Տուժող կամ վկա երեխայի հոգեվիճակի և նրա հետ հարցազրույցի վարման առանձնահատկությունները
Ուղեցույց ոստիկանների համար կյանքի բարդ վիճակում հայտված երեխաների հետ արդյունավետ և գրագետ հարցազրույց վարելու համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ուղեցույցը մշակվել է 2019-2020թթ.ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված «Վկա և զոհ երեխաների հոգեբանական առանձնահատկությունների, նրանց հետ հարցազրույցի վարման հմտությունների և կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որն ուղղված էր անչափահասների հետ աշխատող ոստիկանների հոգեբանական գիտելիքների և հմտությունների բարելավմանը։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են վերապատրաստման 6-օրյա ինտենսիվ դասընթացներ՝ շուրջ 78 ոստիկանի համար:
Դասընթացից հետո ներկայացված բոլոր նյութերը լրամշակվել են, խմբագրվել, որի արդյունքում ստեղծվել է այս ուղեցույցը, որը հավակնում է վերածվելու ոստիկանների սեղանի գրքույկի, քանի որ պարունակում է համապարփակ տեսական և գործնական տեղեկություններ նրանց առօրյա աշխատանքի ամենաբարդ մասի՝ երեխաների հարցաքննության կամ վերջիններիս հետ հարցազրույց վարելու վերաբերյալ:
Հետևելով ուղեցույցում տեղ գտած ուղղորդումներին և խորհուրդներին՝ ոստիկանը անպայման շոշափելի արդյունքների կհասնի ինչպես կյանքի բարդ իրավիճակում հայտնված երեխայի հոգեբանությունը հասկանալու ու նրա հետ գրագետ ու անվնաս հաղորդակցվելու առումով, այնպես էլ անհրաժեշտ տեղեկությունների ամբողջական հավաքման և սեփական գործառույթները արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:
Ուղեցույցը բաղկացած է երկու բաժնից. առաջինը ներառում է հիմնահարցերի տեսական վերլուծություն, իսկ երկրորդ բաժինն առավելապես նվիրված է երեխայի հետ հաղորդակցվելու և հարցազրույցի կառուցման գործնական քայլերին ու հմտություններին:
Երեխայի հարցաքննության (հարցազրույցի) կարևորագույն պայմանը նրա լավագույն շահի ապահովումն է, որի նշանակալից բաղադրիչը երեխայի հոգեվիճակը հաշվի առնելն է և նրա անձը հարգելը:
