով, ռաֆինացված շաքարով, աղով, անառողջ ճարպերով և հավելումներով հարուստ գերմշակված ու արագ սննդով: Խանութներում և դպրոցներում գերակշռում է այս տիպի սննդամթերքը, իսկ թվային գովազդը սննդի և ըմպելիքի արդյունաբերությանն աննախադեպ ազատ մուտք է ապահովում երիտասարդական լսարաններ։
Առանց կանխարգելիչ միջոցառումների, երկրները կարող են լուրջ առողջապահական և տնտեսական հետևանքներ կրել։ Ակնկալվում է, որ մինչև 2035 թվականը ավելորդ քաշի և ճարպակալման գլոբալ տնտեսական ազդեցությունը կգերազանցի տարեկան 4 տրիլիոն ԱՄՆ դոլարը։
Սննդային միջավայրերը փոխելու և երեխաների՝ սննդարար ու առողջ սննդակարգ ապահովելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և գործընկերներին իրականացնել հետևյալ քայլերը՝
- Գործադրել համապարփակ և պարտադիր քաղաքականություններ՝ բարելավելու երեխաների սննդային միջավայրերը, այն է՝ սննդի մակնշում, գովազդային սահմանափակումներ, հարկեր և սուբսիդիաներ։
- Իրականացնել սոցիալական և վարքաբանական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ընտանիքներին ու համայնքներին հնարավորություն տալով պահանջել առողջ սննդային միջավայրեր։
- Արգելել գերամշակված և անառողջ սննդի մատուցումն ու վաճառքը դպրոցներում և բացառել գովազդային կամ հովանավորչական գործունեությունը կրթօջախներում:
- Հիմնադրել կուռ մեխանիզմներ՝ պաշտպանելու հանրային քաղաքականությանը վերաբերող գործընթացները գերմշակված սննդարդյունաբերության ազդեցությունից։
- Ամրապնդել սոցիալական պաշտպանության ծրագրերը՝ խոցելի ընտանիքների համար ապահովելով առողջ սննդակարգ ունենալու ֆինանսական համապատասխան միջոցներ:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Instagram և X-ում: