Աշխարհում առողջապահական հաստատությունների կեսից ավելին չունի տարրական հիգիենայի պայմաններ. ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ

Նոր համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ հիվանդների և առողջապահության ոլորտի աշխատողների համար առկա է հիվանդությունների և վարակների փոխանցման վտանգ։:

01 Սեպտեմբեր 2022
Բժշկուհին զննում է հիվանդին:
UNICEF Armenia/2022/Biayna Mahari

1-ը սեպտեմբերի 2022թ. | Ժնև, Նյու Յորք – ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Համատեղ մշտադիտարկման ծրագրի (ՀՄԾ) ամենավերջին զեկույցի համաձայն՝ աշխարհի առողջապահական հաստատությունների կեսում՝ թե՛ հիվանդասենյակներում, թե՛ այդ հաստատությունների զուգարաններում, չկան հիգիենայի պայմաններ՝ ջրով և օճառով կամ ալկոհոլ պարունակող նյութերով ձեռքերը մաքրելու տարրական հարմարություններ: Այդ հաստատություններից օգտվում է շուրջ 3,85 միլիարդ մարդ, ինչը նրանց դնում է վարակվելու ավելի մեծ վտանգի տակ։ Ընդ որում՝ այդ մարդկանցից 688 միլիոնը բուժօգնություն է ստանում այնպիսի հաստատություններում, որտեղ ընդհանրապես չկան հիգիենայի պայմաններ։

«Առողջապահական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմաններն ու պրակտիկան քննարկման ենթակա չեն: Դրանց բարելավումը խիստ կարևոր է համավարակները կանխելու և դրանց բռնկմանը պատրաստ լինելու համար։ Առողջապահական հաստատություններում հնարավոր չէ հիգիենա ապահովել առանց մաքուր ջրի, զուգարանների և բժշկական թափոնների անվտանգ աղբահանության ուղղությամբ ներդրում կատարելու», - ասել է դոկտոր Մարիա Նեիրան՝ ԱՀԿ Շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների և առողջապահության վարչության տնօրենը: - Անդամ պետությունները պետք է ընդլայնեն իրենց ջանքերը՝ իրականացնելու 2019թ. Առողջապահության համաշխարհային ասամբլեայի իրենց հանձնառությունը, որն է՝ հզորացնել ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ ծառայությունները և դրանց մշտադիտարկումը առողջապահական հաստատություններում»:

«Առողջապահական հաստատություններում ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների 20002021թթ. գրանցված առաջընթացը» խորագրով ամենավերջին զեկույցում, գնահատվել է հիգիենայի պայմանների հասանելիությունը առողջապահական խնամքի տրամադրման կետերում, ինչպես նաև զուգարաններում: Առաջին անգամ սահմանվել է հիգիենայի պայմանների հասանելիության համաշխարհային ելակետային մակարդակը, ընդ որում՝ այս տարի, նախորդ տարիների համեմատ, տվյալներ հավաքագրվել են ավելի շատ երկրներից: Հիգիենային առնչվող տվյալներ այժմ առկա են 40 երկրներից, այն է՝ աշխարհի բնակչության 35%-ի վերաբերյալ, մինչդեռ 2020թ. տվյալներ են տրամադրել 21 երկիր, իսկ 2019թ.՝ 14-ը։

Ըստ վերջին տվյալների, չնայած առողջապահական հաստատությունների 68%-ում խնամքի տրամադրման կետերում առկա են հիգիենայի պահպանման միջոցներ, իսկ 65%-ը զուգարաններում ունեցել են ջրով և օճառով ձեռքերը լվանալու հարմարություններ, երկրների միայն 51%-ն են ունեցել միաժամանակ երկուսը: Ընդ որում, աշխարհի մակարդակով ամեն 11 առողջապահական հաստատություններից 1-ը (9%-ը) չունի այդ պայմաններից ոչ մեկը:

«Եթե առողջապահական հաստատությունները չունեն հիգիենայի պատշաճ պայմաններ, ուրեմն հիվանդները չունեն առողջապահական պատշաճ ծառայություն, - ասել է Քելլի Անն Նեյլորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ ծառայությունների, շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերի կրճատման գծով տնօրենը։ «Առանց անվտանգ ջրի և տարրական սանիտարահիգիենիկ պայմանների, հիվանդանոցները և կլինիկաները պոտենցիալ մահվան թակարդ են հղի կանանց, նորածինների և երեխաների համար։ Ամեն տարի շուրջ 670 000 նորածին է մահանում սեպսիսի պատճառով։ Սա աբսուրդ է, առավել ևս որ դա հնարավոր է կանխել»:

Զեկույցում նշվում է, որ վարակված ձեռքերն ու միջավայրը էական դեր են կատարում առողջապահական հաստատություններում ախտածին տարրերի փոխանցման և հակամիկրոբային դեղորայքի հանդեպ դիմադրողականության աճի հարցում։ Ջրով և օճառով ձեռքերը լվանալու և միջավայրը մաքրելու հարմարությունների հասանելիության մեծացմանն ուղղված միջամտությունները վարակների կանխարգելման և վերահսկողության ծրագրերի հիմնաքարն են և խիստ կարևոր նշանակություն ունեն որակյալ բժշկական խնամքի, մասնավորապես՝ անվտանգ ծննդաբերություն ապահովելու գործում:

Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը տարբերվում է ըստ տարածաշրջանի և ըստ երկրի եկամուտի.

  • Ամենաքիչ զարգացած երկրներում առողջապահական հաստատությունների միայն 53%-ն ունեն շենքի տարածքում գտնվող անվտանգ ջրի աղբյուր: Համեմատության համար նշենք` համաշխարհային ցուցանիշը 78% է, ընդ որում, հիվանդանոցներն այս առումով ավելի լավ վիճակում են գտնվում (88%), քան ավելի փոքր առողջապահական հաստատությունները (77%), մինչդեռ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների համար այս ցուցանիշը 90% է։ Իմիջիայլոց, քաղաքային շրջանների առողջապահական հաստատությունների շուրջ 3%-ը, իսկ գյուղական շրջանների առողջապահական հաստատությունների 11%-ը չունեն ջրամատակարարման ծառայություն։
  • Աշխարհում ամեն 10 առողջապահական հաստատություններից 1-ում սանիտարական պայմաններ չկան: Սանիտարական ծառայություններ չունեցող առողջապահական հաստատությունների համամասնությունը տատանվել է 3%-ից (Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազանի և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի երկրներ) մինչև 22% տոկոսի (Ենթասահարյան Աֆրիկա) միջակայքում: Ամենաքիչ զարգացած երկրներում յուրաքանչյուր 5 առողջապահական հաստատությունից միայն 1-ն է (21%) ունեցել տարրական սանիտարական պայմաններ:
  • Բազմաթիվ առողջապահական հաստատություններում բացակայում են շրջակա միջավայրի մաքրման և առողջապահական թափոնների անվտանգ վերամշակման ու ոչնչացման տարրական ծառայություններ։

Զեկույցը հրապարակվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ընթացող համաժողովին: Ամենամյա համաժողովը, որը տևում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 1-ը, ուղղված է մարդկության ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիների որոնմանը՝ պարենային անվտանգությունից և առողջապահության հասանելիությունից մինչև գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն:

Իրավիճակը Հայաստանում՝

Տվյալները հիմնված են Հայաստանում 118 ստացիոնար բուժհաստատությունների և ատամնաբուժական կենտրոնների (ոլորտի հաստատությունների 60 տոկոսը) շրջանում 2017թ. հոկտեմբերից 2018թ. փետրվար ամիսներին արված մշտադիտարկման վրա:

  • Առողջապահական հաստատությունների 97 տոկոսը ունի հոսող ջրի մատակարարում և առողջապահական թափոնների անվտանգ աղբահանության համակարգ:
  • Առողջապահական հաստատությունների միայն 69 տոկոսը ունեն հիգիենայի պայմաններ՝ զուգարաններից մինչև հինգ մետր հեռավորության վրա գտնվող հոսող ջրով և օճառով տարրական հարմարություն:
  • Սանիտարական պայմանները բացակայում են հաստատությունների 19 տոկոսում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: