Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր դեռահաս կիբերբուլիինգի մասին
Դիմել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետներին, կիբերբուլիինգի դեմ երեխայի պաշտպանության միջազգային մասնագետներին, ինչպես նաև՝ Ֆեյսբուքին, Ինստագրամին և Թվիթերին՝ երիտասարդների հարցերին պատասխանելու և առցանց բուլիինգից պաշտպանվելու խորհուրդներ տալու համար
«Ի՞նչ կուզեիր իմանալ կիբերբուլիինգի մասին»։ Այս հարցն ուղղել ենք երիտասարդներին և հազարավոր պատասխաններ ստացել աշխարհի տարբեր անկյուններից։ Դիմել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետներին, կիբերբուլիինգի դեմ երեխայի պաշտպանության միջազգային մասնագետներին, ինչպես նաև՝ Ֆեյսբուքին, Ինստագրամին և Թվիթերին՝ երիտասարդների հարցերին պատասխանելու և առցանց բուլիինգից պաշտպանվելու խորհուրդներ ստալու համար։
Ի՞նչ է կիբերբուլիինգը
Կիբերբուլիինգը նույն բուլիինգն է, որն իրականացվում է թվային տեխնոլոգիաների միջոցով։ Այսինքն, կիբերբուլիինգի կարող եք հանդիպել սոցիալական մեդիայի հարթակներում (օր.՝ Տիկ-Տոկ, Ինստագրամ), ինչպես նաև՝ ցանկացած տիպի հաղորդագրություններ ուղարկելու հարթակներում (օր.՝ Վայբեր), առցանց խաղերում։
Դա պարբերաբար կրկնվող վարք է, որի հետևանքով տուժող անձի մոտ առաջանում է վախ, ջղայինություն կամ ամոթի զգացում։
Կիբերբուլիինգը կարող է դրսևորվել հետևյալ կերպ․
- Սոցիալական մեդիայում ինչ-որ մեկի մասին սուտ կամ վերջինիս անհարմար դրության մեջ գցող նկարներ տարածել։
- Նամակագրության հարթակներում ինչ-որ մեկին վիրավորող կամ սպառնացող հաղորդագրություն ուղարկելը։
- Այլ անձի անունից հանդես գալն ու մեկ այլ մարդու վատ բովանդակությամբ նամակներ ուղարկելը։
Բուլիինգն ու կիբերբուլիինգը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել։
8 հարց կիբերբուլիինգի վերաբերյալ
1. Ե՞րբ եմ ես ենթարկվում առցանց բուլիինգի։ Ի՞նչպես տարբերել բուլիինգը ուղղակի կատակից։
ՅՈՒՆԻՍԵՖ
Էլ ի՞նչ ընկերներ, եթե միասին կատակներ չեք անում, սակայն երբեմն դժվար է ասել, արդյո՞ք դա հավեսի, թե՞ վիրավորելու համար է արվում։ Երբեմն բոլորն էլ ծիծաղում են դրա վրա ու ավելացնում «ուղղակի կատակ էր» կամ «սրտիդ մոտ մի ընդունի՛ր»։
Բայց, եթե դա քեզ վիրավորում է կամ զգում ես, որ բոլորը քեզ վրա են ծիծաղում, բոլորով միասին ծիծաղելու փոխարեն, ուրեմն ամեն ինչ ավելի հեռուն է գնացել։ Ու եթե դա շարունակվում է, նույնիսկ այն դեպքում, երբ խնդրել ես այլևս նման բան չասեն, սա արդեն խոսում է այն մասին, որ գործ ունես բուլիինգի հետ։
Կիբերբուլիինգն առցանց է կատարվում, այն կարող է ավելի լայն մասսաների ուշադրությունը գրավել ու տեսանելի լինել մի մեծ խումբ անծանոթների։ Երբ էլ դա տեղի ունենա, և եթե այն տխրեցնի քեզ, պետք է պայքարել դրա դեմ։
Ինչ ուզում ես արա, եթե բուլիինգն ազդում է քեզ վրա և շարունակվում է, ուրեմն պետք է դիմել օգնության։ Բուլիինգին վերջ դնել՝ չի նշանակում միայն բուլիինգ անողներին գտնել ու հայտնել նրանց մասին, պետք է նաև ինքդ հասկանաս, որ թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցում բոլորն էլ հարգանքի են արժանի։
2. Կիբերբուլիինգի ազդեցությունը
Եթե բուլիինգն առցանց է կատարվում, ապա հավանական է, որ քեզ անապահով զգաս ամենուրեք, նույնիսկ՝ տանը։ Կարող է թվալ, թե փախչելու տեղ չունես։ Պետք է հիշես, որ տուժողի վրա այն կարող է երկարաժամկետ ազդեցություն թողնել։ Մասնավորապես՝
- Հոգեբանական - հիասթափություն, ամոթ, ջղայինություն։
- Էմոցիոնալ - անտարբերություն սիրած մարդկանց նկատմամբ, մեղավոր լինելու զգացողություն։
- Ֆիզիկական - հոգնածություն կամ հաճախակի փորացավեր և գլխացավեր։
Մյուսների կողմից ծաղրի և ոտնձգության ենթարկվելը քեզ կարող է ստիպել լռել, չբարձրաձայնել ու չպայքարել։ Որոշ դեպքերում, այն կարող է մարդկանց դրդել նույնիսկ ինքնասպանության։
Կիբերբուլիինգը մարդկանց վրա տարբեր ազդեցություն կարող է ունենալ և տարբեր հետևանքներ թողնել։ Սակայն լավ նորոթյունն այն է, որ կիբերբուլիինգն անպարտելի չէ, իսկ բուլիինգի ենթարկված անձինք կարող են վերականգնել իրենց առողջությունն ու կրկին ինքնավստահություն ձեռք բերել։
3. Որևէ պատիժ նախատեսվա՞ծ է կիբերբուլիինգի համար։
ՅՈՒՆԻՍԵՖ
Շատ դպրոցներում կիբերբուլիինգին լուրջ են վերաբերվում և կարողանում են գործել ու պայքարել դրա դեմ։ Եթե դու կիբերբուլիինգի ես ենթարկվում դպրոցի այլ աշակերտների կամ անձանց կողմից, անպայման տեղեկացրու դպրոցի տնօրենությանն այդ մասին։
Բռնության ու այդ թվում բուլիինգի ու կիբերբուլիինգի ենթարկվող մարդիկ արդարադատության իրավունք ու բռնություն կիրառողին պատժելու իրավունք ունեն։
Ինչևէ, հարկավոր է նաև հաշվի առնել, որ պատիժը միշտ չէ, որ լավագույն լուծումն է և կարող է ստիպել բուլիինգի ենթարկողներին փոխել վարքը։ Հաճախ ավելի արդյունավետ է վիրավորանքը հաղթահարելն ու հարաբերություններ պարզելը։
Ֆեյսբուք/Ինստագրամ
Մենք Ֆեյսբուքում մի շարք Համայնքային չափանիշներ ենք սահմանել, իսկ Ինստագրամում Համայնքային ուղեցույց ունենք։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ այդ կանոնները խախտվել են, օրինակ, երբ բուլիինգ կամ ոտնձգություն է տեղի ունենում, մենք այդ բովանդակությունը ջնջում ենք, իսկ, երբեմն էլ՝ գրառում կատարողի անձնական էջը արգելափակում կամ հեռացնում:
4. Կիբերբուլիինգ։ Ի՞նչպես դրան վերջ դնել
«Ի՞նչ կուզեիր իմանալ կիբերբուլիինգի մասին»։ Այս հարցն ուղղել ենք երիտասարդներին և հազարավոր պատասխաններ ստացել աշխարհի տարբեր անկյուններից։ Դիմել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետներին, կիբերբուլիինգի դեմ երեխայի պաշտպանության միջազգային մասնագետներին, ինչպես նաև՝ Ֆեյսբուքին, Ինստագրամին և Թվիթերին՝ երիտասարդների հարցերին պատասխանելու և առցանց բուլիինգից պաշտպանվելու խորհուրդներ ստալու համար։
Համացանցը մեզ համար տեղեկատվության մեծ աղբյուր է․ բայց դա նաև նշանակում է, որ մենք կարող ենք նաև առցանց բռնության ենթարկվել։ Ինչպե՞ս կարող ենք վերջ դնել կիբերբուլիինգին՝ շարունակելով մուտք գործել համացանց։
ՅՈՒՆԻՍԵՖ
Համացանցն այնքան առավելություններ ունի։ Բայց ինչպես հաճախ է պատահում կյանքում, այստեղ նույնպես վտանգներ կան, որոնցից պետք է պաշտպանվել։
Եթե կիբերբուլիինգի զոհ ես դարձել, հնարարավոր է, որ ցանկանաս ջնջել տարբեր հավելվածներ կամ չօգտվել համացանցից։ Սակայն համացանց ընդհանրապես մուտք չգործելը երկարաժամկետ լուծում չէ։ Դու ինքդ սխալ բան չես արել, չէ՞, ուրեմն ինչո՞ւ պետք է շարունակես տուժել։ Դա նույնիսկ բուլիինգի ենթարկողին կարող է վատ ազդանշան հանդիսանալ՝ իբր լավ բան է արել ու հասել իր նպատակին։
Մենք բոլորս ուզում ենք վերջ դնել բուլիինգին, հենց այդ պատճառով էլ կարևոր է բարձրաձայնել դրա մասին։ Բայց մեր ուզած համացանցը կառուցելու համար միայն կիբերբուլիինգին վերջ դնելը բավարար չէ։ Մենք ինքներս պետք է ընդունենք, որ այն, ինչ ասում ենք ու տարածում ենք սոցիալական մեդիայում, կարող է ինչ որ մեկին վիրավորել։ Մենք մեկս մյուսի հանդեպ պետք է բարի լինենք, թե՛ իրական կյանքում և թե՛ համացանցում։ Դա բոլորիս է վերաբերում՝ առանց բացառությունների։
Ֆեյսբուքում/Ինստագրամ
Ինստագրամն ու Ֆեյսբուքը մարդկանց արտահայտվելու համար անվտանգ ու ապահով հարթակ դարձնելը ու այդպիսին այն պահպանելը մեզ համար կարևոր է։
Մարդիկ հանգիստ կարող են տարածել իրենց գրառումները, եթե իրենք իրենց ապահով զգան։ Բայց մենք գիտենք, որ կիբերբուլիինգը կարող է բացասական հետևանքներ թողնել ու վնասել մարդկանց։ Ահա՛, թե ինչու մենք և՛ Ինստագրամում և՛ Ֆեյսբուքում պարտավորվել ենք պայքարել կիբերբուլիինգի դեմ։
Այժմ մենք դա իրականացնում ենք երկու ձևով։ Նախ՝ տեխնոլոգիայի շնորհիվ կանխարգելում ենք հնարավոր այն դեպքերը, երբ մարդիկ կարող են ենթարկվել բուլիինգի կամ կիբերբուլիինգ բարունակող բովանդակություն տեսնել։ Օրինակ, մարդիկ կարող են միացնել այն կարգավորումները, որոնք արհեստական բանականության շնորհիվ զտում և թաքցնում են բուլիինգ պարունակող մեկնաբանությունները։
Երկրորդը՝ մենք աշխատում ենք դրական վարք և էմոցիաներ խրախուսել՝ մարդկանց հնարավորություն տալով գործիքների շնորհիվ անհատականացնել իրենց էջերը։ Սահմանափակումների այս էջը ստեղծվել է հենց նրա համար, որ դուք պաշտպանեք ձեր էջը՝ շարունակելով «աչքը պահել» բուլիինգ անողների վրա։
Թվիթեր
Թվիթերում հարյուր միլիոնավոր մարդիկ տարածում են իրենց մտքերն ու գաղափարները, և զարմանալի չէ, որ մենք բոլորս չենք համաձայնվում այս կամ այն գաղափարի հետ։ Բայց մի՞թե հենց անհամաձայնություններից ու քննարկումներից չի ծնվում ճշմարտությունը։
Սակայն երբեմն որևէ մեկին երկար լսելուց հետո այլևս չես ուզում լսել նրան։ Նրանց խոսելու իրավունքը չի կարող քեզ լսել պարտադրել։
5. Ինչպե՞ս պաշտապնել իմ անձնական տեղեկությունները, որպեսզի դրանք իմ իսկ դեմ չօգտագործվեն։
«7 անգամ չափի՛ր, 1 անգամ կտրի՛ր» արտահայտությունը նաև գրառում տարածելուց առաջ պետք է հաշվի առնել։ Մի՛ տարածիր անձնական տվյալներ, ինչպիսիք են քո հասցեն, քո հեռախոսահամարը կամ դպրոցիդ համարը։
Ճանաչի՛ր քո սիրելի սոցիալական մեդիայի գաղտնիության կանոնները։ Ահա մի քանի գործողություն, որոնք կարող ես իրականացնել․
- Դու ինքդ քո անձնական կարգավորումների միջոցով (settings) կարող ես որոշել՝ ով կարող է տեսնել քո գրառումները, ով՝ չի կարող, ով կարող է քեզ նամակներ գրել, իսկ ով՝ ոչ։
- Կարող ես տեղեկացնել սոց․ մեդիայի ադմինիստրացիային (report) վիրավորանք պարունակող նկարների, մեկնաբանությունների, գրառումների մասին։
- Բացի այն բանից, որ կարող ես ընկերության հայտը չեղյալ համարել (unfriend), կարող ես նաև արգելափակել այդ անձին ու նա այլևս չի կարող տեսնել քո էջը կամ կապ հաստատել քեզ հետ։
- Նույնիսկ կարող ես ընտրել, թե ումից մեկնաբանություններ ստանաս, իսկ ումից՝ ոչ։
- Կարող ես ուղղակի ջնջել որոշ գրառումներ քո էջից կամ թաքցնել այն որոշ մարդկանցից։
Հաճախ սոցիալական մեդիաներում որևէ մարդուն արգելափակելիս այդ անձը չի տեղեկանում դրա մասին։
6. Ո՞ւմ հետ պետք է խոսեմ, եթե որևէ մեկն ինձ առցանց բուլիինգի է ենթարկում։ Ինչո՞ւ է կարևոր դրա մասին խոսելը։
ՅՈՒՆԻՍԵՖ
Եթե կարծում ես, որ բուլիինգի ես ենթարկվում, ապա առաջին բանը, որ կարող ես անել, օգնություն խնդրելն է մտերիմ, վստահելի անձանցից՝ ծնողներից, ընտանիքի անդամներից կամ այլ մեծահասակներից։ Դպրոցում կարող ես դիմել դպրոցի հոգեբանին (եթե դպրոցում նման հաստիք կա) կամ դասղեկիդ կամ ուղղակի քո սիրելի ուսուցչին։
Եթե սրանք քեզ համար ընդունելի տարբերակներ չեն, ապա կարող ես դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ զանգահարելով 116 թեժ գծին, խորհրդատվություն ստանալու համար նամակ գրելով պաշտպանի գրասենյակին կամ գրասենյակ այցելելով (Պուշկին 56 ա): Ծանոթացի՛ր Մարդու իրավունքների պաշտպանի երեխաների համար նախատեսված կայքին։
Եթե բուլիինգը կատարվում է սոցիալական մեդիայի հարթակներում, ապա կարող ես արգելափակել (block) բուլիինգի ենթարկողին կամ տեղեկացնել դրա մասին սոցիալական էջի ադմինիստրացիային (report): Սոցիալական մեդիայի ընկերությունները պարտավոր են երեխաների համար ապահով թվային միջավայր ստեղծել։
Եթե, այնուամենայնիվ, ենթարկվել ես բուլիինգի, աշխատի՛ր ապացույցներ հավաքել՝ պահի՛ր համապատասխան հաղորդագրությունները կամ նկարի՛ր (screenshot) գրառումները․ հետո ավելի հեշտ կլինի նկարագրել իրավիճակը։
Եթե հենց հիմա վտանգի մեջ ես, ապա անհապաղ դիմի՛ր ոստիկանություն `102 հեռախոսահամարով կամ արտակարգ իրավիճակների ծառայությանը՝ 911 հեռախոսահամարով։
Ֆեյսբուք/Ինստագրամ
Եթե դու առցանց բուլիինգի ես ենթարկվում, խորհուրդ ենք տալիս պատմել դրա մասին ծնողներիդ, ուսուցչիդ կամ վստահելի մեկ այլ անձի։ Դու ապահովության ու անվտանգ լինելու իրավունք ունես։ Մենք և՛ Ինստագրամում, և՛ Ֆեյսբուքում ավելի ենք հեշտացրել բուլիինգի մասին մեզ տեղեկացնելու համակարգերը։
Միշտ կարող ես տեղեկացնել մեզ (report) բուլիինգ պարունակող գրառումների, մեկնաբանությունների կամ պատմությունների (stories) մասին:
Մենք թիմ ունենք, որ 24/7 (7 օր, 24 ժամ) վերլուծում է ավելի քան 50 լեզուներով ստացված այդ տեղեկատվությունը և ջնջում այն ամենը, ինչը բուլիինգ ու վիրավորանք է պարունակում։
Ի դեպ, այդ տեղեկատվությունն անանուն է մեզ տրամադրվում։ Մենք նաև ուղեցույց ունենք Ֆեյսբուքում, որը կարող է քեզ օգնել հաղթահարել բուլիինգը և տեղեկացնում է՝ ինչ անել, եթե նկատում ես, որ մեկ այլ անձ է ենթարկվում բուլիինգի։
Ինստագրամում մենք ծնողների համար մշակված ուղեցույց ունենք, որը տեղեկացնում է այն մասին, թե ինչ կարող են անել նրանք կիբերբուլիինգը կառավարելու համար։ Իսկ Կենտրոնական խմբում կարող ենք նաև տեղեկանալ, թե անվտանգության ինչ այլ գործիքներ կան։
Թվիթեր
Եթե դու կարծում ես, որ կիբերբուլիինգի ես ենթարկվում, ամենակարևորը քո անվտանգությունն ապահովելն է։
Կարևոր է, որ որևէ մեկին պատմես, թե ինչ է կատարվում քեզ հետ։ Խոսի՛ր ծնողիդ, ուսուցչիդ, վստահելի մեծահասակի կամ ընկերներիդ հետ։ Մենք խրախուսում ենք մեր օգտատերերին տեղեկացնել մեզ, երբ մեր կանոնները խախտվում են։ Կարող եք դիմել մեր աջակցման կենտրոնին կամ թվիթի վերևի աջ անկյունում գտնվող սլաքի ամենաներքևի կոճակը սեղմել (Report a tweet)։
Մեր «Սովորեցնել և սովորել Թվիթերի հետ» ուղեցույցում կարող եք կարդալ ստորև գրված մեթոդների և զանազան այլ մեթոդների մասին։ Օրինակ՝
- թաքցնել (hide)\ ձեր էջում այս կամ այն մարդու գրառումը,
- արգելափակել (block) այս կամ այն մարդուն, և այդ մարդը չի կարող ձեզ գրել կամ ձեզ հետևել,
- տեղեկացնել (report) ադմինիստրացիային վիրավորանք պարունակող գրառումների/վարքի վերաբերյալ։
7. Ես ենթարկվում եմ կիբերբուլիինգի, բայց վախենում եմ պատմել ծնողներիս։ Ինչպե՞ս անել դա։
Եթե դու ենթարկվում ես կիբերբուլիինգի, ապա վստահելի մեկի հետ խոսելը, կիբերբուլիինգից պաշտպանվելու առաջին քայլը պետք է լինի։ Ծնողների հետ խոսելը ամեն երեխայի համար հեշտ չէ։ Բայց կան որոշ մեթոդներ, որոնք բանեցնելու դեպքում գործդ ավելի հեշտ կլինի։
Ընտրի՛ր օրվա այն ժամը, երբ գիտես, որ կարող ես կենտրոնացնել նրանց ողջ ուշադրությունը։ Բացատրի՛ր, թե որքան լուրջ է խնդիրը քեզ համար։ Հիշի՛ր, որ հնարավոր է նրանք այդքան էլ ծանոթ չլինեն համացանցին, ու գուցե պետք կլինի իրավիճակն ավելի մանրամասն նրանց բացատրել։
Նրանք կարող է հենց այդ պահին պատրաստի պատասխան չունենան, բայց վստահաբար կցանկանան քեզ օգնել՝ միասին լուծում գտնելու համար։ Չէ՞ որ մի գլուխը լավ է, երկուսն՝ առավել։ Եթե դեռ վստահ չես, որ պատրաստ ես պատմել նրանց քեզ հետ պատահածի մասին, ապա նախ կարող ես խոսել մեկ այլ վստահելի մեծահասակի հետ։ Հավատա՝ միշտ պատկերացրածիցդ ավելի շատ մարդ կգտնես, որ պատրաստ են քեզ օգնել։
8. Ինչպես օգնեմ ընկերոջս բարձրաձայնել կիբերբուլիինգի ենթարկվելու մասին, եթե նա չի ցանկանում։
ՅՈՒՆԻՍԵՖ
Ամեն մեկը կարող է կիբերբուլիինգի զոհ դառնալ, և եթե դա պատահում է քեզ ծանոթ որևէ մեկի հետ, ապա անպայման առաջարկիր քո օգնությունը։
Կարևոր է, որ ընկերոջդ լսես և փորձես հասկանալ, թե ինչո՞ւ նա չի ուզում կիբերբուլիինգի մասին բարձրաձայնել։ Տեղեկացրո՛ւ նրան, որ պարտադիր չէ ֆորմալ գործընթացով անցնելը, բայց պարտադիր է որևէ մեկի հետ խոսելն այդ մասին։
Հիշի՛ր, որ ընկերդ այդ ընթացքում կարող է ավելի խոցելի ու ընկճված լինել, հետևաբար՝ փորձի՛ր ավելի բարի լինել նրա հանդեպ։ Օգնի՛ր նրան հասկանալ՝ ինչ է ուզում ասել և ում կարող է դիմել։ Կարող ես նաև առաջարկել ուղեկցել նրան։ Ամենակարևորը հիշեցրո՛ւ ընկերերոջդ, որ դու նրա կողքին ես։
Եթե այս ամենից հետո էլ քո ընկերը չի ցանկանում խոսել դրա մասին, ուրեմն օգնի՛ր նրան գտնել վստահելի մի անձի, ով կարող է աջակցել իրեն։ Պետք է հիշել, որ որոշ դեպքերում կիբերբուլիինգի հետևանքները կարող են անդառնալի լինել։
Եթե ոչինչ չձեռնարկես, կիբերբուլիինգի ենթարկված անձին կարող է թվալ, որ ամեն ինչ իր դեմ է, ու որ ինքը միայնակ է։ Հավատա՝ քո բառերը կարող են օգնել նրան։
Ֆեյսբուք/Ինստագրամ
Մենք հասկանում ենք, որ որևէ մեկին արգելափակելը կամ որևէ վատ արարքի մասին մեզ տեղեկացնելը կարող է այդքան էլ լավ չդիտարկվել։ Բայց չէ՞ որ որևէ մեկին վիրավորելն ու բուլիինգի ենթարկելն էլ լավ բան չէ։
Ուստի, մեզ տեղեկացնելն այդպիսի բովանդակության մասին կարևոր է․ դա մեզ կօգնի այս հարթակներն ավելի անվտանգ վայր դարձնել։ Իրականում բուլիինգն ու ոտնձգությունները շատ անհատական բնույթ ունեն, հենց դրա համար էլ մեզ անհրաժեշտ է, որ օգտատերերը իրենք մեզ դրա մասին տեղեկացնեն։
Թե՛ Ինստագրամում և թե՛ Ֆեյսբուքում կարող ես ադմինիստրացիային տեղեկացնել (report) բուլիինգի մասին՝ առանց անունդ բացահայտելու։ Մեզ կարող ես տեղեկացնել, երբ բուլիինգի ենթարկվում ես անձամբ կամ եթե ընկերդ է ենթարկվում։ Ավելին կարող ես իմանալ՝ Ֆեյսբուքի աջակցման ու Ինստագրամի աջակցման կենտրոններ դիմելով։
Դու կարող ես նաև ընկերոջդ պատմել Ինստագրամի Սահմանափակումների էջի մասին, որը քեզ հնարավորություն է տալիս անմիջապես պաշտպանել էջդ՝ առանց նույնիսկ որևէ մեկին արգելափակելու (block)։
Թվիթեր
Մենք ակտիվացրել ենք համատեղ տեղեկացման մեր գործիքը, որ հնարավորություն է տալիս քեզ մեկ ուրիշի հետ համատեղ տեղեկացնել մեզ ոչ պատշաճ բովանդակության մասին։
Իսկ հիմա ստուգե՛ք ձեր գիտելիքները կիբերբուլիինգի վերաբերյալ:
5 հարցից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք։