Անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը
Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորման միայն 12%-ը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հուլիսի 7, 2017թ., Համբուրգ, Գերմանիա / Նյու Յորք - Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է, որ անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը:
Արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներում կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ 932 միլիոն դոլարից ՅՈՒՆԻՍԵֆ-ը մինչ այժմ ստացել է միայն 115 միլիոն դոլարից պակաս արձանագրված կամավորական հանգանակություն: Տվյալ ֆինանսավորումը նպատակ ունի մարդասիրական ճգնաժամերից տուժած 9.2 միլիոն երեխաների համար հասանելի դարձնել ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթությունը:
«Կրթություն չստանալով՝ երեխաները մեծանում են առանց իրենց երկրների և տնտեսությունների խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների`վատթարացնելով միլիոնավոր երեխաների՝ արդեն իսկ հուսահատ վիճակը», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր և ամենաերիտասարդ բարի կամքի դեսպան Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan), ով Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Պատերազմների գոտիներում մեծացող միլիոնավոր երեխաների համար սպառնալիքներն էլ ավելի վհատեցնող են. դպրոց չհաճախելը սպառնում է վաղ ամուսնությամբ, աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավմամբ և երեխաների զորակոչմամբ»:
Աշխարհի ամենաթեժ պատերազմական գոտիների համար նախատեսված կրթական ծրագրերում ֆինանսավորման բացերը կազմում են՝ Իրաքում՝ 36 տոկոս, Սիրիայում՝ 64, Եմենում` 74 և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում` 78 տոկոս:
Կրթություն ստանալու ձգտումը ընտանիքիների և երեխաների՝ իրենց բնակավայրերից հեռանալու հիմնական դրդապատճառներից է, որը հաճախ վտանգում է նրանց կյանքը: Իտալիայում փախստական և միգրանտ երեխաների շրջանում անցկացված հարցման համաձայն, երեխաների 38 տոկոսին Եվրոպա մղող հիմնական գործոնը կրթության ստանալու հնարավորությունն է: Ըստ Հունաստանում անցկացված նմանատիպ հարցման՝ երեք ծնողներից կամ խնամակալներից մեկը նշում էր, որ իրենց Եվրոպա ուղևորվելու հիմնական դրդապատճառը երեխաների կրթությունն էր:
Պատերազմների և տեղահանման արդյունքում հոգեբանական տրավա կրած երեխաների համար կրթությունը կարող է կենարար լինել:
«Երբ 2013թ.-ին լքեցի Սիրիան, սարսափում էի, որ այլևս երբեք չեմ կարողանա վերադառնալ դպրոց: Սակայն, երբ ժամանեցի Հորդանան և հասկացա, որ մեր ճամբարում դպրոց կա, հանգստացա և հույսով լցվեցի», - նշեց Մազունը: «Կրթությունն ինձ նման երեխաների համար կյանքի փրկության, խաղաղ ու լավ ապագայի հույս է տալիս»:
Որպես կրթության ակտիվիստ և սիրիացի փախստական, Մազունը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հակամարտության գոտիներում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների ձայնը լսելի դարձնելու համար:
«Ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին՝ ներդնել հօգուտ աղետի գոտիներում ապրող երեխաների ապագայի՝ այդ քայլով նպաստելով աշխարհի ապագա զարգացմանը», - ասաց Մազունը:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.unicef.org
Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում