Նախադպրոցական այլընտրանքային մոդելի ծախսարդյունավետությունը

Նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների մոդելի ներդրման վերաբերյալ ծախս-օգուտ վերլուծություն

Մարց գյուղում ապրող տղան և աղջիկը կանգնած են գյուղում նոր բացված նախադպրոցական կրթության կենտրոնի դիմաց:
UNICEF Armenia/2017/Margaryan

Կարևոր ակնարկներ

Կրթության իրավունքի իրացումը, կրթական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը հավասարապես կարևոր են նախադպրոցական և լրացուցիչ կրթության տիրույթներում, քանզի վերջիններս ձևավորում են զարգացման չընդատվող շղթա, որը սկսվում է անհատի վաղ մանկությունից և շարունակվում մինչև մասնագիտական որակավորումը: Երկրի կրթական համակարգի արդյունավետությունը պայմանավորված է ամբողջական, լիարժեք, արդյունավետ և շարունակական կրթական ծառայությունների մատուցմամբ:

Կրթական համակարգի կարևորագույն օղակը վաղ մանկական կրթությունն է, որի նպատակն է բարելավել 3-6 տարեկան երեխաների ճանաչողական, ֆիզիկական և սոցիալական զարգացումը:

Վաղ մանկական կրթության այլընտրանքային մոդելների ներդրումն առաջնահերթ նպատակ է Հայաստանում, մասնավորապես՝ հեռավոր համայնքներում, որտեղ ինչպես երեխաների թվաքանակը, այնպես էլ համայնքների բյուջեների միջոցները բավարար չեն ավանդական մանկապարտեզներ գործարկելու համար: Նախադպրոցական կրթությունում երեխաների ընդգրկվածության ցածր մակարդակը գլխավորապես պայմանավորված է հատկապես գյուղական համայնքներում նախադպրոցական կրթական հաստատությունների բացակայությամբ:

Որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ունենա ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր գյուղական բնակավայրերի համար մշակել է վաղ մանկական կրթության այլընտրանքային ծառայությունների մոդել, որը հետագայում ադապտացվել է համայնքների խոշորացման համատեքստին: Այս մոդելը հիմնված է միջազգային հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որոնց երեխայի արդյունավետ կրթության գրավականը կրթության տևողությունն է, այլ ոչ թե՝ ինտենսիվությունը: Ավելին, վաղ մանկական հասակում իրականացված որակյալ միջամտությունները փոքրածավալ ներդրումներ են, որոնք հետագայում դրական արդյունքներ են գրանցում երեխայի, ընտանիքի, հասարակության և տնտեսության համար և հատկապես ավելի արդյունավետ են ռիսկի ենթարկված երեխաների համար:

Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների ներկայացվող մոդելը ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձարկել է Լոռու և Սյունիքի մարզերի 12 բնակավայրերում՝ 2014-2017 թվականների ընթացքում՝ հաշվի առնելով Հայաստանի վարչատարածքային կառուցվածքի բնորոշ առանձնահատկությունը փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքներում: Այս մոտեցումն առավել արդյունավետ է տարածքի, ժամանակի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների ծախսման տեսանկյունից, մասնավորապես հեռավոր և ոչ խիտ բնակեցված համայնքներում: Այն նաև նպաստում է երեխայի կրթության իրավունքի հավասար իրացմանը:

Մոդելի ծախս-արդյունավետության այս վերլուծությունը կարող է լավ հիմք հանդիսանալ մոդելի հետագա ընդլայնման և յուրաքանչյուր երեխային վաղ մանկական ուսումնառությունը հասանելի դարձնելու համար:

Մանկապարտեզում երկու տղա և մեկ աղջիկ նստած են նստարանին:
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն