Աշխարհում տիրող հակամարտությունների հետևանքով երեխաները հարձակման են ենթարկվում ցնցող մասշտաբներով

Երեխաների համար անվտանգ վայր չի մնացել, քանի որ նրանք հարձակման թիրախ են դառնում իրենց տներում, դպրոցներում, խաղահրապարակներում

29 Դեկտեմբեր 2017
Սիրիացի աղջնակը լուրջ հայացքով նայում է տեսախցիկին
UNICEF/UN066023/Almohibany
Սիրիացի 5 տարեկան Լինան (Lina) իր պապիկի հետ ստիպված է ապրել ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ գտնվող տան մեջ արևելյան Գուտայի շրջանում:

Նյու Յորք, 29-ը դեկտեմբերի, 2017թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հակամարտության գոտիներում բնակվող երեխաներն այս տարվա ընթացքում սարսափելի մեծ թվով հարձակումների են ենթարկվել, քանի որ հակառակորդ կողմերը ակնհայտորեն խախտում են ամենախոցելի երեխաների իրավունքները պաշտպանող միջազգային օրենքները:

«Երեխաները հարձակումների ու դաժան բռնությունների են ենթարկվում իրենց տներում, դպրոցներում և խաղահրապարակներում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine): «Մենք չենք կարող լռել, քանի դեռ այս հարձակումները շարունակվում են: Այս տեսակի վայրագությունները չեն կարող դառնալ նոր սովորական երևույթ»:

Աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների ընթացքում երեխաները առաջնային թիրախներ են դարձել և օգտագործվում են որպես կենդանի վահաններ, սպանվում են, հաշմանդամություն ձեռք բերում կամ ուղարկվում կռվի դաշտ:

Բռնաբարությունները, բռնի ամուսնություններն, առևանգումներն ու ստրկացումը մարտավարության սովորական ձևեր են Իրաքում, Սիրիայում, Եմենում, Նիգերիայում, Հարավային Սուդանում և Մյանմայում տեղի ունեցող հակամարտությունների ժամանակ:

Որոշ դեպքերում՝ ծայրահեղական խմբերի կողմից առևանգված երեխաները շահագործման են ենթարկվում անգամ ազատ արձակվելիս, երբ նրանց կալանում են անվտանգության ուժերը: Միլիոնավոր այլ երեխաներ անուղղակիորեն վճարում են այս հակամարտությունների համար՝ տառապելով թերսնուցման, տարատեսակ հիվանդությունների և տրավմաների պատճառով, քանի որ հասարակ ծառայություններ՝ ինչպես օրինակ սննդի առաքումը, ջրի մատակարարումը և առողջապահությունը, չեն հասնում նրանց կամ էլ ոչնչացվում են կռիվների ժամանակ:
2017թ.-ի ընթացքում՝

  • Աֆղանստանում գրեթե 700 երեխա է սպանվել տարվա առաջին ինն ամիսների ընթացքում:
  • Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում վերսկսված կռիվներից հետո ամիսներ անց բռնությունների թիվը զգալիորեն աճեց. հազարավոր երեխաներ սպանվեցին, բռնաբարվեցին, առևանգվեցին և հավաքագրվեցին զինված ուժեր:
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կասայի նահանգում բռնությունները պատճառ են դարձել, որ 850,000 երեխա հեռանա տնից: Ավելի քան 200 առողջապահական կենտրոնի ու 400 դպրոցի վրա հարձակումներ են տեղի ունեցել: Մոտավոր հաշվարկներով՝ 350,000 երեխա տուժել է թերսնուցման ծանր ձևերի պատճառով:
  • Հյուսիսարևելյան Նիգերիայում ու Կամերունում «Բոքո Հարամ»-ի ազդեցությամբ առնվազն 135 երեխա ինքնասպան ահաբեկիչ է դարձել. այս թիվը հինգ անգամ գերազանցում է 2016թ.-ի ցուցանիշը:
  • Զեկույցների համաձայն՝ Իրաքում ու Սիրիայում, պաշարման մեջ լինելով, երեխաներն օգտագործվել են որպես կենդանի վահաններ՝ դիպուկահարների թիրախ լինելով և գոյատևել են ռմբակոծությունների ու բռնությունների տակ:
  • Մյանմայում ռոհինջա երեխաները սահմռկեցուցիչ բռնությունների են ենթարկվել և ականատես եղել, երբ նրանց վրա հարձակվում և հանում էին Ռախին նահանգի իրենց տներից: Միևնույն ժամանակ Քաչինի, Շանի ու Կայինի հեռավոր սահմանամերձ տարածքներում գտնվող երեխաները տուժել են Մյանմայի զինված ուժերի ու տարբեր էթնիկ զինված խմբերի միջև շարունակվող լարվածության հետևանքների պատճառով:
  • Հարավային Սուդանում, որտեղ հակամարտությունն ու փլուզվող տնտեսությունը երկրի որոշ տարածքներում հանգեցրին սովի, ավելի քան 19.000 երեխա հավաքագրվեց զինված ուժեր ու խմբեր, իսկ գրեթե 2.300 երեխա սպանվել կամ վիրավորվել է հակամարտության սկիզբ առնելուն պես (2013թ.-ի դեկտեմբեր):
  • Սոմալիում երեխաների՝ զինված ուժերում հավաքագրման 1.740 դեպք է գրանցվել 2017թ. առաջին 10 ամիսների ընթացքում:
  • Ըստ հավաստի տվյալների՝ Եմենում 1.000 օրվա պատերազմի արդյունքում 5.000 երեխա է մահացել ու վիրավորվել. հավանական է, որ տուժածների իրական թիվն ավելի մեծ լինի: Ավելի քան 11 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: 1.8 միլոն երեխա թերսնուցված է, որից 385.000-ն ունի թերսնուցման ծանր ձևեր և մահվան ռիսկի տակ կլինի, եթե անմիջապես չբուժվի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում հավատարիմ լինել միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորություններին՝ անհապաղ դադարեցնելով երեխաների հանդեպ բռնությունները և քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախ դարձնելը, այդ թվում՝ դպրոցներն ու հիվանդանոցները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կոչ է անում հակամարտող կողմերի վրա ազդեցություն ունեցող երկրներին այդ ազդեցությունն օգտագործել երեխաներին պաշտպանելու համար:

Վերոհիշյալ բոլոր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գործընկերների հետ՝ ամենախոցելի երեխաներին տրամադրելով առողջապահական, սնուցման, կրթական և երեխայի պաշտպանության ծառայություններ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում