Աշխարհում աճում է սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը. ԱՄԿ, ՅՈՒՆԻՍԵՖ

Տարատեսակ ճգնաժամերի պատճառով ավելի շատ երեխաներ կարող են հայտնվել աղքատության ճիրաններում՝ ստեղծելով սոցիալական պաշտպանության ընդլայնման հրատապ անհրաժեշտություն. զգուշացնում է նոր զեկույցը

02 Մարտ 2023
Փոքրիկ աղջնակը բազմոցի վրա նստած նայում է լուսանկարչին
UNICEF Armenia/2022/Mahari

ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2 մարտի, 2023 թ. – Սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչի պատճառով նրանք կարող են հայտնվել աղքատության մեջ, ենթարկվել սովի և խտրականության՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հրապարակած նոր զեկույցի։
 
Ավելի քան մեկ միլիարդ պատճառ. երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանություն ստեղծելու հրատապ անհրաժեշտություն զեկույցը զգուշացնում է, որ 0-15 տարեկան լրացուցիչ 50 միլիոն երեխա 2016 - 2020 թվականների ընթացքում չի ներառվել սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ չի ստացել երեխայի նպաստ (վճարվում է կանխիկ կամ հարկային վարկերով)՝ մինչև 15 տարեկան նպաստ չստացած երեխաների թիվն ամբողջ աշխարհում հասցնելով 1,46 միլիարդի:
 
«Ի վերջո, անել հնարավորը ներդնելու հօգուտ երեխաների համընդհանուր սոցիալական պաշտպանության, որի լավագույն տարբերակը երեխաների համընդհանուր նպաստներն են՝ ուղղված ընտանիքների շարունակական աջակցությանը, էթիկական և ռացիոնալ ընտրություն է, որը ճանապարհ է հարթում դեպի կայուն զարգացում և սոցիալական արդարություն», - ասել է ԱՄԿ-ի սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Շահրա Ռազավին (Shahra Razavi):
 
Զեկույցի համաձայն՝ երեխայի և ընտանիքի նպաստների ծածկույթի դրույքաչափերը նվազել կամ լճացել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում 2016-2020 թվականներին՝ թույլ չտալով, որ որևէ երկիր հասնի մինչև 2030 թվականը սոցիալական պաշտպանության հիմնարար ծածկույթի հասնելուԿայուն զարգացման նպատակին: Առանց անհրաժեշտ սոցիալական պաշտպանության՝ երեխաները դառնում են խոցելի. մեծանում է աղքատության, հիվանդությունների, կրթությունը չշարունակելու և վատ սնվելու, երեխաների ամուսնության և երեխաների աշխատանքի հավանականությունը:
 
Ամբողջ աշխարհում երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասկաները՝ գոյատևեով օրական 1,90 ԱՄՆ դոլարից (PPP) պակաս գումարով: Աշխարհում 356 միլիոն երեխա այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Մինչդեռ մեկ միլիարդ երեխա ապրում է բազմաչափ աղքատության մեջ, այսինքն՝ առանց կրթության, առողջապահության, բնակարանի, սննդի, սանիտարական պայմանների կամ ջրի հասանելիության: Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում աճել է 15 տոկոսով, ինչը հակադարձում է մանկական աղքատության կրճատման նախկինում ձեռք բերած առաջընթացին և կարևորում սոցիալական պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:
 
Համավարակն ընդգծեց, որ սոցիալական պաշտպանությունը ճգնաժամերին արձագանքելու կարևորագույն գործիք է: Աշխարհի գրեթե յուրաքանչյուր կառավարություն կա՛մ արագորեն հարմարեցրեց գոյություն ունեցող մեխանիզմները, կա՛մ ներդրեց սոցիալական պաշտպանության նոր ծրագրեր՝ աջակցելու երեխաներին և ընտանիքներին, սակայն մեծ մասը չկարողացավ մշտական բարեփոխումներ կատարել՝ ապագա ցնցումներից պաշտպանվելու համար, ասվում է զեկույցում:
 
«Քանի որ ընտանիքները բախվում են աճող տնտեսական դժվարությունների, պարենային անապահովության, հակամարտությունների և կլիմայի հետ կապված աղետների հետ, երեխաների համընդհանուր նպաստները կարող են փրկօղակ դառնալ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության և սոցիալական պաշտպանության գծով ղեկավար Նատալյա Վինդեր-Ռոսսին (Natalia Winder-Rossi): «Հրատապ անհրաժեշտություն կա ուժեղացնելու, ընդլայնելու և ներդրումներ կատարելու հօգուտ երեխայակենտրոն և ցնցումակայուն սոցիալական պաշտպանության համակարգերի: Սա էական նշանակություն ունի թույլ չտալու, որ երեխաներն ապրեն աղքատության մեջ և հատկապես՝ ամենաաղքատ տնային տնտեսությունների դիմակայունությունը բարձրացնելու առումով»:
 
Զեկույցն ընդգծում է, որ բոլոր երկրները, անկախ իրենց զարգացման մակարդակից, ընտրություն ունեն` ստեղծելու սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված ներդրումների հեռահայաց ռազմավարություն կամ ոչ հավակնոտ ռազմավարություն, որ չի անում անհրաժեշտ ներդրումներ և անտեսում է միլիոնավոր երեխաների:
 
Բացասական միտմանը հակազդելու համար ԱՄԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաղաքականություն մշակողներին կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել՝ բոլոր երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանության հասնելու համար, այդ թվում.

  • Ներդրումներ կատարել հօգուտ երեխայի այնպիսի նպաստների, որոնք առաջարկում են ապացուցահեն և ծախսարդյունավետ ձևեր մանկական աղքատության դեմ պայքարելու և երեխաների զարգացումն ապահովելու համար:
  • Սոցիալական պաշտպանության ազգային համակարգում երեխայի տարատեսակ նպաստների ներդնում, որոնք նաև կապում են ընտանիքներին կարևոր առողջապահական և սոցիալական ծառայություններին, ինչպիսիք են անվճար կամ մատչելի որակյալ խնամքը երեխաների համար:
  • Սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի ստեղծում, որն իրավունքահեն է, գենդերազգայուն, ներառական և ցնցումակայուն՝ արձագանքելու անհավասարություններին և ավելի լավ արդյունքներ ապահովելու, օրինակ՝ աղջիկների և կանանց, միգրանտ երեխաների, ինչպես նաև երեխաների աշխատանքի մեջ ներգրավված երեխաների համար:
  • Սոցիալական պաշտպանության համակարգի կայուն ֆինանսավորման ապահովում՝ ներքին ռեսուրսների մոբիլիզացմամբ և երեխաների համար բյուջետային հատկացումների ավելացմամբ:
  • Ծնողների և խնամակալների համար սոցիալական պաշտպանության ուժեղացում՝ երաշխավորելով արժանապատիվ աշխատանքի և համապատասխան նպաստների հասանելիություն, այդ թվում գործազրկության, հիվանդությունների, մայրության, հաշմանդամության և կենսաթոշակների հասանելիություն:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: