Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ

25 Սեպտեմբեր 2018
Աղջիկը գունավոր վազքից հետո հագուստն ու դեմքը տարբեր գույներով ներկված ժպտում է:
UNICEF Armenia/2018/Mkhitaryan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25-ը սեպտեմբերի, 2018 թվական: Աշխարհի առաջնորդները նոր նախաձեռնություն են մեկնարկում, որպեսզի մինչև 2030թ. յուրաքանչյուր երիտասարդի համար հնարավորություն ստեղծեն որակյալ կրթություն ստանալ, վերապատրաստում անցնել կամ աշխատանք ունենալ: Նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել երեկ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում: «Սերունդ՝ անսահման հնարավորություններով» նախաձեռնությունը պատասխան է համաշխարհային կրթական ճգնաժամին, որ ներկայում խոչընդոտում է միլիոնավոր երիտասարդների ուղին՝ սպառնալով նաև առաջընթացին և կայունությանը:

Նախաձեռնությանը միացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Ռվանդայի նախագահ Պոլ Կագամեն (Paul Kagame), Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոնգ Կիմը (Jim Yong Kim), Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին (Federica Mogherini), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով հանձնակատար Ջայաթմա Վիքրամանայակին (Jayathma Wickramanayake), Յունիլեվեր ընկերության գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը (Paul Polman), ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիլի Սինխը (Lilly Singh) և ճապոնական փոփ խումբ BTS-ը:

Եթե անհապաղ չներդնենք կրթության և կարողությունների զարգացման բնագավառներում, աշխարհում դեռահասների և երիտասարդների արագորեն աճող բնակչությունը, որ 2030թ. կհասնի 2 միլիարդի, կշարունակի անպատրաստ լինել և աշխատաշուկային համապատասխան հմտություններ չունենալ: Բացի դրանից, ավելի քան 200 մլն երիտասարդ միջնակարգ և ավագ կրթությունից դուրս է մնացել, որի արդյունքում, համահավասար առաջընթացին նպաստելու փոխարեն, երիտասարդությունը, հատկապես նրանցից ամենախոցելիները, լուրջ զրկանքներով և խտրականությամբ լեցուն ապագայի առջև կկանգնեն:

«Սերունդ՝ անսահման հնարավորություններով» նախագիծը, որը ՄԱԿ-ի Երիտասարդների 2030 օրակարգի մասն է կազմում, կլրացնի և կկառուցվի արդեն իսկ գոյություն ունեցող դեռահասներին և երիտասարդներին աջակցող ծրագրերի հիման վրա: Համագործակցության այս հարթակը կենտրոնանում է հետևյալ երեք հիմնական տիրույթներում՝ միջնակարգ կրթություն, սովորելու հմտություն, աշխատունակություն և արժանապատիվ աշխատանք, այդ թվում՝ հզորացում:

«Աշխարհը համակած ժողովրդագրական փոփոխությունը, զուգորդված տեխնոլոգիական զարգացման տեմպի հետ, պատմության մեջ հույժ կարևոր պահ են հասունացրել: Եթե շտապ ու մտածված գործենք, մենք կարող ենք երիտասարդների սերունդ ունենալ, ովքեր պատրաստ կլինեն կայուն տնտեսություն և խաղաղ ու բարեկեցիկ հասարակություն ստեղծել: Երիտասարդներն աշխարհի բնակչության գրեթե 25 տոկոսն են կազմում, բայց նրանք մեր ապագայի ամբողջ 100 տոկոսն են: Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ձախողեն»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

«Այսօր մենք պատմության մեջ երիտասարդության ամենամեծ սերունդն ունենք, փոփոխություն իրականացնելու հզոր մի ուժ: Միլենիալների 84 տոկոսը համոզված է, որ իրենք պարտավոր են աշխարհն ավելի լավը դարձնել, և շատերն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ: Այս նախաձեռնության շնորհիվ մենք նպատակ ունենք ապահովել, որ ոչ մի երիտասարդ հետ չընկնի և կարողանա թե՛ իր ու թե՛ հետագա սերունդների համար փայլուն ապագա ստեղծել»,- նշեց Յունիլեվերի գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:

«Ես անձամբ եմ համոզվել, որ երիտասարդներին լսելն ու նրանցից սովորելը երիտասարդների առջև կանգնած մարտահրավերներին պատասխանելու և դրանց ստեղծարար լուծումներ գտնելու համար լավագույն տարբերակն է: Երբ երիտասարդներին խոսելու և գործելու հնարավորություն ես տալիս, նրանք բազմաթիվ նորարար ու ստեղծարար գաղափարներ են առաջարկում: Ինձ ոգեշնչում է այս սերունդը, և ես պարտավոր եմ անել այն ամենը, ինչը կարող է օգնել երիտասարդներին ավելի բարեկեցիկ ապագա ունենալ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիլի Սինխը:

 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում